Որ դեպքում ՀՅԴ-ն կոալիցիա կկազմի իշխանությունների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադարձավ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին լուրերին:

«Երբ որ Դաշնակցությունը կոալիցիայի մեջ է լինում, ասում են լուրեր են պտտվում, թե դուրս եք գալիս, դուրս ենք գալիս, ասում են, որ մտնելու եք», – նշեց նա` հավելելով, որ այս բնույթի հարցեր իրենց վերջերս ավելի հաճախ են տալիս, սակայն ընդգծեց, որ բոլորին է հայտնի ՀՅԴ-ի դիրքորոշումը:

«ՀՅԴ-ն գաղափարական հենքի վրա գործող կուսակցություն է, չի կարող որևէ ալիանսի մեջ լինել, որտեղ իր քաղաքական մոտեցումները չեն հարգվում: Մենք յոթ կետ ենք հրապարակել, այդ կետերի մասին վաղուց ենք խոսում, սակայն չենք հասել դրա լուծմանը: Այդ յոթ կետերով է պայմանավորված ՀՅԴ-ն կլինի այստեղ, թե այնտեղ», – հայտնեց նա:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ այժմ մի իրավիճակ է ստեղծվել, որ իրենց կողմից հրապարակված յոթ կետերի լուծումը քիչ-քիչ լինում է: Որպես օրինակ` նա նշեց, որ հետ են կանչվել հայ-թուրքական արձանագրությունները, խոսվում է բիզնեսն իշխանությունից տարանջատելու անհրաժեշտության, խորհրդարանական կառավարման մասին: Պատգամավորն ընդգծեց, որ սա իրենց վաղուց արձանագրած պահանջներն են:

Այն հարցին, թե յոթ կետերի կատարման դեպքում, պատրա՞ստ են մտնել կոալիցիա, Ռուստամյանը հայտարարեց. «Այո, կմտնենք և ավելի կարագացնենք այդ գործողությունները»:




Լրահոս