ԱԺ–ում կցուցադրվեն Իրաքում եզդիների նկատմամբ բռնությունները պատկերող լուսանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հրավերով մարտի 27-ին Ազգային ժողով էին այցելել Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչներ Ազիզ Թամոյանը, Բորիս Թամոյանը, Համլետ Սմոյանը, Զուզան Խուբոյանը, Ռուստամ Բաքոյանը, Մամե Ամիրյանը, Գառնիկ Ասատրյանը, Ռզգան Շամոյանը, Ամո Շարոյանը, Խդր Թամոյանը և Ռաշիդ Շամոյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։

Հանդիպման թեման տարբեր ազգերի նկատմամբ իրականացված ոճրագործությունների դատապարտման հարցն էր:

ԱԺ փոխնախագահը մեկ անգամ ևս դատապարտել է ամիսներ առաջ Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ իրականացված բռնությունները և հիշեցրել, որ այդ մասին իր ելույթում ՄԱԿ-ի բարձր ամբիոնից խոսել և տեղի ունեցած բռնությունները դատապարտել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիպմանը, մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ իրականացված բռնությունները պատկերող վավերագրերի, հոդվածների և լուսանկարների ցուցադրություն: Միաժամանակ տեղի կունենա գրքի շնորհանդես, որի տպագրությունն իրականացվել է շնորհիվ ՀՀ Նախագահի կողմից տրված դրամաշնորհի: Նշենք, որ գիրքը փաստարկված ներկայացնում է Հյուսիսային Իրաքում ամիսներ առաջ տեղի ունեցած բռնությունները:

Քննարկվել է նաև Օսմանյան Թուրքիայում եզդիների նկատմամբ իրականացված բռնությունների վերաբերյալ հարցը: ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ առաջիկա հուլիսին Երևանում տեղի է ունենալու «Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի» նիստը: Նա եզդիական համայնքի անդամներին առաջարկել է ունեցած փաստերը ներկայացնել այդ կառույցի քննարկմանը:

Հյուրերից Բորիս Թամոյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, տեղեկացրել է, որ այսօր արդեն հավաքված են բազմաթիվ փաստավավերագրական նյութեր, որոնք ներկայացնում են Օսմանյան կայսրությունում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված բռնությունները:

ԱԺ փոխնախագահն առաջարկել է ստեղծել խումբ, որը կշարունակի հավաքել նյութեր և կներկայացնի «Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիային»:




Լրահոս