Գագիկ Ծառուկյանն իր նախկին թիմին թողեց բախտի քմահաճույքին և գնաց Դուբայ` հանգստանալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 23-ին ԲՀԿ նորընտիր ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցությունը գործելու է որպես ընդդիմադիր ուժ: Իսկ խմբակցության անդամները հայտարարում են` իրենք հանդես են գալու որպես կառուցողական ընդդիմություն:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այժմ  ունի նոր ղեկավար՝ Նաիրա Զոհրաբյան և նոր քարտուղար՝ Վահե Էնֆիաջյան: Փոխվել է նաև կուսակցության մամուլի խոսնակը` Վահան Բաբայան:

Մինչ այս 36 պատգամավորից շատերը խմբակցությունից կամ կուսակցությունից դուրս գալու մասին դիմումներ էին ներկայացրել: Խմբակցությունից դուրս եկած պատգամավորները 3-ն են, ովքեր ընտրվել են մեծամասնական կարգով` Գրիգորի Մարգարյան, Մուշեղ Պետոյան, Դավիթ Քոչարյան, իսկ կուսակցությունից դուրս եկածները՝ 12-ը:

ԲՀԿ-ից վերջինը դուրս եկած պատգամավորը կուսակցության նախկին մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն է: Նրա` կուսակցությունից դուրս գալու մասին վաղուց էր խոսվում: Պատգամավորը նույնիսկ արդեն ստեղծել է կազմակերպություն՝ «Քաղաքացիական շտաբ» անվանումով, և մտադիր է հետագայում ակտիվ գործունեություն ծավալել:

ԲՀԿ խմբակցությունում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Գագիկ Ծառուկյանի հետ կապված: Ինչպես հայտնի է, նա հրաժարվել է կուսակցության նախագահի պաշտոնից, նաև` խմբակցության ղեկավարի պաշտոնից, սակայն դե ֆակտո հանդիսանում է խմբակցության անդամ և պատգամավոր:

Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի 14-րդ հոդվածի` պատգամավորը խմբակցությունից դուրս գալու մասին դիմում է գրում խմբակցության ղեկավարին, սակայն Նաիրա Զոհրաբյանը նման դիմում չի ստացել: Այդպիսի դիմում չի ստացել նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով ժամանակին սկսել էր  Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթաց:

Նշենք, որ այս գործընթացը սկսվեց դեռ մեկ ամիս առաջ՝ փետրվարի 12-ին,  երբ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանը, կարծես, արշավ սկսեց ԲՀԿ նախկին առաջնորդի դեմ: «2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը», – նշել էր ՀՀ նախագահը:

Այս հայտարարությունից անմիջապես հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սկսեց ստուգել Ծառուկյանի ներկայացրած տեղեկանքների իսկությունը։ Փետրվարի 25-ին նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրավական տեսանկյունից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բացակայություններն անհարգելի են:  Սակայն օրեր անց, երբ ամեն ինչ արդեն հանդարտվեց, փոխվեցին նաև Գալուստ Սահակյանի խոսքերը, և նա հայտարարեց, թե չի ցանկանում մանդատից զրկելու նախադեպ ստեղծել:

Մարտի 20-ին Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ  լրացուցիչ պարզաբանում է ստացել։ «Մեկնաբանությունը հետևյալն էր, որ ինքը իմացել է, որ գրությամբ իր բացակայությունները հարգելի են, ինչն իրողություն է, և այս պահին չի կարող փաստաթղթեր ներկայացնել, քանի որ խնդիրը նրանում է, որ բացակայությունները հարգելի են համարվել»,- նշել էր նա:

Այսպիսով` Գագիկ Ծառուկյանի բացակաների խնդիրը բարեհաջող լուծվեց և ԱԺ նախագահն այն հարգելի համարեց, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ այս ամենից հետո ընտանիքի անդամների հետ իր հանգիստն է անկացնում Դուբայում` նախկին թիմին թողնելով բախտի քմահաճույքին:




Լրահոս