Ռուսաստանում հայերին արգելված է անմաքս առևտուրը. ԵՏՄ-ն այդպես էլ դրական արդյունք չտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարեսկզբից Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է ԵՏՄ-ին: Սակայն մինչ օրս այդ անդամակցության արդյունքում Հայաստանն այդպես էլ ոչ մի դրական արդյունք չի արձանագրել: Փոխարենը օր օրի բացահայտվում են ԵՏՄ-ին անդամակցության բացասական հետեւանքները: Հիմա էլ պարզվում է` ՀՀ քաղաքացիներին արգելվում է Ռուսաստանի Դաշնության օդանավակայանների անմաքս գոտիներից՝ «Դյութի ֆրի» խանութներից, առեւտուր անել:

Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանի Դաշնության օդանավակայաններում անմաքս գոտիներ կան, որոնք հասարակությանն ավելի հայտնի են «Դյութի ֆրի» կամ «Դյու ֆրի» անուններով: Եւ արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիներից դժգոհություններ է ստանում այն մասին, որ Մոսկվայից Հայաստան ժամանող ուղեւորներին Մոսկվայի օդանավակայաններում գործող «Դյու ֆրի» խանութներում հրաժարվում են ապրանք վաճառել: Այս խնդիրը սկսվել է 2015 թվականի հունվարի 1-ից, երբ Հայաստանն անդամակցեց ԵՏՄ-ին: «Ժողովուրդ»-ին ահազանգած քաղաքացիները փոխանցեցին, որ Մոսկվայի օդանավակայաններում գործող «Դյու ֆրի»-ի աշխատակիցները իրենց ապրանք չվաճառելը պատճառաբանել են նրանով, որ Հայաստանը գտնվում է ԵՏՄ միասնական տարածքում՝ միասնական մաքսային գոտում, ինչի արդյունքում էլ ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել «Դյութի ֆրի»-ի համար նախատեսված մաքսային արտոնությունից:

Նշենք, որ Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի քաղաքացիներին ԵՏՄ երկրներ մեկնելիս նույնպես չի թույլատրվում օգտվել անմաքս գոտիների ծառայությունից:
«Ժողովուրդ»-ը «Զվարթնոց» օդանավակայանում գործող «Դյու ֆրի»-ից տեղեկացավ, որ Հայաստանից ԵՏՄ երկրներ մեկնող մեր քաղաքացիները կարող են գնումներ կատարել, քանի որ ԵՏՄ անդամ երկրներից միայն ՀՀ-ի համար է բացառություն արվել: Տեղեկացնենք, որ ԵՏՄ պայմանագրի 3-րդ հավելվածի 27-րդ կետով ամրագրված է, որ ՀՀ-ում գտնվող անմաքս առեւտրի խանութներն իրավունք ունեն շարունակելու վաճառել, այդ թվում՝ ԵՏՄ ուղղություններով:

«ԵՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանում է թույլատրվում ԵՏՄ կամ այլ ուղղությամբ մեկնելիս եւ ժամանելիս գնումներ կատարել: Կան նաեւ սահմանափակումներ, որոնք առաջադրվում են ԵՏՄ երկրների մաքսային կոդեքսի կողմից: Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ այդ սահմանափակումները գործում են»,- ասաց «Դյու ֆրի»-ի կոմերցիոն տնօրեն Անդրանիկ Մարտիրոսյանը: Նրանից տեղեկացանք նաեւ, որ սահմանափակումներ կան հատկապես ալկոհոլային խմիչքների, ծխախոտի եւ մի քանի այլ՝ ենթաակցիզային ապրանքների վրա: Օրինակ` չի թույլատրվում 3 լիտրից ավել ալկոհոլ գնել:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը գրավոր դիմեց նաեւ Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայություն, որտեղից ի պատասխան՝ փոխանցեցին հետեւյալը. «Ռուսաստանի օդանավակայանների միջազգային սեկտորով Հայաստան մեկնող անձանց համար անմաքս առեւտրի խանութներում ապրանքների վաճառք չի իրականացվում: Նման կարգ գործում է նաեւ Բելառուսի ու Ղազախստանի հանրապետություններ մեկնող ուղեւորների համար: Մաքսային միության մաքսային օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն՝ անմաքս առեւտուրը այնպիսի մաքսային գործընթաց է, որի ժամանակ ապրանքների մանրածախ վաճառք է իրականացվում անմաքս առեւտրի խանութներում այն ֆիզիկական անձանց համար, ովքեր մեկնում են Մաքսային միության մաքսային տարածքից՝ առանց մաքսային տուրքերի ու հարկերի վճարման, ինչպես նաեւ՝ նրանց հանդեպ չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցները»:

Ռուսաստանի ԴՄԾ մամլո ծառայության ղեկավար Դմիտրի Կոտիկովի կողմից «Ժողովուրդ»-ին հասցեագրված պարզաբանման մեջ նշված է նաեւ, որ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո ենթադրվում է ՀՀ անդամակցությունը միջազգային պայմանագրերին, որոնք կնքվել են Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի իրավական բազայի ձեւավորման շրջանակում:

«Մաքսային միության մաքսային սահմանադրությունը ենթադրում է զգալի դյուրացումներ մաքսային տարածքի ներսում մաքսային միության ապրանքների տեղաշարժի համար: Սրա հետ մեկտեղ սահմանային վերահսկողությունը պահպանվում է Միության անդամ երկրների այն քաղաքացիների հանդեպ, որոնք թռչում են Հայաստանից Ռուսաստան ու հակառակը: Այն կարող է իրականացվել օդանավակայանների միջազգային սեկտորում այն դեպքում, երբ նման վերահսկողությունը հնարավոր չէ իրականացնել ներքին սեկտորում, ընդ որում, միջազգային սեկտորում նման վերահսկողության համար առանձին ուղղություններ են հատկացվում»,- նշված է Ռուսաստանի ԴՄԾ մամլո ծառայության ղեկավար Դմիտրի Կոտիկովի պատասխանի մեջ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս