ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՂՋ Է ՄՆԱՑԵԼ
Ավստրալիայում 17-ամյա դեռահասը ողջ է մնացել աշխարհի ամենաթունավոր օձի խայթոցից հետո: Տայպանները, որոնք դասվում են ափամերձ եւ ներմայրցամաքային սողունների դասին, համարվում են աշխարհի ամենաթունավոր արարածներից մեկը: Տայպանի թույնի 1 կաթիլը կարող է 100 մարդ սպանել: Ավստրալացի բժիշկների կարծիքով` տղային փրկել է միայն այն, որ նա շատ արագ բուժօգնություն է ստացել: Մարդու կյանքը թունավորումից փրկելու ամենակարեւոր պայմանը հակաթույնի անհապաղ կիրառումն է: Ներկայում տղան գտնվում է ծանր վիճակում, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում:

ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ՉՈՒՆԻ
Շվեդիայում չորսամյա տղան գողացել է իր մոր մեքենան: Երբ մայրը քնած է եղել, երեխան վերցրել է մեքենայի բանալիները, դուրս եկել փողոց, նստել մեքենան եւ շարժի գցել այն: Տղան գնացել է մոտ 500 մետր, կատարել երեք շրջադարձ, ապա բախվել բեռնատար մեքենայի: Բարեբախտաբար, վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ոստիկանները տղային տուն են վերադարձրել: Կինը հայտարարել է, որ իր երեխան նախկինում երբեք մեքենա չի վարել, եւ ինքը պատկերացում անգամ չունի, թե ինչպես է երեխային հաջողվել վարել մեքենան: Ոստիկանությունը որեւէ պատժամիջոց չի կիրառել մոր կամ երեխայի հանդեպ:

ՕԳՏԱԿԱՐ Է
Գիտնականներն ուսումնասիրել են կարմիր գինու եւ օղու ազդեցությունը բարձր խոլեստերին ունեցող խոզերի վրա: Նրանք հայտնաբերել են, որ այն խոզերը, որոնց գինի է տրվել, ավելի առողջ են դարձել: Հետազոտությանը մասնակցել է խոզերի 3 խումբ, որոնց կերակրել են ճարպերի բարձր պարունակությամբ սնունդով: Մի խմբին պարզապես կերակրել են, երկրորդ խմբի սննդակարգին ավելացրել կարմիր գինի, իսկ երրորդ խմբին՝ օղի: Պարզվել է, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը նվազեցնում է կենդանիների մոտ սրտանոթային հիվանդությունների ռիսկը, իսկ կարմիր գինին ապահովում է օրգանիզմի բարձր պաշտպանությունը՝ շնորհիվ իր հակաօքսիդանտ նյութերի:

ԾԱՂԿԱՄԱՆՆԵՐԻ ՄԵՋ
Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, որը սպանել է իր 5 երեխաներին տարբեր տարիների եւ նրանց թաղել ծաղկամանների մեջ` իր ծնողների տան այգում: Գերմանիայի Ֆլենսբուրգ քաղաքի 28-ամյա բնակչուհին ընդունել է, որ սպանել է իր 2 նորածին երեխաներին: Նրանց մարմինները հայտնաբերվել են 2006-ին եւ 2007-ին: Նրա հանդեպ 5 սպանության մեղադրանք է հարուցվել, քանի որ ոստիկանությունը նրան կասկածում է եւս 3 երեխաների սպանության մեջ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս