Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպում պահանջող ցուցարարները վճռական են տրամադրված. նրանք սպառնում են նստացույց անել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր վաղ առավոտից Կառավարության շենքի առջև են հավաքվել 33 թաղամասի բնակիչները, ովքեր պահանջում են հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Պատճառը դեռևս 2007 թվականին իրականացված բնակարանների քանդումն է բիզնես նպատակով: Այդ ժամանակ բնակիչներին խոստացել էին, որ իրենց քանդված բնակարանների փոխարեն կտրվեն նորերը, սակայն անցել է արդեն 8 տարի և ոչ մի արդյունք չկա:

Armlur.am-ի հետ զրույցում հավաքված բնակիչներից մի քանիսը նշեցին, որ պատրաստ են գոնե գումարը վերցնել և բնակարան գնել, սակայն իրենց որևէ հստակ պատասխան չի տրվում. «Թող թեկուզ 5 հարկանի սարքեն, մեղկ են մարդիկ, ինչքա՞ն կարելի է ստել, տանել-բերել: Գնում ենք Տարոն Մարգարյանի մոտ, ասում ա` դա իմ խնդիրը չէ, ես ձեզ չեմ կարա օգնեմ: Բա դա ասելու բան ա՞, քաղաքապետ մարդ ա, Կենտրոնում բնակվող 100-ից ավելի ընտանիք դրսում ա մնացել: Բա դու քաղաքապետ մարդ ես, չե՞ս ուզում իմանաս` ինչ ա լինելու քո քաղաքացու հետ»:

Վրդովված բնակիչները ցանկություն չհայտնեցին խոսել նաև Կառավարության աշխատակից Հայկ Դավթյանի հետ` ասելով, որ իրենց հարցը անձամբ վարչապետի հետ: «Դուք ինչո՞ւ եք նման պատասխանատվություն վերցնում Ձեզ վրա: Ինչո՞ւ եք իջել, մեր հարցը վարչապետի հետ է: Թողե´ք գնացե´ք»,- ասացին բնակիչները, ինչին ի պատասխան Դավթյանն ասաց. «Իջնի` ի՞նչ անի վարչապետը: Նույն բանն էլ ինքը պիտի ասի: Որքան հնարավոր է եղել, աշխատել են, կառուցել են: Հիմա գրավից հանվել է, մնացած մասն էլ առաջիկայում կտրամադրվի»: Այս պատասխանը չգոհացրեց բնակիչներին: Վերջիններիս խոսքով, կառուցված շենքը, կրկին քանդվել է, չի շահագործվում:

Բանավեճից քիչ անց բնակիչները փակեցին փողոցը, ապա ոստիկանական ուժերի միջամտությամբ այն կրկին բացվեց: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնեց ցուցարարներին, որ քիչ անց Կառավարությունից համապատասխան աշխատակիցը կիջնի և կզրուցի նրանց հետ: Իսկ համապատասխան աշխատակիցը, պարզվեց, ինչպես միշտ Նամակների բաժնի պատասխանատու Ալեքսանդր Ղազարյանն էր, ում հետ ևս խաբված բնակիչները խոսել չցանկացան:

Բնակիչները սպառնում են նստացույց անել, մնալ Կառավարության շենքի առջև այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետն իրենց հետ չի հանդիպել:

Բողոքի ակցիան շարունակվում է:




Լրահոս