Իլհամ Ալիևը իր թիմին ցույց է տալիս, որ պաշտոնական Մոսկվան ամենևին էլ Հայաստանի պաշտպանը չէ. ինչու Ադրբեջանը կրկին ակտիվացավ սահմանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին՝ ուշ երեկոյան, հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական դիրքերի ողջ երկայնքով մեկ հակառակորդը գնդակոծում եւ հրետանակոծում է սահմանամերձ հայկական գյուղերը: Դեռեւս կեսգիշերին արդեն հայտնի էր, որ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրազենից բացի՝ օգտագործել էր նաեւ հրետանի, ինչի արդյունքում սահմանամերձ գյուղերում բազմաթիվ տներ էին վնասվել: Իսկ արդեն առավոտյան հայտնի դարձավ, որ գնդակոծությունների եւ հրետանակոծումների արդյունքում զոհվել է 1975 թվականին ծնված, պայմանագրային զինծառայող Հայկ Կառլենի Թեւոյանը, իսկ Կոթի գյուղի բնակիչներ, մայր եւ որդի Նազիկ Պետրոսյանն ու Ռազմիկ Թումանյանը վիրավորվել էին: Հասկանալի է, որ գնդակոծված եւ հրետանակոծված գյուղերի բնակիչները նախօրեից ահաբեկված վիճակում են:

Ուստի այս տեսանկյունից ուշագրավ էր, թե ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն ինչ քայլեր կձեռնարկեն՝ մարդկանց հանգստացնելու եւ քաջալերելու համար, որպեսզի առանց այն էլ կիսադատարկված գյուղերի բնակիչները կրկին չորոշեն իրենց բնակավայրերը լքել: Սակայն օրն անցավ, իսկ պաշտոնական աղբյուրները լռում էին: Կարելի էր կարծել, որ նախօրեին տեղի ունեցածը հրադադարի խախտման սովորական դեպք է եղել: Բայց, դե, մյուս կողմից էլ, հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ պաշտոնյաների մեծ մասը տարբեր ձեւերով բանակից «փախած» անձինք են, ուստի նրանցից վերաբերմունքը լիարժեք սպասելի էր: Այսօր-վաղը, եթե արդեն համոզվեն, որ այլեւս չեն կրակում, կրկին սահման գնացող պաշտոնյաների հերթեր կկուտակվեն:

Հ. Գ. Այնուամենայնիվ, բոլորի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Ադրբեջանը էլի սկսեց ակտիվանալ: Պատճառը, թերեւս, պարզ է՝ նախագահ Իլհամ Ալիեւը փորձում է իր թիմին ցույց տալ, որ պաշտոնական Մոսկվան ամենեւին էլ Հայաստանի պաշտպանը չէ, եւ Ադրբեջանը կարող է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքվում գտնվելու օրերին գնդակոծել Հայաստանը: Բացի այդ՝ իրականում Ալիեւն իր իշխանությունը երկարաձգելու որեւէ այլ շանս չունի, քան պատերազմ հրահրելը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս