Երաշխավոր լինելու հետեւանքը. ՀՀԿ-ական պատգամավորը հայտնվել է դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Սադոյանի գործերը այնքան էլ լավ չեն: Բանն այն, որ «Ամերիա» բանկը արդեն երկրորդ դատական հայց է ներկայացրել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի խնամու դեմ:

Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռեւս 2015 թվականի ապրիլի 21-ին «Ամերիա» բանկ ՓԲԸ-ն դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Նավթ Ինվեստ» ՍՊԸ-ից, ինչպես նաեւ «Ունիկո» ՍՊԸ-ից, ինչպես նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանից բռնագանձել շուրջ 1,5 միլիարդ դրամ:

Ինչպես նկատում եք՝ «Ամերիա» բանկը այսքանով չի սահմանափակվել: Տեղեկացանք, որ ապրիլի 22-ին բանկը միջնորդություն է ներկայացրել դատարան գործով պատասխանողների գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչը գործը նախագահող դատավոր Գագիկ Խանդանյանը մերժել է: Հիշեցնենք, որ Գագիկ Խանդանյանը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի խնամին է, իսկ Բեգլարյանը Ռուբեն Սադոյանի հովանավորն է, նրանց միջեւ կա նաեւ քավոր-սանիկական կապ:

Ինչեւէ, թեեւ դատավոր Գագիկ Խանդանյանը պատգամավորի գույքն ու դրամական միջոցները կալանքից փրկել է, ապա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանը չի գնացել այդ քայլին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Ամերիա» բանկն այս մեկ դատական հայցով չի բավարարվել եւ 2015 թվականի մայիսի 22-ին կրկին դիմել է 1-ին ատյանի դատարան՝ հերթական անգամ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանից, «Սաֆիռ» ՍՊԸ-ից, «Նավթ Ինվեստ» ՍՊԸ-ից պահանջելով գանձել 83 միլիոն դրամ:
Նկատենք, որ հերթական անգամ «Ամերիա» բանկը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի պատգամավորի եւ ընկերությունների դրամական միջոցների վրա արգելանք դրվի: Եւ գերծը նախագահող դատավոր Հայարփի Զարգարյանը բանկի միջնորդությունը բավարարել է մասնակի:

Նկատենք, որ Ռուբեն Սադոյանը միակ ՀՀԿ-ական պատգամավորը չէ, որ ֆինանսական խնդիրների պատճառով հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին, սնանկ է ճանաչվել: Ու մինչ ընկերության սեփականատերերը փորձում են ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումներ գտնել, նոր դատական հայցեր են Աղաբաբյանի դեմ ներկայացվում:
Ավելին՝ գրել էինք, որ մեկ այլ ՀՀԿ-ական Սպարտակ Մելիքյանն էլ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 6 միլիոն 520 հազար դրամի համար սնանկ էր ճանաչվել: Ավելին՝ նրան պատկանող 13 անուն անշարժ գույքի վրա, որոնցից 9-ը գտնվում են Երեւանում, կալանքի տակ են:

Իսկ ինչ ճակատագիր է սպասվում Ռուբեն Սադոյանին, արդյո՞ք վերջինիս էլ իր ՀՀԿ-ական գործընկերների նման սնանկություն է սպառնում: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով փորձեցինք զրուցել Ռուբեն Սադոյանի հետ: Ըստ պատգամավորի` ինքը նշված ընկերություններին երաշխավոր է կանգնել, ինչ պատճառով էլ դատարանում է հայտնվել. «Իմ ընկերոջ ընկերությունն է եղել, ես էլ երաշխավոր եմ այդտեղ… այլ բան չկա: Ինչքան գիտեմ՝ արդեն այս հարցով պայմանավորվածություն կա, որ խնդիրը լուծվի»:

Անդրադառնալով այն հարցին, որ արդյո՞ք իր ՀՀԿ-ական գործընկերների նման իրեն եւս սնանկությունը չի սպառնում, պատգամավորը պատասխանեց. «Մի՛ անհանգստացեք, ինձ սնանկությունը չի սպառնում»:

Քնար Մանուկյան




Լրահոս