Հակառակորդի սահմանում հայտնված զինծառայողը կվերադարձվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 22-ին ղարաբաղա-արդբեջանական սահմանը հատած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի ծնողներին Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակն օրերս նամակ է փոխանցել: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Անդրանիկի քրոջ ամուսինը` Արմեն Հարությունյանը: Վերջինիս փոխանցմամբ` Անդրանիկը նամակում գրել է, որ իր մոտ ամեն ինչ կարգին է, անհամբեր սպասում է՝ երբ է տանը լինելու. «Հիմա էնտեղ նկարչությամբ է զբաղվում: Նախորդ անգամ Անդրանիկի լուսանկարներից փոխանցեցին, տեսքը վատ չէր: Բայց զգացվում էր, որ մի տեսակ իրեն նման չէր, տխուր էր, շիվարած»:

Արմեն Հարությունյանը հայտնեց նաև, որ Կարմիր խաչը պարբերաբար իրենց հետ կապ է հաստատում, հայտնում Անդրանիկի որպիսության մասին: Սակայն հայրենադարձության մասին դեռևս հստակ չեն խոսում. «Ասում են, որ հույսեր, շանսեր կան, ուղղակի մի քիչ ժամանակ է պետք: Թե կոնկրետ երբ կուղարկեն Հայաստան, դեռ պարզ չի: Եթե փոխանակման հարց լիներ, հնարավոր կլիներ էդ հարցը արագ լուծել: Բայց ո՞ւմ հետ փոխանակեն»:

Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ մինչ այժմ Անդրանիկը բոլոր նամակներում գրել է, որ ցանկանում է վերադառնալ հայրենիք, չի հասկանում ու չի հիշում՝ ինչպես է այնտեղ հայտնվել:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Դեպքից անմիջապես հետո ադրբեջանական կողմը տեսանյութ տարածեց` դրանով հայտարարելով, թե Անդրանիկն իր կամքով է հայտնվել իր սահմանում:

Իսկ ԼՂՀ ՊԲ-ն պաշտոնապես հերքեց այդ տեսանյութի հավաստի լինելը` դա որակելով Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությունը:




Լրահոս