«Չգիտեմ` ինչպես եմ հայտնվել այստեղ». հակառակորդի սահմանում հայտնված զինծառայողի հարազատների մոտ նոր կասկածներ են ի հայտ եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 22-ին ղարաբաղա-արդբեջանական սահմանը հատած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի ծնողներին Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը նամակ է փոխանցել: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Անդրանիկի քրոջ ամուսինը` Արմեն Հարությունյանը: Վերջինիս փոխանցմամբ` Անդրանիկը նամակում գրել է, որ չգիտի` ինչպես է հայտնվել հակառակորդի սահմանում, իսկ նրա հարազատների մոտ չփարատված կարծիքներ կան, որ նրան տարել են. «Մեզ մոտ նման տպավորություն կա, որ Անդրանիկին տարել են, ոչ թե նա է գնացել: Իսկ եթե անգամ նա իր ոտքով է գնացել, ապա հաստատ կարող ենք ասել, որ իր կամքով չի եղել: Ինչ-որ մութ բան կա, որ դեռ չի բացահայտվել, որովհետև Անդրանիկն իր բոլոր նամակներում գրում է, որ փոշմանել է, ուզում է շուտ տուն վերադառնալ: Իսկ երրորդ երկրի մասին մի խոսք էլ չի ասում»:

Մեր զրուցակցի խոսքով` ԿԽՄԿ ներկայացուցիչներն Անդրանիկի` իրենց կողմից արված լուսանկարներից են փոխանցել, որում նա այնքան էլ վատ տեսք չունի. «Չէի ասի, որ շատ նիհարել է: Կարմիր խաչից ասեցին, որ նրանց հսկողության տակ է գտնվում: Անդրանիկը նամակներում հիմնականում մեզնից է հարցնում, վար ու ցանքից է հարցնում: Հարցնում է` ինչ ենք հասցրել անել, ոնց ենք արել: Հարազատներն էլ են նամակ փոխանցել մոտ երկու շաբաթ առաջ: Ուղղակի մեզ չեն ասում` ինչ են պարզել, էս խնդիրը երբ կլուծվի»:

Արմեն Հարությունյանը հայտնեց նաև, որ հայ պայմանագրային զինծառայողի ծնողները որևէ կերպ ուշքի գալ չեն կարողանում: Նրանք ևս չեն հավատում, որ Անդրանիկն իր կամքով և անսպասելի կերպով կարող էր նման քայլի գնալ:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում,  հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:

Դեպքից անմիջապես հետո ադրբեջանական կողմը տեսանյութ տարածեց` դրանով հայտարարելով, թե Անդրանիկն իր կամքով է հայտնվել իր սահմանում: Իսկ ԼՂՀ ՊԲ-ն պաշտոնապես հերքեց այդ տեսանյութի հավաստի լինելը` դա համարելով Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությունը:




Լրահոս