Դիլիջանցիները եկեղեցի կունենան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 30-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Տավուշի թեմի Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ կառուցվելիք եկեղեցու հողօրհնեքի հանդիսավոր արարողությունը:

Եկեղեցին կառուցվելու է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, Դիլիջանի քաղաքապետարանի, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի, ինչպես նաև «Դիլիջանի զարգացման հիմնադրամ»-ի համատեղ ջանքերով: Եկեղեցաշինական ծրագրի իրականացման բարերարներն են Ռուբեն Վարդանյանը, Գագիկ Ադիբեկյանը, Մաքսիմ Աթայանցը և Արմեն Կարապետյանը:

Դիլիջանում Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեցին աղուհացի ավանդական արարողությամբ: Ապա խոսքով հողօրհնեքի մասնակիցներին դիմեցին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը և «Դիլիջանի զարգացման հիմնադրամ»-ի ղեկավար Արթուր Հակոբյանը:

Նրանց ելույթից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսին ողջունեց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը` օրհնաբեր այցելության համար շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը: Սրբազանն ուրախություն հայտնեց, որ Դիլիջան քաղաքը պատմական երկար ընդմիջումից հետո զարդարվելու է նոր աղոթատնով:

Այնուհետև Դիլիջան քաղաքի եկեղեցու կառուցման վայրում կատարվեց հողօրհնեքի արարողությունը: Նորին Սրբության գլխավորությամբ հոգևորականաց դասն աղոթեց կառուցվելիք եկեղեցու անսասանության և պայծառության համար:

Սրբազան արարողության ավարտին, իր հայրապետական պատգամը ներկաներին ուղղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Հոգու բերկրանոք այսօր կատարեցինք հողօրհնեքի արարողությունը Դիլիջանում կառուցվելիք եկեղեցու: Դարեր շարունակ Հայաստանի բոլոր բնակավայրերում եկեղեցական կառույցներ, աղոթավայրեր են հիմնվել մեր բարեպաշտ հայրերի ջանքերով՝ հավատացյալ հայորդիներին հոգատարություն և հոգևոր խնամք ցուցաբերելու, Աստծո հետ հաղորդակցությունը մշտարթուն ու կենդանի պահելու համար», – ասաց Հայոց Հայրապետը` փառք վերառաքելով Աստծուն, որ կյանքի է կոչվում Դիլիջանի եկեղեցու երկար սպասված կառուցումը:

Նորին Սրբությունը նշեց, որ կառուցվելիք եկեղեցին աստվածային երկնառաք նոր օրհնություն պիտի բերի Դիլիջանի բնակիչներին և պիտի պայծառազարդի նրանց հոգևոր-եկեղեցական կյանքը:

Անդրադառնալով մարդկային կյանքում եկեղեցու  կարևոր առաքելությանը` Վեհափառ Հայրապետը հավելեց. «Եկեղեցին հուշարարն է մեր առաքելության՝ ապրելու Բարձրյալի կամքի ու պատվիրանների համաձայն, հեռու մնալու մեղքից ու չարիքից, ազգային-եկեղեցական մեր անդաստանում առատացնելու հայրենաշեն ու ազգաշեն աստվածահաճո ձեռնարկումները:

Աստծո և Եկեղեցու հանդեպ հավատքի ամրությունը գրավականն է եղել և շարունակելու է լինել մեր ժողովրդի գոյատևման ու առաջընթացի, նոր ձեռքբերումների ամրագրման և հայոց լուսավոր, նոր գալիքի կերտման»:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց եկեղեցու բարերարներին, որոնց ազնիվ ջանքերով բազում ազգօգուտ ծրագրեր են իրագործվում: Նորին Սրբությունն իր մասնավոր գնահատանքը փոխանցեց Մայր Աթոռի բարերար, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ տիար Ռուբեն Վարդանյանին, ով մշտապես բարի ձեռնարկումներով աջակցում է Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելության արգասավոր իրականացմանը: Վեհափառն ընդգծեց, որ Ռուբեն Վարդանյանի անվան հետ են կապված ազգանվեր ու եկեղեցաշեն մի շարք ձեռնարկումներ` Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնումը, Վրաստանի Սուրբ Գևորգ եկեղեցու նորոգումը, Տաթևի բարեկարգումը, Ցեղասպանության 100-րդ տարելիցին մեկնարկած «100 կյանք» ծրագիրը:

Հայոց Հովվապետը հավատքի լույսը, ազգանվիրումն ու հայրենասիրությունը տավուշցիների հոգիներում վառ պահելու համար իր օրհնությունը բերեց նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին և թեմի հոգևոր դասին:

Եկեղեցու առաքելությանն ըստ ամենայնի զորակցելու համար հայրապետական գնահատանք փոխանցելով Տավուշի մարզպետին, Դիլիջանի քաղաքապետին և ներկաներին` Նորին Սրբությունը մաղթեց, որ Տերը աջակից լինի բոլոր այն անձանց, ովքեր նախանձախնդիր իրենց ջանքերն են ներդնելու եկեղեցու շինության աստվածահաճո ձեռնարկին:

Խոսքի վերջում Նորին Սրբությունը Երկնավորից հայցեց, որ Տերն Իր ամենախնամ Սուրբ Աջով խաղաղության ու ապահովության մեջ պահպանի Հայաստան աշխարհը, հաջողություններով պսակի համայն հայության եկեղեցաշեն ու ազգանպաստ կարևոր իրագործումները և երկնառաք բյուր պարգևներ շնորհի հայոց հավատավոր ազգին:

Այնուհետև ելույթներով հանդես եկան «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի Դիլիջանի համայնքային կենտրոնի երգչախումբն ու պարային խումբը, ինչպես նաև ելույթ ունեցավ Դիլիջանի գեղարվեստական դպրոցի պարախումբը:

Տավուշի թեմ կատարած այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում էին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը, Նորին Սրբության գավազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը և Մայր Աթոռի բարերար տիար Գաբրիել Չեմբերջյանը:

Արարողությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ մեկնեց Վիրահայոց թեմ` հանդիսապետելու Թբիլիսիի Ս. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման արարողությունը:




Լրահոս