ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել և պարգևներ է հանձնել ՀՀ շախմատի դպրոցականների համապետական 7-րդ օլիմպիադայի մարզային փուլի Երևան քաղաքի եզրափակիչ փուլի մասնակիցներին: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Բենիամին Ժամկոչյանի անվան 119 ավագ դպրոցի թիմը, ում և հանդիսավորությամբ ոսկե մեդալներն ու հաղթական գավաթը հանձնել է անձամբ քաղաքապետը: Մանուել Քաջունու անվան թիվ 54 դպրոցի և 2-րդ ավագ դպրոցների թիմերին, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ և երրորդ հորիզոնականները, պարգևները հանձնել են ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն ու ՀԲԸՄ Երևանի գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը:
 
Մարզչական վարպետության շնորհիվ թիմի ձեռք բերած բարձր ցուցանիշի համար պատվոգրերի են արժանացել նաև առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած դպրոցների շախմատային թիմերի մարզիչները:
Մասնակից մյուս բոլոր թիմերը ևս անմասն չեն մնացել պարգևներից: Նրանք քաղաքապետի կողմից պարգրատրվել են պատվոգրերով:
Շախմատի դպրոցականների համապետական 7-րդ օլիմպիադայի մարզային փուլի երևանյան մրցումներին ընդհանուր առմամբ մասնակցել են 158 հիմնական և 42 ավագ դպրոցների և վարժարանների շուրջ 6000 աշակերտներ: Երևանյան փուլի եզրափակիչ երկօրյա մրցումներն էլ, ավանդույթի համաձայն, անցկացվել են քաղաքապետարանի ճեմասրահում: 12 թիմերում ընդգրկված է եղել 48 աշակերտ` յուրաքանչյուրում 1 աղջիկ և 3 տղա կազմով:
 
Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած թիմերը շախմատի դպրոցականների համապետական 7-րդ օլիմպիադայի հաղթողի կոչմանն արժանանալու համար հանրապետական փուլում կմրցեն հանրապետության մարզերի լավագույն թիմերի հետ:




Լրահոս