Տնտեսության վիճակն անգամ պաշտոնական թվերով խոստումնալից չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա տասը ամիսների արդյունքներով տնտեսության ակտիվության ցուցանիշը նախորդ ժամանակահատվածի` ինն ամիսների թվի համեմատ նվազել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` երեկ հրապարակած տվյալներից: Ըստ այդմ, ստացվում է, որ նույնիսկ պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի տնտեսական վիճակը գնալով վատանում է:

Այսպես՝ տասը ամիսների արդյունքով տնտեսական ակտիվության ցուցանիշը, կամ այլ կերպ ասած՝ տնտեսական աճը կազմել է 3,5 տոկոս, իսկ նախորդ ամիս այն եղել է 3,7 տոկոս: Ի դեպ, այս տարվա հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ ամսի` սեպտեմբերի համեմատ, ըստ պաշտոնական վիճակագիրների, նվազել է 13,5 տոկոսով:

Ինչեւէ, այս տարվա տասը ամիսների արդյունքներով Հայաստանում իրականացված առեւտրի ծավալները նվազել են 6,4 տոկոսով: Այս անկումը տոկոսային արտահայտությամբ կարող է թվալ, թե այդքան էլ նշանակելի չէ, սակայն, երբ այն գումարային արտահայտությամբ ենք դիտարկում, իրավիճակն առավել քան հասկանալի է դառնում: Փաստորեն, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա տասը ամիսներին Հայաստանի ներքին առեւտրաշրջանառությունը նվազել է շուրջ 125 միլիարդ դրամով: Կարող են ասել, որ միայն այս փաստի արդյունքում Հայաստանի պետական բյուջեն նախատեսվածի համեմատ պակաս է ստացել, կամ նույնն է թե՝ կորցրել է 40-50 միլիարդ դրամ:

Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը` գումարային արտահայտությամբ, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ պաշտոնական վիճակագիրների, աճել է 4,6 տոկոսով: Սակայն նույն ժամանակահատվածի գնաճը, ըստ ԱՎԾ-ի, կազմել է 4,4 տոկոս: Այսինքն՝ ստացվում է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալներն իրականում չեն աճել, այլ ընդամենը թանկացել են:

Տասը ամիսների շինարարության ծավալները` գումարային արտահայտությամբ, անցած տարվա համեմատ մնացել են նույնը: Իսկ գյուղատնտեսության համախառը արտադրանքի ծավալները, անցած տարվա համեմատ, աճել են 11,6 տոկոսով: Այն հանգամանքը, որ այս տարի գյուղատնտեսական տարին բարեհաճ էր, եւ հայտնի իրողություն է, որ գյուղատնտեսական բոլոր արտադրանքների բերքն այս տարի, անցած տարվա համեմատ, առատ էր: Ավելին՝ Հայաստանի տնտեսությունը կարելի է ասել, որ հենց գյուղատնտեսության շնորհիվ է, որ դեռեւս գոյատեւում է: Աստված չաներ, եթե այս տարի բնությունը գյուղատնտեսության նկատմամբ բարեհաճ չգտնվեր, ինչպես անցած տարի, ապա ոչ ոք չի կարող ասել, թե ինչ արագությամբ Հայաստանի տնտեսությունը կքանդվեր: Նույնիսկ հավելյալ մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկերով հնարավոր չէր լինի գործընթացը կանգնեցնել:

Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության տասը ամիսների արդյունքները եւս, անցած տարվա համեմատ, կտրուկ նվազել են: Արտահանման անկումը կազմել է 2,2 տոկոս: Ի դեպ, նախորդ ժամանակահատվածում, այսինքն՝ ինն ամիսների արդյունքներով, արտահանման ցուցանիշի անկում չէր արձանագրվել: Վերը նշված 2 տոկոս անկումը ենթադրում է, որ այս տարի, անցածի համեմատ, արտահանումից Հայաստան եկած գումարները պակասել են մոտ 28 մլն դոլարով: Իսկ ներմուծումը, անցած տարվա տասը ամիսների համեմատ, նվազել է 26,6 տոկոսով: Այսինքն՝ այս տարվա տասը ամիսներին, անցածի նույն ժամանակահատվածի համեմատ, 970 մլն դոլարով պակաս ապրանք է ներկրվել: Այս փաստը Հայաստանի տնտեսությունում առկա ճգնաժամի եւ սպառողի, այսինքն՝ բնակչության է՛լ ավելի աղքատանալու ուղղակի արտացոլումն է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները եւս սկսել են բաց տեքստով խոսել տնտեսությունում առաջիկայում սպասվող, մեղմ ասած, ոչ դրական զարգացումների մասին, ուստի ենթադրվում է, որ եկող ամիսներին ցուցանիշները կարող են էլ ավելի վատթարանալ:

Վահագն Հովակիմյան




Լրահոս