ՀԷՑ-ը ժամկետանց պարտքերն է հիշել. քաղաքացիները բողոքում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին «Ժողովուրդ»-ը ՀՀ քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր է ստանում այն մասին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տեսուչները (էլեկտրիկները) իրենցից պահանջում են վճարել 2002 թվականից սկսած` սպառած էլեկտրաէներգիայի վարձավճարները: Այս խնդիրը մեծ աղմուկ է բարձրացրել առայժմ ՀՀ Արարատի մարզի Գինեվետ եւ Տափերական գյուղերի բնակիչների մոտ: Չի բացառվում, որ առաջիկայում կավելանա բողոքող համայնքների թիվը:

Վերջին օրերին ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ ՀԷՑ-ից ծանուցումներ են ստանում նախկինում չվճարված էլեկտրաէներգիայի մեծ պարտքերի մասին: Այս պատճառով ՀՀ Արարատի մարզի Գինեվետ, Տափերական գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ են անցկացրել: Իսկ գյուղապետը այս թեմայի շուրջ գրություն է ուղարկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին:

Նախկին տարիներին սպառված էլէներգիայի չվճարված վարձավճարներն այսօր ներկայացվում են որպես պարտքեր: Եւ սա քաղաքացիների մոտ դժգոհության մեծ ալիք է բարձրացրել:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց ՀԷՑ մամլո քարտուղար Նատալիա Սարջանյանի հետ, ով ասաց, որ քաղաքացիներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից ուղարկված ծանուցումները նախկինում չվճարված էլեկտրաէներգիայի պարտքերի վերաբերյալ են: «Դրանք ոչ թե ընթացիկ, այլ դեբիտորական ժամկետանց պարտքեր են, որոնք 2002 թվականի նոյեմբերից սկսած կազմում են մոտ 3 մլրդ 200 մլն դրամ: Այսինքն՝ կան քաղաքացիներ, ովքեր ունեն 2005, 2006 թվականների ընթացքում սպառած էլէներգիայի պարտք»:

Ընկերության ներկայացուցիչը տեղեկացրեց նաեւ, որ դեբիտորական ժամկետանց պարտքերը հավաքագրելու համար մարդկանց ծանուցումներ են ուղարկում, ինչն էլ քաղաքացիների վրդովմունքի պատճառ է դարձել: «Հիմա մենք սկսել ենք ծանուցումներ ուղարկել մարդկանց, իսկ նախկինում տեսուչներին էինք հորդորում պարտքերը մարելու համար ժամանակացույցեր կազմել: Հիմա, երբ բնակիչները ծանուցումներ են ստանում, այս է պատճառը, որ մարդկանց մոտ դժգոհության ալիք է բարձրացել: Քաղաքացիները կարող են մոտենալ ՀԷՑ-ի այն մասնաճյուղ, որն իրենց է հարմար եւ կազմել պարտքի մարման ժամանակացույց: Յուրաքանչյուրին անհատապես ենք մոտենում, հաշվի ենք առնում նաեւ նրանց սոցիալական վիճակը: Լինում է, որ ժամանակացույցը մեկ տարով ենք կազմում կամ ավել»,- փոխանցեց Ն. Սարջանյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս