Մենք հետևելու ենք, որ «Վինար» ընկերությունը մինչև ապրիլի 15-ը մարի գյուղացիների պարտքը. Ռոբերտ Մակարյան

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր առավոտյան Քաղցրաշեն գյուղի բնակիչները փակել են Երևան-Մեղրի ավտոճանապարհի Քաղցրաշենի հատվածի վարչական տարածքը և պահանջում են իրենց մթերած խաղողի գումարները:

ArmLur.am-ը կապ հաստատեց դեպքի վայր ժամանած ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի հետ՝ փորձելով պարզել, թե ինչ լուծում է տրվել այս խնդրին: Վերջինս պատասխանեց, որ ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ վերամշակող «Վինար» ընկերությունը  մարտի 25-ից մինչև ապրիլի 15-ը խոստացել է գյուղացիներին վճարել գումարները:

«Վերամշակողները հասկանում են, որ  իրենց ֆինանսական բոլոր միջոցները պետք է  ուղղեն գյուղացիների պարտքերի մարմանը, քանի որ գյուղացին նախքան գյուղատնտեսական աշխատանքները սկսելը պետք է ունենա գումար: Վերջերս նախարարի հետ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ պրն. Կարապետյանն էլ հորդորեց արագ մարել պարտքերը, որպեսզի գյուղացիները խնդիր չունենան: Մենք հետևելու ենք, որ պայմանավորվածությունը կատարվի»: