Ինչու «Սասնա ծռերը» հրաժարվեց Վիտալի Բալասանյանի միջնորդական առաքելությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՊծ գնդի տարածքում այսօրվա հանդիպման ժամանակ Վիտալի Բալասանյանը ոչ իրավաչափ գործողություններ է կատարել, ոստիկանի վարքագիծ է դրսևորել, ուստի մենք հրաժարվում ենք նրա միջնորդական առաքելությունից: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը` հավելելով, որ այս պահին նոր միջնորդ են փնտրում. «Մի հոգի արդեն կա, ում շուրջ բանակցություններ են ընթանում, սակայն վերջնական հայտարարի դեռ չենք եկել, ուստի անունը չեմ կարող տալ: Վիտալի Բալասանյանն այսօր մեր ապստամբական հոգին, մեր աշխատանքը զրոյացրեց, մեր գործողությունները հավասարեցրեց ոչ մի բանի»:

Հարցին` Վիտալի Բալասանյանի կոնկրետ ո՞ր քայլն է նրանց նման որոշման կայացման դրդել, Վարուժան Ավետիսյանը չմանրամասնեց` նշելով միայն, որ նախնական պայմանավորվածությունները նրա կողմից չեն կատարվել, նա հարցազրույցներից մեկի ժամանակ սուտ տեղեկություն է հաղորդել, թե Ժիրայր Սէֆիլյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պայմանից:

Վարուժան Ավետիսյանի փոխանցմամբ` նոր որոշման մասին Բալասանյանը տեղյակ է, սակայն հրաժարվեց ներկայացնել վերջինիս արձագանքը: Վիտալի Բալասանյանի հետ դեռևս կապ հաստատել չհաջողվեց:




Լրահոս