ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ ՄԱՐԴ, ՈՎ ՏԽՐԱԾ ՉԼԻՆԻ ԱՅՍ ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից իշխանություններին հանձնվելու որոշման, երկրում դժգոհությունների շարունակվող ալիքի եւ իշխանության անելիքների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ:

-Տիկի՛ն Աճեմյան, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորման` զենքերը վայր դնելու եւ իշխանություններին հանձնվելու որոշումից հետո դժգոհության ալիքը չի դադարում, ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի՝ բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են փողոց դուրս գալ: Ձեր կարծիքով՝ այս ամենն ինչի՞ կարող է հանգեցնել:
-«Սասնա ծռեր» խումբը ձերբակալվեց, եւ իրենց համակիրներն են այսօր շարունակում միտինգները: Ժողովրդի դժգոհությունների հետ կապված իրականում մենք ինքներս էլ գիտենք, որ կա դժգոհող մասսա, կա սոցիալական խնդիր, գիտենք, որ կա տնտեսության մեջ բավականին մեծ պրոբլեմ: Այս խնդիրները լուծելու համար նաեւ հարկավոր է ուժերի մեծ լարում, ինքս մեծ հույս ունեմ, որ դրան կնպաստեն սահմանադրական փոփոխությունները, այսինքն՝ համակարգային այն մեծ փոփոխությունները, որ Հայաստանի Հանրապետությունը իրականացրեց, եւ այլեւս այս համակարգով պետք է առաջ գնանք, ապրենք, գործենք: Ինքս մեծ հույս ունեմ, որ այս համակարգը անպայման արդյունքներ կտա, այսինքն՝ մենք կունենանք այնպիսի համակարգ, որով կկարողանանք կառավարել երկիրը: Ինչ վերաբերում է այսօրվա միտինգներին, ես ինքս մտածում եմ, որ դա ամեն դեպքում ժողովրդի խոսքն է, նույնիսկ ամենափոքր ժողովրդական հատվածի խոսքը պետք է լսելի լինի: Ես գիտեմ, որ իշխանություններն ականջալուր են, եւ բոլոր սոցիալական հարցերը, որոնք առաջ են քաշվում, դրանք լուծման, այսինքն՝ շատ ավելի համակարգված աշխատանքի տեղ ունեն: Այս պահին ինքներդ էլ գիտեք՝ մենք բոլորս այնպիսի շոկ ապրեցինք, եւ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկա մարդ, ով տխրած չլինի այս դեպքերից հետո, որովհետեւ սա մեզ համար իրականում շատ մեծ փորձություն էր, որը մենք անցանք, եւ ինքս համարում եմ, որ մենք եւ քաղաքական, հասարակական դաշտի գործիչները, քաղաքացիական հասարակությունը, իրավապահ մարմինները, բոլորս պետք է հետեւություններ անենք, եւ այդ հետեւությունները շատ լուրջ եւ արմատական պետք է լինեն:
-Հուլիսի 17-ից Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների հանգուցալուծման շուրջ տարվող բանակցությունների ընթացքում ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը «Սասնա ծռեր» խմբավորման կողմից զենքերը վայր դնելու դեպքում պատրաստակամություն է հայտնել հանդիպել Ժիրայր Սէֆիլյանին: Արդյո՞ք այժմ Սերժ Սարգսյանը կհանդիպի Ժիրայր Սէֆիլյանին:
-Գիտեք, դրա մասին ոչինչ չեմ կարող ասել. դա նախագահի որոշումն է: Բայց կարծում եմ, որ ժիրայր Սէֆիլյանը, ով, փաստորեն, շատ մարդկանց ուղղորդեց մի ուղղությամբ, որը անհասկանալի էր, թե ուր է տանում, երեւի թե իր ասելիքն ասել է, նախագահն իր ելույթներում դրան անդրադարձել է:
-Տիկին Աճեմյան, Ձեր հիշատակած ելույթում Սերժ Սագսյանը խոսեց նաեւ ազգային համաձայնության իշխանության մասին: «Այս փուլում մեր նպատակը նաեւ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո»,- ասաց նա: Սա ի՞նչ է նշանակում:
-Եթե Դուք հետեւել եք հանրապետության նախագահի՝ այս տարիների ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին քաղաքականությանը եւ հատկապես որոշումներին, կտեսնենք որ դրանք իրականացվել են կոնսենսուսի արդյունքում, այսինքն՝ միշտ լսելով ընդդիմադիր ուժերին, հաշվի առնելով նրանց կարծիքը: Իսկ դա անպայման արվում է քաղաքական հարթակի մակարդակով, իսկ ամենաառաջին եւ ինստիտուցիոնալ քաղաքական հարթակը Ազգային ժողովն է: Երեւի թե Հայաստանի Հանրապետության այլ նախագահ այդքան չի լսել բոլոր ընդդիմադիր ուժերի կարծիքները, չի քննարկել բոլոր այն վիճահարույց հարցերը, որոնք մեր երկրի առջեւ ծառացած են, այսինքն՝ այս առումով, կարծում եմ, որ սա շարունակությունն է այն քաղաքականության, որը որդեգրել է Սերժ Սարգսյանը: Եւ ոչ թե ուժի ձեւով, ճնշմամբ պետք է արվի, այլ հակառակը՝ ընդամենը բարի կամքի դրսեւորման, այսինքն՝ բոլոր ուժերի հետ համագործակցելու, լսելու եւ ամենաճիշտ որոշումները կայացնելու: Կարծում եմ՝ այս համատեքստից պետք է դիտել ելույթի այդ հատվածը, որը վերաբերում է նաեւ ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությանը:

 

 

 
ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ Է ՏՎԵԼ

Սեպտեմբերի 18-ին եւ հոկտեմբերի 2-ին Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ուշագրավ է, որ հենց այս ֆոնին երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց էր կատարել Գեղարքունիքի մարզ` տեղում լսելով եւ մի շարք խոստումներ տալով մարզի բնակիչներին:

Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին:
-Պարո՛ն Գրիգորյան, երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ի՞նչ նպատակով էր այցելել Գեղարքունիքի մարզ:
-Սովորական աշխատանքային այց էր. տարբեր համայքներ, տարբեր խնդիրներ: Հիմնականում այն խնդիրները, որոնք կապված էին այդ համայնքների հետ, կարգավորում էր, բայց առաջ չընկնենք, մինչեւ համապատասխան քննարկում լինի, որոշում կայացվի եւ նոր մենք կտեղեկանանք:
-Վարչապետը նաեւ այցելել է Վարդենիսի պանրի գործարան: Որեւէ խնդրի այնտեղ լուծում տրվե՞ց:
-Վարչապետը եղավ Ակունքի պանրի գործարանում, նաեւ Ակունքի պանրի գործարանի Վարդենիսի նոր մասնաճյուղում, խնդիր դրվեց, որպեսզի ֆինանսական աջակցություն ստանան: Վարչապետը խոստացավ, որ աջակցություն կտրվի, որպեսզի նրանք կարողանան աշխատացնել այդ գործարանը:
-Պարո՛ն Գրիգորյան, քաղաքացիների կողմից այլ դժգոհություններ չեղա՞ն:
-Ո՛չ, նման բաներ չեն եղել, եւ բոլոր բարձրացված հարցերին տեղում լուծումներ տրվեցին:
-Հայաստանի տարբեր մարզերում, այդ թվում եւ Գեղարքունիքի համայնքներում, առաջիկա ՏԻՄ ընտրություններին գրեթե մեկ ամիս է մնացել: Դուք՝ որպես ՀՀԿ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահ, կարող եք ասել, թե ՀՀԿ-ն մարզի ո՞ր քաղաքում ում է սատարելու:
-Դեռ չենք քննարկել, որովհետեւ դեռ վաղ է, դրա անհրաժեշտությունը չկա, առաջիկայում կքննարկենք եւ կուսումնասիրենք: Այն թեկնածուները, որոնց նկատմամբ տեղի ազգաբնակչությունը նորմալ կարծիք կունենա, ում որ կընտրի, նա էլ կլինի համայնքի ղեկավար:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 
ՄԵՏԱՂԻ ՋԱՐԴՈՆ ԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը աճուրդի է հանել 26 ծառայողական ավտոմեքենա: Պարզվում է, որ Երեւանի քաղաքապետարանն աճուրդի է հանել հիմնականում հին տարեթվի արտադրության ավտոմեքենաներ՝ մեծ մասը ռուսական: Օրինակ՝ վաճառքի է հանվել 1998 թվականի արտադրության «Գազ 3110», 1991 թվականի «Գազ 24-11», 2004 թվականի «Toyota Land Cruiser 4.5» 2008 թվականի արտադրության «Toyota Prado» 2008-ի՝ «Mercedes-Benz R350» եւ այլ մակնիշի ավտոմեքենաներ: Ի դեպ, աճուրդը կկայանա օգոստոսի 5-ին: Այսինքն՝ ծառայողական ավտոմեքենաները կրճատելու անվան տակ քաղաքապետարանն իրականում փորձում է մետաղի ջարդոններից ազատվել:

 

 

ՍԱՍ-Ի ՇՈՒՐՋ
ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ» ընկերությունը փորձում է դատարանների միջոցով վերադարձնել իր գումարները, սակայն առաժմ ապարդյուն: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ պատգամավորին պատկանող ընկերությունը 2016 թվականի փետրվարի 18-ին դիմել է Մալաթիա-Սեբասիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Կեոգրուպ» ՍՊԸ-ից գանձել 4 միլիոն 630 հազար դրամ, փետրվարի 29-ին դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Սեյֆ Փարթներս» ՍՊԸ-ից գանձել 4 միլիոն 835 հազար դրամ, իսկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում էլ պահանջում է «Հեվա Բիզնես Գրուպ» ՍՊԸ-ից 452 հազար դրամ բռնագանձել: Մի խոսքով, չնայած ՀՀԿ-ական է, բայց միեւնույն է՝ իրեն էլ են «քցում»:

 

 

ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԲԱՌ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հենրիկ Դարբինյանը, անդրադառնալով ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելուն, ասաց, որ այդ հարցի բարձրացումն արդարացված չի համարում: «Ուղղակի այնտեղ դատական ակտում մի բառ է գրվել, բողոքը բերողը գտել էր, որ այն վիրավորական բառ է պարունակում իր մեջ, բայց այդպիսի բան գոյություն չունի: Արդարադատության խորհուրդը կարող եմ ասել, որ ամեն ինչ օբյեկտիվ քննում է, եւ եթե իրենք գտնում են, որ պետք է պատասխանատվության ենթարկել, բնականաբար, ենթարկում են»,- ասաց Դարբինյանը: Նկատենք, որ դատավոր Դարբինյանը առաջին անգամ էր հայտնվել արդարադատության խորհրդի ուշադրության կենտրոնում: Թերեւս դրա համար էլ այս անգամ ԱԽ-ն որոշել է նրան պատասխանատվության չենթարկել, եւ նրա դեմ հարուցված կարգապահական վարույթը կարճվել է:




Լրահոս