Այսօր ֆրանսիացի կոմպոզիտոր Բիզեի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ֆրանսիացի երգահան Ժորժ Բիզեյի ծննդյան օրն է: Հեղինակել է նվագախմբային ստեղծագործություններ, ռոմանսներ, դաշնամուրային երկեր, ինչպես նաև օպերաներ։ Համարվում է 19-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիացի խոշորագույն կոմպոզիտորներից մեկը։ Նրա լավագույն ստեղծագործություններից են՝ «Կարմեն» օպերան և Ալֆոնս Դոդեի «Արլեզիանուհի» դրամայի համար գրված երաժշտությունը։

Բիզեի ստեղծագործությանը հատուկ են մտքի ճշգրտությունն ու հստակությունը, արտահայտչամիջոցների թարմությունն ու պարզությունը, ձևի ավարտվածությունն ու նրբինությունը։ Բիզեին հատուկ է հոգեբանական սուր վերլուծությունը՝ մարդկային զգացմունքների և արարքների ըմբռնումը։ Բիզեի բազմաժանր ստեղծագործության մեջ կենտրոնական տեղը պատկանում է օպերային։ Կոմպոզիտորի օպերային արվեստը ծագել է ազգային հողի վրա և սնվել ֆրանսիական օպերային թատրոնի ավանդույթներով։

19-րդ դարի 60-ական թվականներին Ֆրանսիայի օպերային թատրոնը կորցնում է առաջատար բնույթը։ «Մեծ» օպերան, որը մի ժամանակ արտացոլում էր ազգի հասարակական վերելքը, վերածվել էր անբովանդակ տպավորիչ ներկայացման, կոմիկական օպերան դարձել էր անմիտ և զուտ զվարճալի։ Լիրիկական օպերան, որը ծնունդ առավ դարակեսին, իր լավագույն նմուշների գեղարվեստական բոլոր արժանիքներով հանդերձ, զուրկ էր վառ նորարարական ձգտումներից։ Ֆրանսիայի բուրժուական հասարակության սրտին ամենամոտը օպերան էր իր կանկանով, շքեղ զգեստներով ու թեթևամիտ սյուժեներով։ Այդ տարիներին էր, որ Բիզեն սկսեց օպերային կոմպոզիտորի ուղին։

Քննադատաբար օգտագործելով ֆրանսիական օպերայի նվաճումները, Բիզեն համարձակորեն և վճռականորեն իր լավագույն ստեղծագործություններում ժխտում էր այն ամենը, ինչ հնացած էր և խանգարում էր նրա ստեղծագործական նոր խնդիրների լուծմանը։ Պայքարելով բուրժուական հասարակության նախապաշարմունքների դեմ՝ Բիզեն ռեալիզմի ճանապարհը գտավ օպերային ժանրում։ Նրա ստեղծագործական ձգտումները ֆրանսիական արվեստի ռեալիստական միտումների (Վիկտոր Հյուգո, Ֆլոբեր, Զոլյա, Կուրբե) ընդհանուր աճի արտացոլումն էին։ Բիզեի լիովին ավարտուն ստեղծագործությունների քանակը համեմատաբար մեծ չէ։ Բայց և այն, ինչ Բիզեն հասցրել է ստեղծել իր կարճատև կյանքի ընթացքում, բավական է, որպեսզի խոսվի նրա հսկայական ներդրման մասին համաշխարհային արվեստի գանձարանում։




Լրահոս