Անկախության 25-ամյակին նվիրված հանրապետական ցուցահանդեսից պետությունը որևէ կտավ չգնեց. նկարիչը մտահոգված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նկարիչների միությունում Անկախության 25-ամյակին նվիրված հանրապետական ցուցահանդեսից պետությունը որեւէ կտավ չգնեց, որեւէ քայլ չարեց, որ ցուցադրության լավագույն գործերը մնան արխիվում: Չէ՞ որ դրանք մեր ժամանակակից պատմության մի մասն են, կերպարվեստի պատմություն է ամրագրվում, եւ եթե մեզնից առաջ էլ նման անտարբեր վերաբերմունք լիներ, այսօր չէինք ունենա ո՛չ Ազգային պատկերասրահ, ո՛չ Ժամանակակից արվեստի թանգարան:

Եվ եթե հիմա պետությունը չգործի, տարիներ հետո այնպիսի տպավորություն կստեղծվի, թե այս ժամանակահատվածում որեւէ արժեք չի ստեղծվել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման մտահոգություն հայտնեց Հայաստանի վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը:
Նա անդրադարձավ նաեւ կերպարվեստի ոլորտի մի քանի այլ խնդիրների, այդ թվում` արվեստանոցների հարկման խնդրին. «Արվեստանոցները հարկվում են նույն սկզբունքներով, ինչ խանութները կամ, օրինակ, կոշիկի արտադրամասը: Ուստի նկարիչները ջանում են իրենց արվեստանոցները ձեւակերպել որպես բնակարաններ` հարկերից հնարավորինս խուսափելու համար»,-նկատեց նա:
Գեղանկարիչը խոսեց նաեւ նկարիչների աշխատանքային ստաժի խնդրի մասին:

Նրա պնդմամբ` մինչեւ 1991 թվականը նա, ով Նկարիչների միության անդամ էր եւ պարբերաբար մասնակցում էր ցուցահանդեսների, այդ առումով խնդիր չուներ. ստեղծագործական կյանքի տարիները համարվում էին աշխատանքային ստաժի տարիներ. «Բայց հիմա նման բան չկա. նկարիչը կա՛մ գործազուրկ է, կա՛մ պորտաբույծ: Երիտասարդները գուցե կարողանում են ֆինանսական խնդիրները լուծելու ելքեր գտնել, իսկ մեծահասակների համար դա շատ ավելի բարդ է»,-մեկնաբանեց պարոն Շահումյանը:

Վերջինս մատնանշեց մեկ այլ ուշագրավ խնդիր, որն առնչվում է անհատական ցուցահանդեսների կազմակերպմանը: Նրա փոխանցմամբ` Նկարիչների միության անդամը վճարում է հենց միության ցուցասրահում ցուցադրվելու համար. «Այնինչ՝ նախկինում ցուցասրահները նկարչի համար միշտ եղել են բաց: Հիմա արդեն միությունն այս առումով նկարչի ստեղծագործական կյանքում որեւէ դերակատարություն չունի»,-ասաց պարոն Շահումյանը:

Նա շեշտեց, որ ոլորտում առաջ եկող խնդիրների մի զգալի մասը պայմանավորված է օրենսդրական բացերով. «Մեր երկրում, օրինակ, չկա մեկենասության մասին օրենք, որը գիտության, սպորտի, արվեստի բնագավառում ներդրում կատարող անձնաց թույլ կտա որոշ չափով ազատվել հարկային պարտավորություններից: Տարիներ առաջ ես պետական պաշտոնյաների հետ զրույցում բարձրացրել եմ այդ հարցը, նրանք ինձ ասացին, որ նշյալ օրենքի ընդունումը կարող է պարունակել կոռուպցիոն ռիսկեր: Այնինչ՝ առանց այդ օրենքի ընդունման էլ կոռուպցիան մեր երկրում աճել է»,-եզրափակեց նկարիչը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս