Վահան Շիրխանյանն ինքնուրույն չի կարողանում շարժվել, երեք ամիս է` լոգանք չի ընդունել. պաշտպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի մեկուսարանում գտնվող ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին պաշտպան Հայկ Ալումյանը երեք օր առաջ է տեսակցել և ցնցվել: Այս 11 ամիսների ընթացքում ընդունած դեղահաբերի արդյունքն այն  է եղել, որ նա այսօր չի կարողանում ինքնուրույն շարժվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանը:

«Ես ուղղակի ցնցվեցի, երբ նա ասաց, որ երեք ամիս է՝ լոգանք չի ընդունել, քանի որ լողանալու համար նա պետք է իջնի մեկ հարկ ներքեւ և կանգնի ցնցուղի տակ, ինչն ի վիճակի չէ անել»,-հավելեց Ալումյանը:

Վերջինս նշեց, որ գնալով ավելի ու ավելի մեծ տագնապ է առաջացնում այս վիճակը: «Անցյալ շաբաթ փորձեցինք կազմակերպել Վահան Շիրխանյանի հանդիպումը լրագրողների հետ, որի իրականացման համար օրենսդրական որեւէ խոչընդոտ գոյություն չունի, բայց հիշում եք՝ ինչ տգեղ քայլերի դիմեց քրեակատարողական հիմնարկը, որ այդ հանդիպումը չկայանա», – հավելեց նա:

Պաշտպանի խոսքով՝ Շիրխանյանը դեռեւս այս տարվա մարտին ՔԿՀ-ում թոքի կաթված էր ստացել, ինչից հետո վիրահատել էին եւ անոթի մեջ ֆիլտր տեղադրել:  «Այժմ այդ պողպատե ֆիլտրը տեղից շեղվել է, ոտիկներով խրվել արյունատար անոթի մեջ: Մեծ է ներքին արյունահոսության վտանգը և սա միայն մի խնդիրն է, ինչի մասին ես բարձրաձայնեցի»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ օրերս Վահան Շիրխանյանը ArmLur.am-ի միջոցով բաց նամակ էր հրապարակել` ուղղված Սերժ Սարգսյանին:




Լրահոս