1000 դրամանոց հատկացումները պարտադիր չե՞ն լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է` մամուլում ակտիվ լուրեր են շրջանառվում այն մասին, որ իշխանությունը փոշմանել է «1000 դրամների» նախագծին օրենքի ուժ տալու հարցում: Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած օրենսդրական նախագիծով 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուրի աշխատավարձից 1000 դրամ պահումներ են արվելու՝ մարտական գործողությունների ժամանակ մահացած զինվորների ընտանիքներին ու զինհաշմանդամներին օգնելու նպատակով:

Ըստ մամուլի հրապարակումների` կանխատեսումներ կան, որ պարտադիր սկզբունքը հնարավոր է դառնա կամավոր:

Այս առնչությամբ ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: Մեր հարցին ի պատասխան՝ Ա. Հովհաննիսյանը նշեց, որ այս փուլում չի կարող հստակ մեկնաբանել. «Ցանկացած նորության դեպքում հանրությունը պաշտոնապես կտեղեկացվի»,- ասաց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը կրող նախագիծը բուռն քննարկումների տեղիք է տվել ինչպես օրենսդիրների, այնպես էլ հանրության շրջանում: Շատերի կարծիքով իշխանության նկատմամբ ձեւավորված անվստահությունը մարդկանց մոտ կասկած է հարուցում, որ հավաքված գումարը նպատակային կօգտագործվի: Թեեւ ԱԺ ամբինոից հնչեցին նաև կարծիքներ, որ նախագիծը լայն հնարավորություններ կտա զինվորներին աջակցելու հարցում:

Հավելենք, որ ըստ նախագծի՝ 2017-ի հունվարի 28-ից՝ մեր բանակի 25-րդ տարեդարձի օրվանից, ծագող դեպքերի համար կնախատեսվեն նոր՝ ավելացված վճարներ: Հեղինակները ծրագրի շահառուներին երկու մասի են բաժանել։ Առաջինը  զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներն են, երկրորդը՝ 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները։ Առաջին խմբի շահառուները կստանան միանվագ 10 մլն դրամ ապահովագրական վճար, այնուհետև 20 տարվա ընթացքում ամսական վճարներ։

Ըստ տնտեսագետների կոպիտ հաշվարկների՝ տարեկան գանձված գումարը կկազմի մոտ 6 մլրդ դրամ։




Լրահոս