Մանկատան սաներին բնակարանով ապահովելու ծրագիրը դանդաղ քայլերով է առաջ գնում. ինչ է սպասվում նրանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի մանկատանը ներկայումս ապրում է մինչեւ 18 տարեկա 60 երեխա: Նրանցից ամենափոքրը 3,5 ամսական Ալենն է, ով Վանաձորի մանկատանն է հայտնվել մոր անուշադրության հետեւանքով: Իսկ ամենամեծ սանի 18 տարին լրացել է փետրվարին: Չնայած օրենքն արգելում է 18-ից հետո մանկատանը մնալ, սակայն տղան ուսանող է, այդ պատճառով էլ մանկատունը շարունակում է նրան թույլատրել բնակվել մանկատանը՝ կրթական պրոցեսը չխաթարելու նպատակով:
Ընթացիկ տարում Վանաձորի մանկատուն է ընդունվել 6 երեխա: Շուրջ 1,5 տարի առաջ Վանաձորի մանկատանն ապրում էր 80 երեխա, այսօր այդ թիվը հասել է 60-ի, իսկ առաջիկայում սաների թիվը նախատեսվում է հասցնել 53-ի՝ մի մասին ընտանիք վերադարձնելու, մի մասին էլ՝ խնամատար ընտանիք հանձնելու արդյունքում:
Մանկատան սաների գերակշռող մասն առանց ծնողական խնամքի ճանաչված, սակայն փաստացի ծնող կամ ծնողներ ունեցող երեխաներ են, ովքեր ԱԾԽՄ են ճանաչվել ծնողների անուշադրության ու անպատասխանատու լինելու հիմքով: Երեխաների մի մասը վերադարձվել է ընտանիք, մի մասը որդեգրվել է, մի քանիսն էլ հանձնվել են խնամատար ընտանիքների:

Վանաձորի մանկատան տնօրեն Մարինե Դավթյանը փաստում է. քիչ չեն դեպքերը, երբ երեխաները մանկատանն են հայտնվում սոցիալական վատ վիճակի ու ծնողների անպատասխանատու լինելու պատճառով. «Բոլորիս քաջ հայտնի սոցիալ-տնտեսական վիճակը իր դերն ունենում է, երկրորդը՝ մեր շատ ծնողներ երեխաների հանդեպ ունեցած պատասխանատվությունը իրենց ուսերից գցում են, մենք նման դեպքեր էլ ունենք, երբ կան ծնողներ, ովքեր շատ իմիջայլոց ու անպատասխանատու են վերաբերվում իրենց փոքրիկներին: Ցավոք, այսօր զավակներ ունենում են այն ծնողները, ովքեր երեխայի ղադրը չգիտեն, ինչի հետեւանքով էլ փոքրիկները հայտնվում են մանկատանը»:

Մեր հարցին, թե արդյոք հատկապես ծնողների անպատասխանատվության հետ կապված օրենսդրական նոր կարգավորումների անհրաժեշտություն չկա, մանկատան տնօրենը արձագանքում է. «Ի՞նչ կարող ենք անել….բացեր, իհարկե, կան, օրենքը պետք է վերանայել ու պատասխանատվության ենթարկել նման ծնողներին»:
Մանկատնից երեխա որդեգրել ցանկացող շատ ընտանիքներ կան ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներից, սակայն այսօրվա դրությամբ որդեգրման ենթակա երեխաների տարիքը մեծ է, իսկ որդեգրել ցանկացողները նախընտրում են ավելի փոքր երեխաների: Վանաձորի մանկատան ամենահին բնակիչը 14 տարեկան է: Աղջիկը միակողմանի ծնողազուրկ է, մայրը մահացել է, հայրն էլ լքել է դստերը՝ նրան հանձնելով մանկատուն: Մեկ տարի առաջ, սակայն, աղջկա հայրը հայտնվել է ու ցանկացել վերցնել դստերը: Աղջիկը, սակայն, հրաժարվել է:

Մեզ հետ զրույցում 14-ամյա աղջնակը հաստատեց՝ չնայած հայրը հայտնվել է, սակայն նրա հետ ապրել չի ցանկանում, քանի որ 14 տարի լքված լինելու փաստը ոչինչ չի կարող մոռացության տալ:
Մանկատանը գտնվող երեխաներից ոմանց ծնողներն էլ տարիներ անց հիշում են իրենց զավակներին, սակայն շահադիտական նպատակներով: Օրինակ՝ մուրացկանությամբ զբաղվող ծնողների համար երեխային վերցնելը կարող է հավելյալ եկամտի աղբյուր դառնալ: Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ ծնողները, երեխային հանձնելով մանկատուն, վերջնականապես մոռանում են նրանց գոյության մասին՝ այդպես էլ տարիներ շարունակ ոչ միայն չայցելելով իրենց երեխային, այլեւ երբեւէ չզանգահարելով ու չհետաքրքրվելով նրանց ճակատագրով:
Մեզ հետ զրույցում մանկատան տնօրենը նշում է, որ երբեմն էլ ծնողների հետաքրքրվելը վտանգավոր է լինում, քանի որ այդ լքված փոքրիկների համար ավելի ապահով է ապրել մանկատանը, քան տարբեր խնդիրներ ունեցող ծնողների հետ: «Մանկատունն ամեն ինչ անում է, որ ծնողների հետ երեխաները կապը չկորցնեն, բայց դեպքեր կան, երբ….երեխան պետք է վերադառնա ծնողի մոտ, եթե դա չի վնասի նրան»:

Մանկատան սաների խնդիրներն ավելի են շատանում մանկատնից դուրս գալուց հետո, երբ հարց է առաջանում ոչ միայն աշխատանք գտնելու, այլ նաեւ ապրելու ու գոյատեւելու: Մինչ օրս հարյուրավոր երեխաներ սպասում են բնակարանի իրենց հերթին: Մանկատան շրջանավարտներից շատերը բռնում են թափառաշրջիկի ճանապարահը, ինչը հաստատում է նաեւ մանկատան տնօրենը. «Կայանում են, բայց մեծ դժվարությամբ: Հատկապես լուրջ է տղաների խնդիրը: Տղան մանկատնից գնում է բանակ, երկու տարի էլ այնտեղ է մնում, բանակից գալիս է ու մնում օդում կախված: Մանկատուն էլ չի գալիս, տուն չունի ու մնում է փողոցում»:
Մանկատան շրջանավարտներից շատերը մինչ օրս անձնագիր չունեն: Ոմանց անձնագրում տարիներ անց էլ գրված է մանկատան հասցեն: Չունենալով կրթություն, աշխատանքի ու եկամտի աղբյուր՝ շրջանավարտներից շատերը տարիների ընթացքում կործանվում են՝ այդպես էլ չկարողանալով գտնել իրենց տեղը կյանքում: Նրանք, ովքեր ընտանիք են կազմում, կանգնում են գրանցման խնդրի առաջ: Իսկ առանց գրանցման նրանք զրկվում են նաեւ նպաստից:

Դանդաղ քայլերով է առաջ գնում նաեւ մանկատան սաներին բնակարանով ապահովելու ծրագիրը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեխաների պաշտպանության փորձագետ Աննա Մնացականյանն ասում է, որ մինչ օրս բնակարանի իրենց հերթին են սպասում մանկատան շուրջ 200 շրջանավարտներ, որոնց 50 տոկոսն, ի դեպ, արդեն 10 տարի է, ինչ սպասում է:

Էդվարդ Արզումանյան
Վանաձոր




Լրահոս