Ո՞վ է խոչընդոտել հայ գործարարին բանան ներկրել Հայաստան. Միհրան Պողոսյանը սպառնացե՞լ է տնտեսվարողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանանի ներկրման թեման վերջին շրջանում դարձել է ամենաքննարկվող եւ ակտուալ հարցերից մեկը: Մամուլում ակտիվ լուրեր են շրջանառվում այն մասին, որ մի քանի տնտեսվարողներ արդեն իսկ պատվիրել են, իսկ մեկը օրեր առաջ տասը տոննա ներկրել է:
Իհարկե, այս զարգացումները խոստումնալից են, սակայն առաջիկայում հնարավոր խոչընդոտները բացառել պետք չէ: Համենայն դեպս, պաշտոնապես արձանագրված խոչընդոտների մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձած նոր տեղեկություններն այլ բան են հուշում:

Նախ հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կարող է անարգել ներկրել ցանկացած ապրանք»:

Վարչապետ Կարեն Կարապետյանի այս հայտարարությանն անմիջապես հաջորդեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարականը մաքսային մարմիններին՝ խիստ եւ հետեւողական լինել գործընթացի նկատմամբ` բիզնեսի համար ապահովելով արդար եւ ազատ մրցակցային միջավայր: Իսկ արդեն նոյեմբերի 21-ին նման հայտարարությամբ հանդես եկավ ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը: «ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի տեղեկացմամբ՝ հայտարարությունից անմիջապես հետո ներկրման ոլորտում նոր տնտեսվարողներ են հայտնվել: ԵԱՏՄ տարածքից, մասնավորապես, ՌԴ-ից բանանի ներկրում իրականացնելու տնտեսվարողի փորձը, սակայն, որոշ խնդիրների առաջ է կանգնեցրել վերջինիս:

Պարզվել է, որ տնտեսվարողը պարզեցված մաքսային ընթացակարգերով հատել է սահմանը, սակայն խոչընդոտների է հանդիպել արդեն հանրապետության տարածքում, որոնց կարգավորման հարցով ներկրողը դիմել է պետական եկամուտների կոմիտե: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում տնտեսվարողը ստացել է աջակցություն եւ հաջողությամբ իրականացրել ներկրումը»,- նշված է ՊԵԿ հաղորդագրությունում:

Հայտնի է, որ բանանի ներկրման մենաշնորհը տարիներ ի վեր պատկանել է «Քեթրին Գրուպ» ընկերությանը, որի հետ առնչվում է ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ Միհրան Պողոսյանի անունը: Եւ այսպես՝ իրավական ի՞նչ հետեւանքներ է առաջացրել այս առերեւույթ հանցանք պարունակող գործընթացը:

«Ժողովուրդ» օրաթերթը դեկտեմբերի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունից փորձել էր պարզել՝ արդյոք քայլեր ձեռնարկվել են անհայտ անձանց հայտնաբերելու եւ կատարվածը բացահայտելու ուղղությամբ: Ի վերջո, ով է խոչընդոտել հայ գործարարին՝ բանան ներկրել Հայաստան: Ի պատասխան մեր հարցադրման՝ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնել էին. «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրության մեջ ներկայացված դեպքի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից պահանջվել են տեղեկություններ տվյալ դեպքի եւ այդ առնչությամբ իրականացված իրավական ընթացակարգերի մասին»:

Եվ ահա, անցել է ավելի քան տասը օր: «Ժողովուրդ»-ը փորձեց ՊԵԿ-ից պարզել` ինչ տեղեկություններ են տրամադրվել դատախազությանը: Մեր հարցերը, ցավոք, անպատասխան մնացին: Կրկին դիմեցինք գլխավոր դատախազությանը` հասկանալու համար` ստացվե՞լ են արդյոք պահանջված տեղեկությունները: Հանրային կապերի բաժնից ի պատասխան «Ժողովուրդ»-ի հարցի` հայտնեցին, որ ՊԵԿ-ը փաստաթղթերի փաթեթ է պատրաստում, որը ձեւավորվելուն պես կհանձնի դատախազությանը:

Դե ինչ, մնում է սպասել առաջիկա իրավական զարգացումներին: Կստանա արդյո՞ք հանրությունը բոլոր հարցերի պատասխանները, վաղ է ասել:

Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել հիշատակված խոչընդոտման դեպքի մասին:

Այսպես՝ մեր հավաստի տեղեկությունների համաձայն՝ վարչապետի հայտարարությունից ոգեշնչված տնտեսվարողը բանան ներկրելու փորձ կատարելիս անսպասելի խոչընդոտների է բախվել: Ապա պետական եկամուտների կոմիտեում հանդիպման է հրավիրվել, որի ժամանակ անծանոթ տղամարդ է նրան մոտեցել եւ հեռախոս փոխանցել` ասելով, թե ցանկանում են խոսել հետը: «Առեղծվածային» ձայնը հեռախոսով տնտեսվարողին ասել է. «Եթե չես ուզում խնդիրներ ունենալ ինձ հետ, բանանը շուկա չպետք է մտնի: Կա՛մ ինքնարժեքով ես կգնեմ, կա՛մ ավելի ցածր գնով»:

Ապա հեռախոսի մյուս կողմում գտնվողը հարկ է համարել ներկայանալ, թե ինքը Միհրան Պողոսյանն է` ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետը:

Վերջինս, ինչպես արդեն նշվեց, հայտնի է որպես բանանի ներկրման մոնոպոլիստ, սակայն տարիներ շարունակ համառորեն հերքում է փաստերը եւ կռիվ տալիս դրանց դեմ: Ներկայացված տեղեկատվության շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց իրենից՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանից:
Նա անկեղծացավ, որ հետաքրքրվել է տնտեսվարողի մասին, սակայն չմանրամասնեց՝ ինչ ձեւաչափով եւ ինչու, ապա նշեց, որ տնտեսվարողն ինքն է այդ տեղեկությունները հերքել. «Տեղեկությունները երեք շաբաթ առաջ են եղել, ես էլ, ճիշտն ասած, ճշտել եմ, եւ քաղաքացին ինքը հերքում է տվել դրա մասով: Դրանք իմ տեղեկությունները չեն, արձանագրված փաստ է»,- վստահեցրեց Մ. Պողոսյանը:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս