Քաղաքակա՞ն, թե՞ գաղափարական մղումներով Հովիկ Աբրահամյանը լքեց հարազատ կուսակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին  վարչապետ, ՀՀԿ արդեն նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի՝  հարազատ կուսակցությունը լքելը, թերևս, երկու պատճառ կարող է ունենալ, սակայն երկուսն էլ ոչ քաղաքական:

Թերևս տարիներ շարունակ ՀՀԿ-ականների սիրած արտահայտությունն  է եղել՝ «նեղանալը քաղաքական կատոգորիա չէ», սակայն հաճախ հենց նրանք են իրենց նեղացածի պես պահում: Վառ օրինակն էլ հենց նախկին վարչապետ Աբրահամյանն է, ով հարազատ կուսակցությունից նեղացել էր, քանի որ իրեն ազատեցին վարչապետի պաշտոնից:

Վարչապետի աթոռը նրա վաղեմի երազանքներից մեկն էր, և նման վերադասավորումներն ամենևին Աբրահամյանի սրտով չէին: Նրա նեղացվածությունը բազմիցս արտացոլվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստերին չմասնակցվելով, և որքան էլ իր՝  արդեն նախկին գործընկերները փորձում էին թաքցնել, սակայն Աբրահամյանի նեղացվածությունն ակնհայտ էր, և հենց դա էլ եղավ ՀՀԿ-ից դուրս գալու բուն պատճառներից մեկը:

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել է, որ առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ, քաղաքականություն վերադարձած Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծվելիք դաշինքում այնպիսի մարդիկ կլինեն, ում մասնակցությունը շոկ կառաջացնի. Աբրահամյանն էլ նրանցից մեկն է լինելու, ով այս պատասխանատու փուլում որոշում կայացրեց լինել խնամի Ծառուկյանի կողքին: Ուշադրություն դարձնենք՝ այն նո´ւյն խնամու, ում դեռևս 2015 թվականի փետրվարին առաջարկում էր չհնազանդվելու դեպքում «բամփել»: Սա ո′չ քաղաքական, ո′չ էլ գաղափարական պատճառ իր մեջ չի պարունակում:

Հովիկ Աբրահամյանի՝  ՀՀԿ-ում ունեցած դերակատարության մասին խոսելիս բավական է հիշել, որ նա եղել է ՀՀԿ ակտիվ քարոզիչը, շտաբի պետ, մշտապես բարձր պաշտոններ է զբաղեցրել և իր լծակներով ՀՀԿ-ի համար մշտապես լավ արդյունքներ է կարողացել ապահովել: Թերևս, իր այս ունակությունները նա արդեն կօգտագործի իր խնամու համար:




Լրահոս