Կինոարտադրող ընկերություններին «Հայֆիլմ»-ը կհետաքրքրի՞, նախարարի ծրագիրը որքանո՞վ է իրատեսական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի ամիս է` «Հայֆիլմի վերածնունդ» մշակութային նախաձեռնությունը կինոստուդիայի ճակատագրով մտահոգ անձանց միավորման կոչեր է անում: Նախաձեռնությանն արդեն հասցրել են միանալ մշակույթի մի շարք գործիչներ:

Կինոստուդիայի հետ կապված առաջին խնդիրը, որ հարկավոր է լուծել, ըստ ռեժիսոր, նախաձեռնության հեղինակ Հայկ Բաբայանի, վերաբերում է շենքային պայմաններին. «Հայֆիլմի» շենքը պետք է վերանորոգել, տաղավարները, ռեկվիզիտը վերականգնել, որպեսզի հնարավոր լինի մեծամասշտաբ նկարահանումներ իրականացնել: Անհրաժեշտ կլինի գոնե մեկ դահլիճ, որտեղ կինոգործիչները կկարողանան հավաքներ կազմակերպել:
Հիմա արդեն հայտնի է, որ «Հայֆիլմի» հարցով մշակույթի նախարարությունը մշակում է ներդրումային ծրագիր` գոնե նկարահանման տաղավարների մասնաշենքը վերանորոգելու համար: Նախարարությունը նախատեսում է սեփական ներդրումներով կամ նախարարության գործընկեր կազմակերպությունների միջոցով «Հայֆիլմում» ստեղծել կինոմիջավայր:

Այնինչ՝ Հայկ Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ դա այնքան էլ իրատեսական ծրագիր չէ. «Չցանկանալով արժեզրկել այն պատրաստակամությունը, որ ցուցաբերում է նախարարությունը, պետք է նշեմ, որ մտայնությունը, թե ֆիլմ արտադրող հայկական ընկերությունները պետք է շահագրգռված լինեն, որ «Հայֆիլմ»-ը ոտքի կանգնի, ինձ ռեալ չի թվում: Ոչ մի ընկերություն, ոչ մի հոլդինգ չի թողնի իր գործերը եւ առավել եւս գումար չի ներդնի «Հայֆիլմի» համար. ոչ թե որովհետեւ չունի, այլ նրանց չեն հետաքրքրում «Հայֆիլմ»-ի պատերը:

Այդ ընկերությունների կողմից «Հայֆիլմ»-ում կինոմիջավայրի ստեղծումն էլ բարդ պրոցես է: Միայն փոխհամագործակցության արդյունքում կարող ենք հաջողություն ունենալ. պետք չէ ամեն ինչ գցել ռեժիսորների, պրոդյուսերների վրա»,-մեկնաբանեց Հայկը: Նրա խոսքով` այս դեպքում կարելի է օգտագործել, օրինակ, Հայաստանի քաղաքապետերի ռեսուրսները. «Ենթադրենք` Վանաձորի քաղաքապետը ներդրում է ունենում տաղավարի նորոգման համար, հետո, երբ իրեն մշակութային ինչ-ինչ միջոցառումների, նկարահանումների շրջանակում պետք է լինում տաղավարը, նրան թույլ է տրվում օգտագործել այն»,-մանրամասնեց ռեժիսորը:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ լրագրողների հետ զրույցում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշել էր. «Հայֆիլմ»-ն այսօր մասնավորեցման ծրագրում է, քանի որ գտնվում է գույքի կառավարման վարչությունում: Մենք ծրագիր ենք մշակում ներդրումները հաշվելու համար: Ցանկանում ենք իմանալ, թե որքան կարժենա նկարահանման սրահների մասնաշենքը նորոգելը»:

Այս առթիվ Հայկ Բաբայանը շեշտեց, որ եթե կինոստուդիան մասնավորեցվի, ինքն անձամբ դիմելու է ՀՀ վարչապետին, որպեսզի այն ազգայնացվի. «Պետք է հսկել, որ սեփականատերը պահպանի այն, ինչ կա կինոստուդիայում, հետեւել, որ «Հայֆիլմը» պահպանվի որպես բրենդ»,-ասաց ռեժիսորը: Նա նաեւ հավելեց, որ պետք է հանրության ուշադրությունն ամեն կերպ բեւեռել «Հայֆիլմի» ճակատագրի վրա. «Վերջերս, օրինակ, մեկը զանգահարել էր եւ ուզում էր տեխնիկապես աջակցել կինոստուդիային: Այս դեպքում մեծագույն խնդիրն այն է, թե արդյոք տվյալ տեխնիկան հանձնելուց հետո կպահպանվի եւ կծառայի իր նպատակին»,-եզրափակեց Հ. Բաբայանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս