Հաստատվել են «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026 թվականների կառավարման պլանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 23-ին կառավարության հերթական նիստում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է ոլորտին վերաբերող հարցերը: Գործադիրը հավանության է արժանացրել «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026 թվականների կառավարման պլանը և առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: «Դիլիջան» ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպության նախորդ կառավարման պլանն ընդգրկում էր 2007-2011 թվականները:

ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ և Կովկասի բնության հիմնադրամի ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ մշակվեց սույն կառավարման պլանը, որն ընդգրկում է 2017-2026 թվականները: 2021 թվականին կիրականացվի միջանկյալ գնահատում:
Կառավարման պլանի գերակա նպատակն է ազգային պարկի գոտիավորումն առավելագունը համապատասխանեցնել Բնության պահպանության միջազգային միության կողմից 2-րդ կատեգորիայի համար սահմանված չափորոշիչներին, այն է` ազգային պարկ, որտեղ էկոհամակարգերը պահպանվում են հիմնականում ռեկրեացիայի նպատակով:

Վերլուծությունների հիման վրա սահմանվել են ազգային պարկի գերակայությունները և զարգացմանն ուղղված միջոցառումները: Կառավարման պլանի նախագիծը և առաջնահերթ գործողությունները քննարկվել են տեղի համայնքների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պետություն-մասնավոր հատված համագործակցությունը կարևոր դեր է խաղալու այս գործում, քանզի այն առաջարկում է քաղաքականության հզոր գործիք՝ բարելավել պարկերի տնտեսական կայունությունը և ծառայությունների որակը, ներգրավել արդյունավետ ներդրումներ և դրա միջոցով նպաստել կենսաբազմազանության պահպանման հիմնական գործառույթի իրագործմանը: «Դիլիջան» ազգային պարկը միջազգային դոնորների կողմից մեծ հետաքրքրություն կներկայացնի` աջակցելու էկո-զարգացմանը և բնության պահպանմանը:

Էկոզբոսաշրջության կայուն զարգացումը նպաստելու է գյուղական զարգացմանն ուղղված տարբեր միջոցառումներին և կունենա տնտեսական զարգացման մուլտիպլիկատիվ ազդեցություն, ոլորտը կբարգավաճի՝ կենտրոնանալով տարածաշրջանի բնության և մշակութային, պատմական տեսարժան վայրերի վրա, և բնության վրա հիմնված զբոսաշրջությունը, ոլորտում նոր աշխատատեղերի հնարավորությունների միջոցով, կնպաստի կենսամակարդակի աճին:
Գործադիրը նաև հավանության է արժանացրել «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026 թվականների կառավարման պլանի միջոցառումների ծրագիրը, որն ընդգրկում է վեց` վարչական, պահպանության, մոնիթորինգի և գիտական աշխատանքների, ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման, այցելուների, կրթության և հանրային իրազեկման ծրագրեր:




Լրահոս