ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ. Հանրության արձագանքն ազդել է «Ռեինկարնացիայի» համերգի տոմսերի վաճառքի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բանից հետո, երբ թողարկվեց ՀՀԿ քարոզարշավի տեսահոլովակը, որտեղ երգել է «Ռեինկարնացիան», հայ հասարակության շրջանում խմբի վերաբերյալ քննադատական կարծիքների տարափ սկսվեց: Մի զգալի հատված պնդեց, որ խումբը չպետք է թաթախվեր քաղաքականության մեջ, չպետք է սատարեր ՀՀԿ-ին, կուսակցությունից տեսահոլովակի դիմաց գումար վերցներ` այդպիսով կասկածի դնելով սեփական բարի համբավը: Իսկ եթե նույնիսկ այդպես էր վարվել, ըստ քննադատների, խումբը պետք է անհեթեթ կերպով չարդարանար: Նշենք, որ «Ռեինկարնացիան» ֆեյսբուքյան էջում կոչ էր արել. «Հիշեցնում եմ բոլոր աջ եւ ձախակողմյան դատարկագլուխներին՝ մենք երդվյալ անկուսակցականներ ենք, խնդրում եմ չքաղաքականացնել, Музикант No Politika»:

Դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանն, օրինակ, կատարվածի մեջ անսպասելի ոչինչ չի տեսնում: Նրա խոսքով` 20 տարի շարունակ մշակույթի ոլորտն իր բոլոր թելերով կախված է «Շարմ հոլդինգ»-ից (հոլդինգն է առաջարկել տեսահոլովակը նկարահանել-հեղ.): Դերասանուհու համոզմամբ` այս հոլդինգի ձեռքին է փողը, ընդ որում, պետբյուջեի փողը, հնարավորությունները, իսկ «Ռեինկարնացիան» արել է այն, ինչ այս ոլորտում անում են բացառապես բոլորը:

Նրա պնդմամբ` բոլորը կորցրել են իրենց դիմագիծը. «Ինչ ուզում` նկարում են, ինչ ուզում` գովազդում են, լավ են անում: Բայց ո՞ւմ փողերով. իհարկե, իրենց, քանի որ պետությունը իրենք են, պետբյուջեն` իրենց անձնական գրպանը, այն գրպանը, որի պարունակությունը անխնա ծախսում են: Ճաշակովն իրենք են, ոնց ուզեն, էնպես էլ Ձեզ` հարգելի հանդիսատես, կմեռցնեն, չեն թաղնի, որ հետո ռեինկարնացիա անեն»:
Տեսահոլովակում «Ռեինկարնացիայի» մասնակցության վերաբերյալ բոլորովին այլ կարծիք ունի հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը (Լուլու): Նրա խոսքով` ամբողջ աշխարհում ընդունված է, որ քաղաքական ուժերը երգիչներին պատվիրեն իրենց քարոզարշավների շրջանակում երգել, նկարահանվել եւ այլն. «Արտիստներն էլ, սովորաբար, օգտվում են այդ հնարավորությունից, եւ դա նորմալ է: Շատ կարեւոր է, թե տվյալ քաղաքական ուժին ընդդիմադիր հատվածը ինչպես է ընկալում այդ աստղերի ներգրավվածությունը քարոզարշավում: Արտերկրում դա նորմալ է ընկալվում, որովետեւ երգչի գործը երգելն է:

ՀՀԿ-ի տեսահոլովակն, այսպես թե այնպես, ստեղծվելու էր: «Ռեինկարնացիային» տրվել է նորմալ երգ երգելու հնարավորություն: Թե մենք ինչպես ենք վերաբերում տվյալ կուսակցությանը, դա արդեն այլ հարց է: Իսկ երգը, եթե ինձ դուր է գալիս, լսում եմ, եթե ոչ` ոչ: Բայց ես ոչ մի դեպքում իրավունք չունեմ վիրավորելու «Ռեինկարնացիային», չէ՞ որ այս խումբը ոչ ոքի սահմանադրական իրավունքը չի խախտել: Հիշեք, թե ԱՄՆ-ում քանի-քանի արտիստներ գովաբանեցին Քլինթոնին, նրա համար երգեցին: Բայց ժողովուրդը, որն, ի վերջո, ընտրեց Թրամփին, չվիրավորեց այդ աստղերին: Իսկ մենք այս ամենը այնքա՜ն ցավագին ենք տանում: Ես չեմ ողջունում «Ռեինկարնացիայի» քայլը, բայց ոչ էլ դատապարտում եմ այն»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում շեշտեց հաղորդավարուհին:

Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն ստեղծվել է էջ, որի միջոցով կոչ է արվում բոյկոտել «Ռեինկարնացիայի»` մարտի 8-ին կայանալիք համերգը: Համացանցում տարածում գտնող մեկնաբանություններից պարզ է դառնում, որ հանրության զգալի հատված հետ է վերադարձրել համերգի տոմսերը:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց «Ռեինկարնացիա» խմբի արտ-մենեջեր Նարե Աղաբաբյանի հետ: Նրա խոսքով` տեսահոլովակի թողարկումից հետո մարդիկ անարդարացիորեն մտածեցին, որ «Ռեինկարնացիան» քաղաքական նույն դիրքորոշումն ունի, ինչ ՀՀԿ-ն. «Բոլոր կուսակցություններից եղան առաջարկներ, բայց առաջինը` ՀՀԿ-ից, այդ պատճառով էլ տպավորությունն այդպիսին եղավ: Իրականում եղել է համերգի եւ տեսահոլովակի առաջարկ: Լավատեսական գաղափարներով երգերը դրական էներգիա են փոխանցում մարդկանց, բացի այդ` Կարեն Կարապետյանի հետ հույսեր կապեցինք, եւ հետո` վերջինիս երաժիշտ լինելու հանգամանքը մեզ հետաքրքրեց (տեսահոլովակում հարվածային գործիքներ է նվագում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը-հեղ.):

«Ռեինկարնացիայի» «Երեւան» երգում բարձրացված բոլոր խնդիրները դեռեւս ակտուալ են, բայց հետաքրքիր է նաեւ, երբ նոր, լավատեսական երգ է գրվում, որի մեջ կուսակցական բնույթի ոչ մի բառ չի օգտագործվում (ինչպես անում են այլ երգիչներ ու երաժիշտներ ու չեն էլ քարկոծվում-Ն.Ա.): Առաջիկայում կտեսնեք, որ մենք հանրապետական չենք դարձել եւ ընդունում ենք բոլոր կուսակցությունների առաջարկները»,-մեկնաբանեց արտ-մենեջերը:

Փաստորեն, ուրիշ կուսակցություններից էլ են առաջարկներ եղել, հետաքրքրվեցինք մենք, ինչին ի պատասխան՝ Նարեն տեղեկացրեց. «Այո՛, բոլոր կուսակցություններից համերգների հրավերներ են եղել, ընդունվել են այն առաջարկները, որոնց դեպքում բավարարվել են խմբի տեխնիկական պահանջները»:

Ինչ վերաբերում է հանրության որոշ հատվածի կողմից «Ռեինկարնացիայի» համերգը բոյկոտելուն, արտ-մենեջերը հայտնեց. «Թեեւ համերգը ՀՀԿ-ի հետ կապ չունի, բայց կարող եմ ասել, որ վերջին դեպքերը որոշ չափով ազդել են տոմսերի վաճառքի վրա: Ցանկանում եմ շեշտել, որ մարտի 8-ի համերգի ժամանակ կատարվելու են նաեւ այնպիսի երգեր, որոնց միջոցով բարձրացվելու են այսօր առկա մի շարք խնդիրներ»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս