ԽՆԴԻՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ԱՆՈՐԱԿ ԴԻԶՎԱՌԵԼԻՔՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է՝ մարտի 1-ին՝ ԱԺ-ում կառավարության անդամների եւ պատգամավորների հարց ու պատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սկանդալային հայտարարություն կատարեց. նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել:

Պարզվում է՝ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում ու շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում: «Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով», – ասել է վարչապետը:
«Ժողովուրդ»-ը ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանից փորձեց պարզել, թե ինչու են այդպիսի խնդիրներ ծագել, եւ արդյոք դրանք միայն բանակում են առկա:
-Պարո՛ն վարչապետ, օրերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ անորակ դիզվառելիքի պատճառով ապրիլին որոշ ռազմական տեխնիկաներ չեն աշխատել: Կբացատրե՞ք, թե ինչու են այդպիսի խնդիրներ ծագել, եւ արդյո՞ք դրանք միայն բանակում են առկա:
-Միայն ողջունելի է Կարեն Կարապետյանի անկեղծությունը եւ խնդիրների վերհանման ու լուծման պատրաստակամությունը: Իրականում անորակ դիզվառելիքի խնդիրը նոր չէ Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում: Իմ տեղեկություններով՝ տարիներ շարունակ շուկայում առկա է անորակ դիզվառելիք, որն օգտագործվում է թե՛ գյուղտեխնիկայի, թե՛ տրանսպորտային միջոցների եւ թե՛ համապատասխան այլ մեքենաների կողմից: Օրինակ՝ գյուղատնտեսական տեխնիկայի սեփականատերերը հաճախակի են դժգոհում վառելիքի որակից, քանի որ դրա պատճառով երբեմն լուրջ խնդիրներ են առաջանում հատկապես բարձրորակ ու արդի տեխնիկաների մոտ: Հետեւաբար, այն չպետք է կապել միայն բանակի հետ, բոլորն են օգտվում շուկայում եղած վառելիքից:
Ինչ վերաբերում է ապրիլյան դեպքերին, ապա կարող եմ փաստել, որ այդ ժամանակ եւ հաջորդող ամիսներին պաշտպանության բանակի համար աշխատող շինարարական մասնավոր ընկերությունները բազմաթիվ խնդիրներ են ունեցել վառելիքի հետ, քանի որ այն արագ կարգով ձեռք է բերել կառավարությունը մասնավոր մատակարարներից: Նույնիսկ մեր կողմից բանակին տրամադրվող տրանսպորտային միջոցների սպասարկման հետ են որոշ խնդիրներ ծագել, որոնք, ըստ մասնագետների, մասամբ պայմանավորված էին անորակ դիզվառելիքով: Այդ խնդիրների պատճառով ոչ միայն տեխնիկական միջոցներն են փչացել, այլ նաեւ ձգձգումներ են եղել ինժեներական աշխատանքներում: Պետք է հասկանալ, որ եթե շուկայում առկա է անորակ ապրանք, հատկապես արտակարգ իրավիճակներում եւ հապշտապ գնումների պարագայում նմանատիպ խնդիրները բացառված չեն:
-Դուք այդ խնդրի լուծումն ինչպե՞ս եք տեսնում:
-Այդ խնդիրն այնքան ժամանակ կլինի, որքան ժամանակ հայկական շուկայում գոյություն ունի անորակ դիզվառելիք: Դա նշանակում է, որ պետք է իսպառ բացառվի վառելիքի շուկայում անորակ ապրանքի առկայությունը, ինչի արդյունքում կբացառենք նաեւ դրա հայտնվելը սպառողների մոտ: Իսկ դրա համար սահմանային եւ ներքին վերահսկողությունը պետք է արդյունավետ աշխատի, այլապես առիթից օգտվողներ կլինեն:
-Ե՛ւ Ձեր ասածի, ե՛ւ ՀՀ վարչապետի ասած խոսքերի մեջ կան քրեական հանցանք պարունակող տարրեր. այսինքն՝ անորակ ապրանք է ապօրինի կերպով իրացվում շուկայում: Որպես գործադիրի ղեկավար, խնդրում եմ տեղեկացնել, Արցախի իրավապահ մարմինները ի՞նչ են անում այս առնչությամբ:
-Բացի փաստացի վերահսկողության խնդրից՝ ՀՀ-ում եւ Արցախում վառելիքի ստանդարտների հստակեցման խնդիր կա: Այսինքն՝ մենք դեռ իրավական դաշտի կատարելագործման կարիք ունենք, որից հետո կկարողանանք հարցը բերել իրավական հարաբերությունների ոլորտ: Բացի դրանից՝ Արցախի կառավարությունը մաքսային վերահսկողության գործիք չունի, որովհետեւ մենք ՀՀ-ից ներմուծվող ապրանքները մաքսային ստուգման չենք ենթարկում: Ամեն դեպքում, մինչեւ խնդրի վերջնական իրավական կարգավորումը, մատակարարների հետ հնարավորինս աշխատում ենք, որ բացառենք անորակ դիզվառելիքի իրացումը շուկայում:
-Բոլորիս հայտնի է, թե ով կամ ովքեր են Հայաստան ու Արցախ դիզվառելիք ներկրողները (բանակի մատակարարը կոնկրետ «Ֆլեշ» ընկերությունն է): Նրանց հետ այս ընթացքում որեւէ քննարկում կազմակերպվե՞լ է, ինչո՞ւ է այս իրավիճակը ստեղծվել:
-Քանի որ իմ ղեկավարած մարմինը բանակի մատակարարման հարցով չի զբաղվում, չեմ կարող միանշանակ պատասխանել այդ հարցին: Սակայն համոզված եմ, որ պատկան մարմինները համապատասխան քննարկումներ ունեցել եւ ունենում են մատակարարների հետ, եթե խնդիրներ են ի հայտ գալիս:

Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

 
ԵԹԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԼԻՆԵՐ ՊՆ, ՎԱՂՎԱՆԻՑ ԿՁԵՌՆԱՐԿԵՐ

Երեկ՝ քարոզարշավի երկրորդ օրը, տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսը: Կուսակցության նախագահ, համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենց նախընտրական ծրագրով 30 քայլ են նախատեսել, որոնք կփոխեն Հայաստանը:

Բաղդասարյանը ներկաներին հավաստիացրեց, որ իրենց ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով ինչպես իրենց քաղաքական ուժի, այնպես էլ միջազգային փորձը: Ներկայացնելով ծրագրային կետերը՝ նա վստահեցրեց, որ դրանց իրագործմամբ իրենք կարող են ապահովել տասնյակ միլիարդների դրամային հոսք ՀՀ բյուջե: ՀՎԿ-ականները իշխանության գալու դեպքում խոստանում են անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի: Նախկին ՕԵԿ-ականները պատրաստվում են օրենք ընդունել, որով 18 տարեկաններին կարգելվի տանել սահմանագիծ, իսկ պայմանագրային զինծառայողներին կվճարվեն բարձր աշխատավարձեր՝ 800-1000 դոլար։
Կոռուպցիայի դեմ պայքարող ազգային մարմնի ստեղծումից մինչեւ ճանապարհային երթեւեկությունը կանոնակարգող արագաչափերի եւ Երեւանում վճարովի ավտոկայանատեղերի վերացում. սրանք դեռեւս միայն խոստումներ են, որոնք «Հայկական վերածնունդ»-ը կյանքի կկոչի, եթե բախտը ժպտա եւ ընտրություններում հաղթի:
Բաղդասարյանը շատերի նման կրկին խոստացավ, որ առաջիկա երեք-չորս տարիների ընթացքում նախատեսում են նվազագույն աշխատավարձը հասցնել հարյուր հազար դրամի, նախատեսում են կենսաթոշակների բարձրացում` հասցնելով նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակին, կնվազեցնեն կոմունալ ծառայությունների սակագները, կազատականացնեն բնակչությանը մատուցվող ծառայությունների շուկան, կխթանեն հայրենդարձությանը, եւ՛…եւ՛ … եւ՛. այսպիսի եւ-երի խոստումնալից եւ ականջահաճո շարան, որի պակասը երբեք հասարակությունը չի զգացել: Նկատենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական այս ծրագիրը անհավանական եւ պոպուլիստական են համարում ոչ միայն իշխանական, այլեւ ընդդիմադիր դաշտում գործող ուժերը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ այդ հայտարարություններին եւ պատասխանեց իրեն չհավատացողներին:
-Պարո՛ն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
-Շատ լավ, շատ լավ:
-Ձեր նախընտրական ծրագիրը թե՛ իշխանական եւ թե՛ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերը համարում են պոպուլիստական եւ անիրատեսական…:
-Ես քիչ առաջ հստակ ներկայացրի իրականացման ձեւը եւ ֆինանսավորումը:
-Ինչպե՞ս կպատասխանեք այն քաղաքական ուժերին եւ ընդհանրապես հանրությանը, որոնք չեն հավատում Ձեր ներկայացրած ծրագրին:
-Որ հավատան, մենք դա արել ենք, ինչքան բան ենք արել:
-Եթե Դուք այսօր կամ վաղը նշանակվեք ՀՀ պաշտպանության նախարար, ե՞րբ կիրագործեք Ձեր այն ծրագրային խոստումը, համաձայն որի՝ տասնութ տարեկան ոչ մի երիտասարդ չպետք է կանգնի սահմանին:
-Հաջորդ օրվանից սկսած կձեռնարկեի:
-Բայց արդյո՞ք իրատեսական է դա:
-Աստիճանական անցում: Այսօր մենք ունենք երեք հազար մարդ, որ գնում է բանակ եւ ստանում է փող: Մենք ասում ենք, որ այդ թիվը պետք է աստիճանաբար, ամեն տարի երեք-չորս հազարով ավելացնել, ինչու՞ հնարավոր չէ, նայեք հարեւան երկրներին:
Հ. Գ. Ընդդիմադիր գործիչ Արթուր Բաղդասարյանը շրջում էր դիվանագիտական համարանիշներով շքեղ ավտոմեքենայով, որի շուկայական արժեքը 70-80 հազար ԱՄՆ դոլար է:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 
ԱՍՈՒՄ Է՝ ՉԻ ԲԱԺԱՆՈՒՄ
Չնայած Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դուրս եկավ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից, դեռ ավելին՝ վերջինիս մտերիմներին մեկը մյուսի հետեւից հեռացնում են աշխատանքից, սակայն դա չի խանգարել, որ նա ԱԺ այս ընտրություններում ակտիվորեն աշխատի հօգուտ ՀՀԿ-ի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանն այս օրերին աշխատում է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուներից «Ջերմուկ» գրուպ ՍՊԸ-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի օգտին՝ հոգալով, որ նա Սյունիքի մարզում լուրջ քվեներ ստանա: Ավելին՝ Ս. Խաչատրյանը, ըստ շրջանառվող լուրերի, Արսենյանի օգտին քվեարկողներին 20 հազար դրամ է խոստանում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանը հաստատեց, որ աշխատում է Աշոտ Արսենյանի համար, սակայն ընտրակաշառքի մասին տեղեկությունը համարեց հերյուրանք. «Նման բան չկա ու չի կարող լինել Սյունիքում»:
Հիշեցնենք, որ մինչ այս Արսենյանի համար գործող մարզպետն էր աշխատում: Բայց հիմա Վահե Հակոբյանն էլ է ՀՀԿ-ի թեկնածուն:

 

 

 

ԱՆՏՐԱՄԱԴԻՐ ԷԻՆ
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում երեկ տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսը: Մինչ ՀՎԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը դահլիճում ներկայացնում էր 30 կետից բաղկացած իրենց ծրագիրը եւ փորձում հիմնավորել, որ դրանք իրատեսական են, եւ հնարավոր է կյանքի կոչել իրենց իշխանություն գալու դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ՀՎԿ-ականներից շատերն իրենց կուսակցության առաջնորդին ոչ միայն չէին լսում, այլեւ ակտիվորեն ներսուդուրս էին անում՝ դրսում խոստովանելով, որ դահլիճի միջոցառումը հոգնեցուցիչ է, ձանձրալի, «ներս մտնում ես, գերի ես ընկնում»: Իր տեղը երեկ չէր գտնում ՀՎԿ ռեյտինային թեկնածուներից, Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը: Նրա հետ շրջողներն էլ շտապում էին արդարացնել, որ տրամադրություն չունի: Իսկ երբ Փելեշյանից հետաքրքրվում էին, թե կուսակցության համամասնական ցուցակի որերորդ հորիզոնականն է զբաղեցնում պատգամավորի թեկնածուն, նա հայտարարում էր, որ իրեն չի հետաքրքրում այդ հորիզոնականը:

 

 

 

ՊԱՐՏԱՊԱՆԸ ՓՈԽՎԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 13-ի որոշմամբ՝ թվով 214 քաղաքացիների պահանջների իրավունքը փոխանցվել է «Քիմպրոմ մենեջմենթ» ՓԲԸ-ին: Ասել է, թե «Վանաձոր Քիմպրոմ»-ի պարտքերի մասով պատասխանատվությունն ընկել է «Քիմպրոմ մենեջմենթ» ընկերության ուսերին: Ինչի հիմք է հանդիսացել 2017 թվականի հունվարի 17-ին կնքված պայմանագիրը: Ի դեպ, տեղեկացնենք, որ «Քիմպրոմ Մենեջմենթ» ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 9-ին: Ինչպես հայտնի է՝ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը անցած տարվա օգոստոսի 22-ին որոշել էր «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի սնանկության գործով պարտատերեր «Միջազգային բիզնես կենտրոն» եւ «Երեւան ՋԷԿ» ՓԲԸ-ներին փոխարինել «Քիմպրոմ մենեջմենթ» ՓԲԸ-ով:




Լրահոս