Չի գնահատվում այն, ինչ ներսում է. «Էմփիրեյը» կմասնակցի Music Drive երեւանյան միջազգային փառատոնին

Չի գնահատվում այն, ինչ ներսում է. «Էմփիրեյը»  կմասնակցի Music Drive երեւանյան միջազգային փառատոնին

«Էմփիրեյ» ռոք խումբը մարտի 24-26-ը պատրաստվում է մասնակցել Music Drive երեւանյան միջազգային փառատոնին: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց խմբի անդամ, երաժիշտ Գիսանե Պալյանը:

«Փառատոնին մասնակցելու են տարբեր երկրների առաջատար ռոք խմբեր, բացի մեզնից` Հայաստանից կներկայանան այլ, հիմնականում կայացած, ճանաչված խմբեր եւս: Փառատոնի շրջանակում տեղի կունենա փորձի փոխանակում` արտերկրի խմբերի հետ, իսկ որ ամենակարեւորն է` հանդիսատեսի հետ կենդանի շփում հաստատելու հնարավորություն կընձեռվի: Չէ՞ որ ռոքի փիլիսոփայությումն ու նպատակը հենց մարդկանց էներգետիկա, մեսիջներ փոխանցելն ու ստանալն է: Ռոքն այն երաժշտությունը չէ, որը կարելի է լսել, օրինակ, ընթրելիս, ուտելուն զուգահեռ: Ռոքը տոն է, որը միտված է մարդու մեջ ինչ-որ բան արթնացնելուն»,-մեկնաբանեց երաժիշտը:

Նա նաեւ նկատեց, որ երաժշտական այն խմբերը, որոնք մեկնում են Հայաստանից եւ արտերկրում թեկուզ փոքրիկ հաջողության են հասնում, միանգամից լայն ընդունելություն են ստանում հայրենիքում, իսկ ահա այն խմբերը, որոնք մնում են այստեղ եւ ոչ պակաս նվաճումներ են ունենում, հաճախ անտեսվում են ժողվորդի կողմից. «Ցավալի է, որ չի գնահատվում այն, ինչ ներսում է: Բայց արի ու տես, որ մեր երաժիշտները ոչնչով չեն զիջում արտերկրի երաժիշտներին այն դեպքում, երբ դրսում կազմակերպչական խնդիրները շատ ավելի հեշտ է լուծել: Այնպես որ, փառատոնը հնարավորություն կընձեռի վերագնահատելու ներսի խմբերին»,-շեշտեց Գ. Պալյանը:

Նա, խոսելով «Էմփիրեյ»-ի առաջիկա ծրագրերից, տեղեկացրեց, որ մտադիր են հանդիսատեսին ներկայացնել նոր երգ` հավանաբար տեսահոլովակի տեսքով. «Երգը ներանձնային եւ միջանձնային հարաբերություններում ծագող խնդիրների մասին է»,-ասաց երաժիշտը:

Մենք հետաքրքրվեցինք` «Էմփիրեյ»-ին առաջիկայում կտեսնենք արդյոք ակումբային համերգների շրջանակներում. «Կարծում եմ` կլինեն նման համերգներ, մտածում ենք այդ ուղղությամբ: Եթե նկատել եք` Հայաստանում համերգներ շատ քիչ են կազմակերպվում, դաշտը մեռած է. գուցե այդ գործունեությունը ծախսատար է, իրեն չի էլ արդարացնում: Այդ պատճառով շատ խմբեր սկսում են երգել ակումբներում: «Էմփիրեյը» հիմնականում նախընտրել է ելույթ ունենալ համերգասրահներում այն պարզ պատճառով, որ այդ վայրերում, ի տարբերություն ակումբների, առաջին պլանում է երաժշտությունը»,-եզրափակեց Գ. Պալյանը:

Աննա Բաբաջանյան