ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՇԽՎԵԼՈՒ ԱԺ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում ներկայացրել էր խճճված նոր ընտրական կարգը եւ բացատրել, թե ինչ պետք է իմանա ընտրատեղամաս գնացող ընտրողը: Իրականում ամեն ինչ բարդ է ոչ միայն քվեարկության գործընթացի, այլ նաեւ ձայների հաշվարկի հետ կապված: Այս անգամ կներկայացնենք, թե քվեարկությունից հետո ինչպես է կատարվում ձայների հաշվարկը, եւ ինչպես են բաշխվում մանդատները:

Ինչպես հայտնի է՝ այս անգամ քվեաթերթիկն ունենալու է երկու կողմ. առաջին էջում նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության անվանումը, կուսակցությանը տրված համարը, ինչպես նաեւ համապետական ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները եւ հայրանունները: Իսկ քվեաթերթիկի երկրորդ էջում նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության, տարածքային ցուցակում ընդգրկված թեկնածուների ազգանունները, անունները եւ հայրանունները՝ այբբենական հերթականությամբ: Թեկնածուների անունների աջ կողմում կլինեն դատարկ քառանկյուններ՝ նշում կատարելու համար: Հենց այս կողմում էլ պետք է կատարվի քվեարկությունը:
Անդրադառնանք մանդատների բաշխման կարգին. նախ նշենք, որ մանդատների բաշխման մասին որոշում ընունվում է այն դեպքում, եթե ընտրություններին մասնակցող կուսակցություններից կամ դաշինքներից մեկը մանդատների բաշխման արդյունքում ստացել է առնվազն 53 մանդատ: Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն ուժերի ընտրական ցուցակների միջեւ, որոնք ստացել են կուսակցությունների դեպքում՝ 5, իսկ դաշինքի դեպքում՝ 7 տոկոս ձայն: Մանդատների բաշխման կարգը հետեւյալն է. յուրաքանչյուր ուժին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, արդյունքը բաժանվում է նվազագույն շեմը հաղթահարած ուժերին կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, եւ առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք էլ յուրաքանչյուր ուժին հասանելիք մանդատների թվերն են:
Եթե ուժի ստացած մանդատների թիվը զույգ է, ապա մանդատների թվի 50 տոկոսին հավասար թվով մանդատներ տրվում են համամասնական ցուցակի թեկնածուներին, մյուս 50-ը՝ ռեյտինգային: Եթե ուժի ստացած մանդատների թիվը կենտ է, ապա մանդատների թվի 50 տոկոսի ամբողջ մասին հավասար թվով մանդատներ տրվում են ուժի համապետական ցուցակի թեկնածուներին, մնացած մասն էլ բաշխվում է տարածքների միջեւ:
Յուրաքանչյուր տարածքին հասանելիք մանդատների թիվը որոշվում է՝ ըստ յուրաքանչյուր տարածքի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.
Գտ = Կտ Մտ +1, որտեղ` Գտ-ն տարածքի գործակիցն է, Կտ-ն՝ տվյալ տարածքում կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը, Մտ-ն՝ հերթական մանդատի համար տարածքի գործակիցը հաշվելիս այդ տարածքին արդեն բաժին հասած մանդատների ընդհանուր թիվն է:
Գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող տարածքը ստանում է մեկ մանդատ: Հաջորդ թափուր մանդատը ստանում է մյուս տարածքների համեմատ առավել մեծ գործակից ունեցող տարածքը: Գործակիցների հաշվարկը կրկնվում է մինչեւ բոլոր մանդատները բաշխվեն: Հավասար` ամենամեծ գործակիցների դեպքում մանդատը բաշխվում է վիճակահանությամբ: Պատգամավորների 4 մանդատ բաշխվում է ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջեւ` ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրին` մեկ մանդատ սկզբունքով: Այդ նպատակով մանդատները բաշխվում են արգելապատնեշը հաղթահարած ուժերի միջեւ:
Ազգային փոքրամասնության ներկայացուցիչների մանդատներն ուժերի միջեւ բաշխվում են ըստ գործակիցների նվազման հերթականության: Հավասար գործակիցների դեպքում մանդատը բաշխվում է վիճակահանությամբ: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մանդատները բաշխելիս՝ ուժը մանդատը տրամադրում է իր ցուցակի՝ դեռեւս մանդատ չունեցող առավել փոքր հերթական համար ունեցող ազգային փոքրամասնությանը: Եթե այդպիսին չկա ուժի ընտրական ցուցակի երկրորդ մասում, ապա բաշխման հերթը փոխանցվում է մեծությամբ հաջորդ գործակից ունեցող ուժին:
Եթե որեւէ ուժ ընտրության արդյունքով ստանում է մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը, սակայն 54 տոկոսից պակաս, ապա այդ ուժը ստանում է այնքան լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում այդ ուժի մանդատների տոկոսի ամբողջ մասը հավասար լինի 54 տոկոսի: Եթե որեւէ ուժ ընտրության արդյունքով ստանում է մանդատների ընդհանուր թվի 2/3-ից ավելին, ապա մյուս ուժերը ստանում են այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում նրանց մանդատների ընդհանուր թիվը լինի Ազգային ժողովի մանդատների ընդհանուր թվի 1/3-ը կամ ավելին: Եթե տվյալ ուժի համամասնական ցուցակում ընդգրկված է որեւէ թեկնածու, ով առաջադրվել է նաեւ ռեյտինգային ընտրակարգով եւ տվյալ տարածքում անցողիկ շեմ հավաքել, ապա նա խորհրդարան է մտնում որպես այդ ընտրակարգով անցած թեկնածու եւ նրա փոխարեն համամասնական ցուցակով խորհրդարան կմտնի տվյալ թեկնածուին հաջորդող թեկնածուն: Ինչպես կարելի է եզրակացնել ներկայացվածից՝ իրականում մանդատների բաշխման կարգն ու հաշվարկը բավական բարդ է եւ կարող է ժամեր տեւել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 
ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՄՈՒՐԱԲԱ ՉԻ ԲԱԺԱՆՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը «Հայկական վերածնունդ» կուսակցության ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է: Նշենք, որ Հովհաննիսյանը արդեն 26 տարի է, ինչ Ոսկեվազի գյուղապետն է: Նա 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին նախկին ՕԵԿ-ի մեծամասնական ընտրակարգով եւս առաջադրվել է: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանի հետ:

-Պարո՛ն Հովհաննիսյան, Ձեր նախընտրական քարոզարշավը ինչպե՞ս եք անցկացնում:
-Նախապատրաստվում եմ վաղվա (այսօր-Ս.Հ.) հանդիպմանը. Արթուր Բաղդասարյանը պետք է մարդկանց հետ հանդիպի Աշտարակում, Ծաղկահովիտում եւ Ապարանում: Իսկ ընդհանուր, բոլոր քաղաքական ուժերն էլ մեզ մոտ աշխատում են, նույնիսկ մի քանիսը մեր գյուղում նախընտրական շտաբներ են բացել: Չէ՞ որ մեր գյուղը 3500 ընտրող ունի:
-Դուք ունե՞ք նախընտրական շտաբ:
-Ես ինչի՞ շտաբ բացեմ, եթե իմ գյուղացիները ինձ ճանաչում են: Ես համեստորեն եմ պայքարում: Ես խնդիր չունեմ, իրենց շտաբ բացելը ինձ չի խանգարում:
-Ինչպե՞ս են վերաբերում համագյուղացիները Ձեր առաջադրվելու որոշմանը:
-Չեմ կարող ասել, որ բոլորը ողջունում են: Բայց ես պայքարելու եմ իմ ձեւով… գյուղեր կայցելեմ, կզրուցեմ մարդկանց հետ: Մարզի 80-90 տոկոսը ճանաչում է ինձ: Ես արդեն 26 տարի է՝ աշխատում եմ որպես համայնքի ղեկավար, իսկ 18 տարի է, ինչ այս ՀՎԿ-ում եմ եւ երբեք չեմ լքել կուսակցությունը՝ ո՛չ իշխանության եւ ո՛չ էլ ընդդիմության մեջ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, կուսակցությունը Ձեզ մանդատ խոստացե՞լ է, թե՞ փորձում է Ձեր հնարավորություններն օգտագործել՝ կուսակցության օգտին ձայն հավաքելու համար:
-Հարցը մանդատ խոստանալը չէ… ես չեմ պայքարում իմ մանդատի համար: 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին մոտ 14 հազար ձայն եմ բերել:
-Քարոզարշավի համար արձակուրդի ե՞ք մեկնել:
-Անպայման, ես արձակուրդի մեջ եմ:
-Ո՞ւմ հաշվին եք մեկնել արձակուրդի, պետությա՞ն, թե՞ Ձեր հաշվին:
-Ինձ օրենքով հասանելիք արձակուրդն է: Գյուղապետի պարտականությունները ժամանակավորապես դրված են գյուղապետի տեղակալի վրա:
-Այդ ընթացքում գյուղապետարան ելումուտ չե՞ք անում:
-Դե, անցնում եմ, մտնում ու շուտ դուրս եմ գալիս, հարցեր են լինում, իրենք են մոտենում:
-Ձեզ ընտրելու համար արդեն մուրաբաներ, բնական հյութեր բաժանե՞լ եք բնակիչներին:
-Ո՞վ է բաժանել: Ես 2012 թվականին 14.000 ձայն եմ բերել, բայց մուրաբա չեմ տեսել: Կարող եք հետաքրքրվել: Մուրաբան ի՞նչ է, չեմ հասկանում:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
2016թ. սեպտեմբերի 18-ին Տավուշի մարզի բազմաթիվ համայնքներում կայացան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Խոշորացված Այրում համայնքի մաս կազմող Պտղավան գյուղի 40/5 ընտրական տեղամասում այդ օրը ստորագրել էին ընտրացուցակներում ընդգրկված Պտղավան գյուղի մահացած բնակիչ Վասիլի Արամի Ղեւոնդովի անվան դիմաց եւ կատարել քվեարկություն: Սեպտեմբերի 27-ին դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի բաժնում քրեական գործ էր հարուցվել: Տավուշի մարզային քննչական վարչությունից տեղեկացանք, որ քրեական գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, գործն ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Այդ գործով 40/5 ընտրական տեղամասի հանձնաժողովի կին անդամին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153 հոդվածի 1-ին մասով (Կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը): Սույն քրեական հոդվածով բնութագրվող հանցագործությունը պատժվում է 500-700 հազար դրամի չափով տուգանքով կամ 2-3 տարի ժամկետով ազատազրկմամբ: Ուրիշի փոխարեն քվեարկած կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Առաջիկայում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կկայանա տվյալ գործով դատաքննությունը:

 

 

ՏԱՎՈՒՇԻ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՑ ԿԱԹ ԿԳՆԵ՞Ն
2017թ. տարեմուտին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ասուլիսի ժամանակ լրագրողները հարց բարձրացրին, որ Ֆրանսիայի հայկական խորհրդի կողմից հիմնադրված «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի Լուսաձոր գյուղի պանրի արտադրամասում արտադրված պանիրը Տավուշի մարզում չի վաճառվում, այն առաքվում է Ռուսաստան: Գրավոր դիմեցինք Տավուշի մարզպետարան՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ այդ հիմնադրամի Լուսաձորի պանրի արտադրամասի պանիրը սահմանամերձ Տավուշի մարզի խանութներում չի վաճառվում, այդ արտադրամասը Տավուշի մարզի ֆերմերներից կաթ չի գնում, փոխարենը մթերում է Գեղարքունիքի մարզի ֆերմերների կաթը: Մարզպետարանից ստացանք հետեւյալ պատասխանը. «Ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն, եւ մարզի համայնքներում արդեն տեղեկացված են, որ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձորի պանրի ընդլայնված արտադրամասի կողմից սահմանված չափանիշներին կաթի համապատասխանության դեպքում, արտադրամասի կողմից կաթը կընդունվի: Լուսաձորում արտադրված պանիրը վաճառվում է հենց արտադրամասում, առկա է նաեւ որոշ խանութներում»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս