Քաղաքական ուժերն արձագանքում են «Սասնա ծռերի» ընդվզման կոչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարությունը եւ «Սասնա ծռեր» խմբի անդամները հայտարարություն են տարածել՝ դիմելով ՀՀ քաղաքացիներին եւ իրապես ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ աշխարհազոր ստեղծելու եւ ընդվզում սկսելու կոչով:

«ժողովուրդ»-ը խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից փորձեց պարզել, թե ինչպես են արձագանքում ընդվզման կոչին:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի եւ «Սասնա ծռեր»-ի մոտեցումներն ընդհանրապես ընտրությունների նկատմամբ իրենց համար նորություն չեն. «Իրենք գտնում են, որ ընտրությունները բոյկոտելով կլուծվի իշխանափոխության խնդիրը, մենք գտնում ենք, որ ընտրությունները միգուցե ոչ ամենալավ, բայց միակ հնարավորությունն է իշխանություն փոխելու: Մենք գտնում ենք, որ պետք է շարժվենք մեր օրակարգով»,- ասաց Սաֆարյանը:

Կոմունիստական կուսակցությունը եւս կտրականապես մերժեց ընդվմզան եւ բոյկոտի կոչը: Կուսակցապետ Տաճատ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ինչպես կարելի է այսպիսի պատմական ժամանակահատվածում, երբ հանրապետությունն այնքան էլ լավ սոցիալական վիճակում չի գտնվում, այդպիսի անլուրջ հայտարարություն անել, մենք կտրականապես մերժում ենք, եւ այդ մասին երկու կարծիք լինել չի կարող»:

«Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանը սա եւս աբսուրդ համարեց եւ նշեց.«Բոյկոտը Հանրապետականի համար կարմիր գորգ է դեպի իշխանություն»:

Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չցանկացավ որեւէ կերպ մեկնաբանել այդ հայտարարությունը՝ նշելով. ««Հիմնադիր խորհրդարան»-ի ասածները ես երբեք չեմ մեկնաբանում»:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունինց արձագանքելով այդ հայտարարությանը՝ նշեցին, որ հարգում են «Հիմնադիր խորհրդարանի» եւ «Սասնա ծռերի» այդ մոտեցումը, բայց այն ընդունելի չեն համարում.«Քանի որ ընտրությունները սարերի ետեւում չեն, եւ մեր երկրում նոր իշխանություն պետք է ձեւավորվի»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց կուսակցության պատգամավորության թեկնածու Հովհաննես Մարգարյանը:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ այս պահին իրենց օրակարգում մեկ հարց է՝ ընտրությունների միջոցով մեր երկրում իշխանափոխություն իրականացնելը. «Մենք հարգանքով ենք վերաբերվում բոլոր քաղաքական ուժերի տեսակետներին, քաղաքական օրակարգին, բայց «Ծառուկյան» դաշինքը վստահ է, որ ունի հնարավոր ներուժը ընտրողի քվեի ուժով ապրիլի 2-ին մեր երկրում իրականացնել իշխանափոխություն:

Ինչ վերաբերում է հետընտրական զարգացումներին, այս պահին ես որեւէ կանխատեսում անել չեմ կարող»,- ասաց Զոհրաբյանը: Իսկ հարցին, թե ինչ են պատրաստվում անել, եթե ընտրությունները կեղծվեն, պատգամավորը պատասխանեց. «Եթե ընտրությունները կեղծվեն, «Ծառուկյան» դաշինքը լինելու է ժողովրդի կողքին»:

«Կոնգրես-ՀԺԿ» եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչներից որեւէ պարզաբանում ստանալ չհաջողվեց: ՕՐՕ-ից երեկ երեկոյան նշեցին, որ պետք է դեռ ծանոթանան այդ հայտարարությանը, իսկ «Կոնգրես-ՀԺԿ»-ից որեւէ հստակ պատասխան տալ հրաժարվեցին: ՀԱԿ վարչության խորհրդի քարտուղար Սամվել Աբրահամյանն ասաց, որ շատ երկար է իրենց տեսակետը, եւ չարտահայտվեց, իսկ դաշինքի պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանն էլ նշեց, թե բա ուշ է, չեմ կարող պատասխանել:

Վահագն Հակոբյան




Լրահոս