ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ՝ ԲԱԺՆԵՏԵՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակելով խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի թեկնածուների հայտարարագրերի ներկայացումը՝ այս անգամ անդրադառնում է դաշնակցական թեկնածուներին:

Շահույթով թեկնածուն
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, որը ՀՅԴ համամասնական ցուցակով առաջադրված թեկնածու է, ունի մեկ բնակարան, մեկ բնակելի տուն, մեկ հասարակական նշանակության շինություն: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը՝ 7 մլն 949 հազար դրամը, «Պրոտան» ընկերությունից ստացած 9 մլն դրամի, «Նետրինո»-ից 21 մլն դրամի եւ «Իզոտոպ Դելտա»-ից՝ 9.6 մլն դրամի շահույթը: Նախարար-թեկնածուի դրամական միջոցները կազմում են 4000 դոլար, 2000 եվրո եւ 4.4 մլն դրամ: Նշենք, որ Լոքյանը «Նետրինո» ընկերությունում ունի 9 տոկոս, «Պրետոն»-ում՝ 4 տոկոս, «Իզոտոպ Դելտա»-ում՝ 5 տոկոս բաժնեմաս:

Չաշխատող հարուստը
Իսկ ահա կրտսեր՝ Սերգեյ Լոքյանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած իր պաշտոնական հայտարարագրում նշել է, որ չի աշխատում: Չունի շարժական եւ անշարժ գույք: Փոխարենը 5 մլն 251 հազար դրամի չափով շահաբաժին է ստացել «ԱյուդաԼոս»-ից, 60 մլն դրամի շահաբաժին էլ՝ «Վայբլ» ընկերությունից: Ի դեպ, Լոքյանը 20 տոկոս բաժնեմաս ունի «ԱյուդաԼոս» ընկերությունում, 25 տոկոս՝ «Վայբլ»-ում: Երիտասարդ Լոքյանի դրամական միջոցները կազմում են 3 մլն դրամ, 4700 դոլար եւ 1800 եվրո:

Ռուբլիով դաշնակցականը
ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ՀՅԴ համամասնական ցուցակով առաջադրված Լեւոն Մկրտչյանն ունի երկու բնակարան, մեկ ավտոտնակ, մեկ հողամաս, մեկ ավտոմեքենա: Նա շահաբաժին է ստանում երեք ընկերություններից: Ի դեպ, դրանք այն ընկերություններն են, որոնցից շահաբաժին ունեն նաեւ հայր եւ որդի Լոքյանները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Մկրտչյանը «Իզոտոպ Դելտա» ընկերությունում ունի 5 տոկոս, «Նետրինո»-ում՝ 10 տոկոս, «ԱյուդաԼոս»-ում՝ 20 տոկոս բաժնետոմս: Այսպես՝ ԿԳ նախարարի պաշտոնական հայտարարագրից տեղեկացանք, որ նա «Իզոտոպ Դելտա» ընկերությունից ստացել է 9.1 մլն դրամ, «Նետրինո»-ից՝ 23.5 մլն դրամ, «ԱյուդաԼոս» ընկերությունից՝ 15.9 մլն դրամ շահաբաժին: Նա բանկերից մեկից ստացել է 488 հազար դրամի եւ 7183 դոլարի չափով փոխառություն: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է նաեւ երկու վայրից ստացած աշխատավարձը. Երեւանի պետական համալսարանից որպես աշխատավարձ ստացել է 707 հազար դրամ, իսկ նախարարությունից՝ 5.6 մլն դրամ: Մկրտչյանի դրամական միջոցները կազմում են 20 հազար դոլար, 165 հազար ռուսական ռուբլի, 115 հազար եվրո, 7 մլն դրամ:

Բազմազբաղը
Իսկ ՀՅԴ համամասնական ցուցակով առաջադրված ԱԺ պատգամավոր Կարեն Շախմուրադյանն ունի երկու բնակարան, բնակելի մեկ տուն, մեկ նկուղ, մեկ հողամաս, մեկ ավտոմեքենա: Որպես եկամուտ նա հայտարարագրել է 6 ընկերությունից ստացած աշխատավարձը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 38 մլն դրամ: Ի դեպ, նա աշխատավարձ ստանում է «Մուրան, «Մեգնա», «Ֆորա», «Գալոպեր», «Կարկոմավտո», «Վեկար» ընկերություններից: «ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նշված ընկերություններում Շախմուրադյանն ունի բաժնեմասեր: Բացի այս՝ նա բաժնեմասեր ունի նաեւ «Ֆորա Պրեմիում», «Արմենիկա Լադա», «Արարատ Լադա» եւ «D.M. Sali s.r.o» ընկերություններում: Բացի այս՝ պատգամավորի աշխատավարձը կազմում է 5 մլն 741 հազար դրամ, իսկ ստացած փոխառությունը՝ 20 մլն դրամ: Շախմուրադյանի դրամական միջոցները կազմում են 51 մլն դրամ, 93 հազար դոլար եւ 4 000 եվրո:

Դոլարով պատգամավորը
ՀՅԴ համամասնական ցուցակով առաջադրված, ԱԺ պատգամավոր Արմեն Բաբայանը հայտարարագրել է, որ ունի երկու բնակարան, երկու ավտոմեքենա: Նա որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը՝ 6 մլն 35 հազար դրամ, Կոնվերս բանկից ստացած փոխառությունը՝ 60 հազար դոլար: Բաբայանի դրամական միջոցները կազմում են 5 մլն դրամ, 215 հազար դոլար:

Փայաբաժնով օգնականը
Հյուսիսային համալսարանի ռեկտորի օգնական, ՀՅԴ-ով առաջադրված Ռայա Ջանինյանը, հայտարարագրել է 6 հատ շենք-շինություն: Նա որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ստացել է Հյուսիսային համալսարանից՝ 1 մլն 210 հազար դրամի չափով: Նա նաեւ 15 մլն դրամի փայաբաժին ունի Հյուսիսային համալսարանից, որտեղից էլ ստացել է նաեւ 40 մլն դրամի չափով վարձավճար: Տիկին Ռայայի դրամական միջոցը կազմում է 16 մլն դրամ: Իսկ «Հյուսիսային համալսարան» ընկերությունում նա ունի 26.57 տոկոս փայաբաժին:

Լողավազանով թեկնածուն
ՀՅԴ-ից առաջադրված թեկնածու Արթուր Աթայանը հայտարարագրել է, որ ունի երկու հատ բնակելի տուն, 4 հատ շինություն, 4 հատ տնամերձ հողամաս, 4 հատ հողամաս, մեկ հատ լողավազան, մեկ հատ բնակարան եւ երկու հատ ավտոմեքենա: «ժողովուրդ»-ը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ «Վայբլ» ընկերությունից ստացել է 60 մլն դրամի չափով շահաբաժին: Նույն ընկերությունից նա ստացել է նաեւ 432 հազար դրամ վարձավճար: Բացի այս՝ Աթայանը 201 մլն 339 հազար դրամով վաճառել է իր բաժնեմասերը: Իսկ դրամական միջոցները կազմում են 40 մլն դրամ, 20 հազար դոլար: Նա նաեւ «Առտ-Շեյպինգ» ընկերության 100 տոկոսի բաժնետերն է:

Փողատեր ծնունդ-օգնականը
«Թիվ 19 պոլիկլինիկա» ընկերության տնօրեն Սամվել Սարգսյանը ունի մեկ բնակարան, բազմաբնակարանային մեկ շենք եւ երկու հատ ավտոմեքենա: Որպես եկամուտ նա հայտարարագրել է պոլիկլինիկայից ստացած իր աշխատավարձը՝ մոտ 3.5 մլն դրամ, «Ս. Սարգսյան եւ գործընկերներ» ընկերությունից՝ 1 մլն 557 հազար դրամի աշխատավարձը: Ըստ պաշտոնական հայտարարագրի՝ նա ««Էլեն Նար» ծնունդօգնության կենտրոն» ընկերությունից ստացել է 5 մլն 360 հազար դրամ, «Ս. Սարգսյան եւ գործընկերներ» ընկերությունից՝ 7 մլն 610 հազար դրամ շահաբաժին: Նա նաեւ վարկ է վերադարձրել 7 մլն 410 հազար դրամի եւ 11 մլն դրամի չափով: Թեկնածուի դրամական միջոցները կազմում են 15 մլն 970 հազար դրամ, 10 հազար դոլար: Ի դեպ, Սարգսյանը համարվում է «Ս. Սարգսյան եւ գործընկերներ» ընկերության՝ 70, իսկ ««Էլեն եւ Նար» ծնունդօգնության կենտրոն» ընկերությունների՝ 50 տոկոսի բաժնետերը:

Չի աշխատում, բայց փող ունի
ՀՅԴ-ից առաջադրված մեկ այլ թեկնածու՝ Սամսոն Հակոբյանը, չի աշխատում, չունի շարժական, թանկարժեք եւ անշարժ գույք: Նա հայտարարագրել է, որ եկամուտ չունի: Բայց նրա դրամական միջոցները կազմում են 87 հազար դոլար եւ 65 հազար եվրո:

Թանկարժեք խորհրդատուն
ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու, ՀՅԴ-ցուցակով առաջադրված Իշխան Սաղաթելյանը հայտարարագրել է, որ ունի երկու բնակարան եւ երեք հատ ավտոմեքենա: Բացի այս՝ նա որպես թանկարժեք գույք հայտարարագրել է 10 մլն դրամանոց մատանին: Թեկնածու իրավախորհրդատուի դրամական միջոցները կազմում են 65 մլն դրամ, 150 հազար դոլար, 25 հազար եվրո, 1.5 մլն ռուսական ռուբլի:

Զարդերով տնօրենը
«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ընկերության տնօրեն Լեւոն Գրիգորյանը ունի 3 հատ բնակարան, մեկ ավտոտնակ, մեկ ամառանոց, մեկ հողամաս, մեկ հատ ավտոմեքենա: Նա որպես թանկարժեք գույք հայտարարագրել է 10 մլն դրամի նկարներ, 20 մլն դրամի զարդեղեն: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը՝ 13 մլն դրամ, «Պրոտոն», «Ալֆամագ» ընկերություններից՝ 12 մլն դրամ շահաբաժին, իսկ «Մաքսս մեդ» ընկերությունից՝ 10 մլն դրամ: Նրա դրամական միջոցները կազմում են 120 հազար դոլար, 20 հազար եվրո, 40 մլն դրամ: Ի դեպ, նա «Պրոտոն» ընկերությունում ունի 2, «Ալֆամագ»-ում՝ 3 իսկ «Մաքս մեդ»-ում՝ 40 տոկոս բաժնետոմս:

Դոլարով փոխմարզպետը
ՀՀ Արարատի փոխմարզպետ Հայրապետ Բաբայանը հայտարարագրել է, որ ունի անհատական բնակելի երկու տուն, հասարակական նշանակության երեք շինություն եւ երկու հատ ավտոմեքենա: Որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը՝ երկու աշխատավայրից ստացած. այսպես՝ Արարատի մարզպետարանից նա ստացել է 3 մլն 580 հազար դրամ, «Հրաշք» ընկերությունից՝ 440 հազար դրամ: Իսկ «Արմենտել» ընկերությունից վարձակալության դիմաց նա ստացել է 2 մլն 16 հազար դրամ: Դաշնակցական փոխմարզպետի դրամական միջոցները կազմում են 20 հազար դոլար եւ 19 մլն դրամ:

Շահույթով գյուղատնտեսը
ՀՅԴ ցուցակով առաջադրված «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի Խաչաձորի տեղամասի պետ Հունան Հարությունյանն ունի մեկ բնակելի տուն եւ մեկ հողամաս: Որպես եկամուտ նա հայտարարագրել է 160 հազար դրամ աշխատավարձը, գյուղատնտեսությունից ստացած 8.2 մլն դրամ շահույթը, Ա/Ձ Հունան Հարությունյանից՝ 1.3 մլն դրամ շահույթը: Նրա դրամական միջոցները կազմում են 7 մլն 150 հազար դրամ եւ 2.2 մլն դոլար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս