ԿԸՀ-Ն ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՐԱՐՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին որոշ ԶԼՄ-ներ գրել էին, որ մարտի 19-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրել է իրեն ժամացույց նվիրել: Իսկ վարչապետը իր խորհրդականին հանձնարարել է վերցնել քաղաքացու տվյալները, որպեսզի ժամացույցը փոխանցեն: «Ժողովուրդ» օրաթերթը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից փորձեց պարզել՝ արդյո՞ք Կարապետյանի այդ արարքը ընտրական օրենսգրքի պահանջների խախտում չէ, ինչո՞ւ է լռում ԿԸՀ-ն եւ աչք փակում Կարապետյանի այդ արարքի վրա:

-Պարո՛ն Մուկուչյան, ԿԸՀ-ն ՀՀԿ-ի ԱԺ պատգամավորության թեկնածու Առաքել Մովսիսյանին երկրորդ անգամ է զգուշացում արել: Մինչ այդ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին էր զգուշացում արվել: Դուք այլ խախտումներ չեք արձանագրե՞լ:
-Ո՛չ, այս ընթացքում նկատվել են տարբեր այլ իրավախախտումներ, որոնք կատարվել են այլ կուսակցությունների կողմից: Դրանք հիմնականում արտահայտվել են չսահմանված վայրերում պաստառներ փակցնելով, չափից ավելի մեծ պաստառներ փակցնելով՝ ոչ թույլատրելի: Բոլոր դեպքերում էլ օպերատիվ կապը կա լիազոր ներկայացուցիչների հետ: Նախազգուշացվում են, հանվում են, վերացվում են եւ բավականին ակտիվ աշխատում են նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները:
-Մամուլը գրեց, որ մարտի 19-ին Սպիտակ քաղաքում՝ քարոզարշավի ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանը քաղաքացուն խոստացել է ժամացույց նվիրել: Սա ընտրախախտո՞ւմ չէ:
-Ես անձամբ տեղյակ չեմ, անկեղծ ասած, հետեւաբար չեմ կարող որեւէ դատողություն անել:
-Հիմա մենք տեղեկացնում ենք, արդյո՞ք դա ընտրախախտում չէ:
-Յուրաքանչյուր հանգամանք պետք է գնահատվի՝ դիտարկելով բոլոր մանրամասն հանգամանքները: Հիմա եթե մենք այդ հանգամանքը չենք տեսել կամ չենք նկատել կամ ծանոթ չենք փաստական հանգամանքներին, որեւէ դատողություն անել չենք կարող:
-Բայց պարո՛ն Մուկուչյան, մամուլը գրել է այդ մասին: Վարչապետին խնդրել են ժամացույց նվիրել, եւ նա իր օգնականին հրահանգել է վերցնել քաղաքացու տվյալները, որպեսզի նրան փոխանցեն այդ ժամացույցը:
-Ես, անկեղծ, գուցե շատ մեծ է լրահոսը, համենայն դեպս, դրան չեմ հետեւել, ծանոթ չեմ Ձեր ասածին: Երբ որ կծանոթանանք, փաստական հանգամանքները կուսումնասիրենք, մանրամասն այդ մասին եւս տեղյակ կպահենք:
-Հնարավո՞ր է՝ ԿԸՀ-ին հրահանգվել է վարչապետին զգուշացում չկատարել, որպեսզի դա չազդի նրա վարկանիշի վրա:
-Այսի՞նքն, ո՞վ է հրահանգել:
-Իշխող կուսակցությունը:
-Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրականացնում է իր գործառույթները եւ եթե հայտնաբերում է նախընտրական քարոզչության ընթացքում ընտրական օրենսգրքի պահանջների խախտումներ, միանշանակ արձագանքում է:
-Իսկ Գագիկ Ծառուկյանի զգուշացո՞ւմն էլ էր բացառապես ԿԸՀ-ի նախաձեռնությունը, թե՞ այդ հարցում եւս կային մեսիջներ:
-Զգուշացումը հնչել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, եղել է շատ հստակ, եւ ես չեմ կարծում, որ որեւէ մեկը պետք է փորձի այդտեղ հետին մտքեր տեսնել:
-Իսկ ինչո՞ւ է ԿԸՀ-ն ՀՀԿ-ի դեպքում շատ զգուշավոր:
-Իսկ Առաքել Մովսիսյանը ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկված թեկնածու չէ՞: Հանգամանքը եղավ նաեւ նրա պարագայում:
-Վարչապետն էլ է ՀՀԿ-ական:
-Ցանկացած քաղաքական ուժի հետ կապված, եթե հայտնաբերվում են թերություններ, նույն մոտեցումն է, նույն արձագանքը:
-Այնուամենայնիվ, ԿԸՀ-ն կուսումնասիրի՞ Կարեն Կարապետյանի այդ արարքը:
-Մենք փորձում ենք հետեւել բոլոր-բոլոր հանգամանքներին, եթե այդ հանգամանքները գտնում ենք նախընտրական քարոզչության խախտումներ, անմիջապես դրան արձագանքում ենք: Ասացիք, տեղեկացանք, կուսումնասիրենք, կտեսնենք, եթե կլինեն նմանատիպ խնդիրներ, դրանց կարձագանքենք, կբարձրաձայնենք հրապարակային այդ մասին:
-Ըստ Ձեզ՝ ընտրական միջադեպերը, բախումները ստվեր չե՞ն գցում ընտրությունների վրա:
-Գիտեք, ընտրական գործընթաց է, եւ ընտրական գործընթացի ժամանակ տեղի են ունենում նաեւ տարբեր միջադեպեր: Այդպիսի միջադեպերը նաեւ առօրյա կյանքի ընթացքում են տեղի ունենում, բայց երբեւէ նման արձագանքների կամ նման մեկնաբանությունների մենք չենք հանդիպում: Իհարկե, ցանկացած, այսպես ասենք, ոչ ընտրական օրենսգրքի տրամաբանության եւ, ընդհանրապես, ՀՀ օրենսդրությունից դուրս արարք միշտ էլ մտահոգող է: Բայց ես կարծում եմ, որ ընտրական գործընթացի առումով, այն ընթանում է իր բնականոն հունով:
-Այս պահին միանշանակ կարո՞ղ եք պնդել, որ ընտրությունների օրը կմնա անփոփոխ:
-Ընտրությունների օրը նշանակված է, եւ ԿԸՀ-ն իր բոլոր գործառույթներն իրականացնում է այդ օրվա հաշվարկով:

 

 

 
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳՈՎ ՕԳՆՈ՞ՒՄ ԵՆ «ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ» ԴԱՇԻՆՔԻՆ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը ջանք ու եռանդ չի խնայում՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին խորհրդարան բերելու համար: Դաշինքին հովանավոր տրամադրելուց բացի՝ ի դեմս գործարար Խաչատուր Սուքիասյանի, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ իշխանությունն իր հովանավորյալներին հրահանգել է նաեւ տեղերում աշխատել դաշինքին ձայներ նվիրելու համար: Նույնիսկ մարդկանց տեղերում ստիպում են աշխատել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի օգտին:

Քանի որ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը անգամ 5 տոկոս արգելանքը չի հաղթահարի, ավելին՝ դաշինքի նախընտրական քարոզչություններն անցնում են սակավամարդ՝ ի տարբերություն ՀԱԿ-ի նախորդ տարիների հանրահավաքների, ՀՀԿ-ում կազմակերպված ձեւով տեսակետ են ձեւավորում, թե քարոզչության վերջում` ընտրություններից թեկուզ մեկ-երկու օր առաջ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունենա, դաշինքի վարկանիշը կտրուկ կբարձրանա, եւ նրանց կհաջողվի զբաղեցնել անգամ երրորդ հորիզոնականը` զիջելով ՀՀԿ-ին եւ «Ծառուկյան» դաշինքին: Եւ ՀԱԿ-ում այնքան հանգիստ են, որ նույնիսկ քարոզարշավ, որպես այդպիսին, չեն իրականացնում:
Եւ այս համատեքստում պատահական չէ, որ 1998 թվականից հետո առաջին անգամ Տեր-Պետրոսյանը հյուրընկալվել էր իր իսկ կողմից մերժված ու մշտապես քննադատված Հանրային հեռուստաընկերություն եւ երեկ եթերից ներկայացնում էր իրենց դաշինքի ծրագրի ամենաառանցքային թեզը` խաղաղության բանաձեւը, որն անընդունելի է գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը միակն էր, որ ապրիլյան դեպքերի ժամանակ սատարեց Սերժ Սարգսյանի իշխանությանը, որը 800 հա տարածք կորցրեց: Հիմա էլ Տեր-Պետրոսյանը լոբբինգ է անում, թե պետք է ազատագրված տարածքները հանձնել, որպեսզի «լավ ապրենք»: Ու քանի որ ՀԱԿ-ը աջակցեց ՀՀԿ-ին, նրանք էլ «հիմա պատասխանում են» օժանդակությամբ:
Ու իշխանության այս աջակցությանն ի պատասխան՝ ՀԱԿ-ից Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին անվանական չեն քննադատում` բավարարվելով ընդհանուր ձեւակերպումներով: Ինչպես ասում են` քվե` լռության դիմաց: «Ժողովուրդ»-ը այս տեղեկությունների մասին փորձեց զրուցել ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանի հետ: Վերջինս, սակայն, լսելով շրջանառվող լուրերի մասին՝ շտապեց այն ընդամենը որակել հիմարություն եւ դրան անդրադարձավ ընդամենը մեկ նախադասությամբ. «Ես հիմարությունների չեմ պատասխանում»,-ասաց Մանուկյանը: Անդրադառնալով նաեւ այն դիտարկմանը, որ ՀՀԿ-ականները կազմակերպված ձեւով տեսակետ են ձեւավորում, թե քարոզչության վերջում, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունենա, կբարձրանա «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի վարկանիշը, եւ այդ կերպ կհաջողվի զբաղեցնել երանելի երրորդ հորիզոնականը, Մանուկյանը կրկին ադ տեղեկությունները հիմարություն որակեց եւ նույն կերպ արձագանքեց դրան:
Ինչեւէ: Արդյոք իշխանությունների օգնությամբ այդ դաշինքին կհաջողվի մեծ ներկայություն ունենալ առաջիկայում ձեւավորվող խորհրդարանում, պարզ կդառնա ապրիլի 2-ից հետո:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 
ԴՈՒՐՍ ԳՐՎԵՑ
ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբայրը` Լեռնիկ Երանոսյանը, դուրս է գրվել հիվանդանոցից. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկ Անատոլի Գնունին: Հիշեցնենք, որ մարտի 12-ին Ջրառատ համայնքում ՕՐՕ դաշինքի նախընտրական հանդիպումից հետո ՕՐՕ-ի համակիրների եւ ՀՀԿ-ական գյուղապետ Սմբատ Գալստյանի թիմակիցների միջեւ միջադեպ էր տեղի ունեցել: Այդ միջադեպի ակտիվ մասնակիցներից մեկն էլ Լեռնիկ Երանոսյանն էր, որը նույնիսկ ատրճանակից կրակոցներ էր արձակել դեպի օդ: ՕՐՕ դաշինքի համակիրներն էլ հարձակվել էին նրա վրա, զինաթափել ու ծեծի էին ենթարկել՝ պատճառելով լուրջ վնասվածքներ, միջադեպից հետո Երանոսյանը գանգուղեղային փակ վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց: Ի դեպ, հիշեցնենք, որ Լեռնիկ Երանոսյանի անունը մամուլին հայտնի դարձավ նախորդ տարվա ամռանը՝ Սարի թաղի բողոքի ակցիաների ժամանակ. նա էր համակարգել ոչ միայն ցուցարարների, այլեւ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների վրա ոստիկանների հարձակումներն ու բռնությունները:

 

 

ՀԱՐՍՏԱՑՈՂ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը բավական լուրջ ունեցվածքի տեր է: Ավելին՝ պաշտոնավարման այս կես տարվա ընթացքում նրա դրամական միջոցները զգալի ավելացել են: Նախարարն այժմ ունի 47 մլն 888 հազար դրամ, մինչդեռ պաշտոնը ստանձնելուց հայտարարագրել էր 10 մլն 281 հազար դրամ, ունի 150 հազար դոլար՝ նախկին 55 հազար դոլարի փոխարեն, եւ 47 հազար եվրո՝ նախկին 59 հազար 503 եվրոյի փոխարեն: Նա որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը՝ 196 մլն 307 հազար դրամ եւ 2 մլն 725 հազար դրամ, տրված փոխառությունների դիմաց ստացած տոկոսը՝ 755 հազար դրամ, եւ վաճառած գույքից ստացված գումարը՝ 47 հազար եվրո: Նրա փոխառության, վարկի գումարը անցած տարեվերջին կազմել է 50 հազար դոլար: Գյուղնախարարի կինը՝ Թամարա Առաքելյանը, անցած տարվա ընթացքում 1.3 մլն դրամով գնել է «Volvo XC 60» մակնիշի ավտոմեքենա: Տիկնոջ դրամական միջոցը կազմել է 7 մլն դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ Թ. Առաքելյանի ներկայացրած հայտարարագրում տվյալներ չկան աշխատելու հետ կապված:

 

 

ՏԱՊԱԼԵՑԻՆ
Երեկ ԱԺ պատգամավորները կրկին չէին բարեհաճել ներկայանալ խորհրդարան: Արդյունքում քվորումի բացակայության պատճառով նիստը չկայացավ: Նկատենք, որ ի տարբերություն նախօրեին չկայացած ԱԺ նիստի՝ այս անգամ ներկա չէր նույնիսկ խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը. 23 պատգամավոր էր գրանցվել: Պատգամավորների չներկայանալու պատճառն էլ «հարգելի է», խորհրդարանականները ակտիվորեն մասնակցում են քարոզարշավին եւ գլուխ ջարդում՝ կրկին ԱԺ-ում հայտնվելու համար, մի խոսքով՝ ժամանակ չունեն նիստերին մասնակցելու: Կարելի է ենթադրել, որ այսօր եւ վաղը նույնպես քվորում չեն կարողանա ապահովել, եւ հինգերորդ գումարման ԱԺ-ի հերթական ու վերջին նստաշրջանը կտապալվի:




Լրահոս