ԿԸՀ-Ն ԶԳՈՒՇԱՎՈՐ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ «ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ» ՄԱՍՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած շաբաթ «Ժողովուրդ»-ը դիմել էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ պարզելու, արդյոք մարտի 19-ին Սպիտակ քաղաքում քարոզարշավի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ քաղաքացուն ժամացույց նվիրելու խոստումը ընտրախախտում չէ: Մուկուչյանը պատասխանել էր, որ հարցի մասին որեւէ տեղեկատվություն չունի եւ քանի որ այդ մասին տեղեկացավ մեզանից, ուսումնասիրություն կկատարեն: Կատարե՞ց որեւէ ուսումնասիրություն ԿԸՀ-ն եւ արդյո՞ք խախտում արձանագրեց վարչապետի այդ արարքում. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:

-Պարո՛ն Մուկուչյան, ուսումնասիրություն կատարեցի՞ք՝ պարզելու համար՝ մարտի 19-ին Սպիտակ քաղաքում վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից քաղաքացուն ժամացույց նվիրելու խոստում տալը ընտրախախտո՞ւմ էր, թե՞ ոչ:
-Չեմ հասցրել նայել, անկեղծ ասած, որովհետեւ նյութը փորձեցի գտնել, չգտա, ու հետո այնպիսի ծանրաբեռնվածություն էր, որ բան չարեցի, բայց նյութը փորձեցի փնտրել ու չգտա, անկեղծ ասած:
-Բայց պատրաստվո՞ւմ եք անել, թե՞ այդպես էլ կանցնի, կգնա:
-Այո՛, իհարկե, իհարկե, կանենք, եթե որեւէ խնդիր եղավ, եւ եթե կտեսնենք անհրաժեշտություն վարույթ հարուցելու, կհարուցենք վարույթ:
-Բայց ե՞րբ, ընտրություններին մնացել է մի քանի օր:
-Հասկանում ենք, բայց ամբողջ տեմպով աշխատում ենք, փորձում ենք հասցնել բոլոր հարցադրումներին պատասխան տալ:
-Տպավորություն է, որ ԿԸՀ-ն միայն ընդդիմության խախտումներն է շտապում արձանագրել:
-Իսկ Առաքել Մովսիսյանի պարագայում չեղա՞վ:
-Համենայն դեպս, Կարեն Կարապետյանի հանդեպ շատ զգուշավոր եք:
-Կարծում եմ, որ դա շատ թյուր կարծիք է: Ընտրական գործընթացի ցանկացած մասնակից, ով թույլ կտա ընտրական օրենսդրության խախտումներ, մենք նույն ձեւով կարձագանքենք:
-Բայց ընտրություններից հետո խախտում արձանագրելը էլ ու՞մ է պետք, օրինակ՝ վարչապետի այդ քայլը…
-Ես ասում եմ՝ յուրաքանչյուր կուսակցության կողմից իրականացվող գործողությունները փորձում ենք առավելագույն ծավալով՝ ամբողջ տեղեկատվությունը, վերլուծել, ուսումնասիրել, եթե լինում է անհրաժեշտություն, անմիջապես արձագանքում ենք, վարույթներ են հարուցվում եւ այլն: Կուսումնասիրենք, եթե եղավ անհրաժեշտություն, եթե տեսանք որ առկա է օրենքի խախտում, ապա միանշանակ կձեռնարկվեն միջոցներ, կիրականացվի համապատասխան վարույթ:
-Նախօրեին գլխավոր դատախազությունը դպրոցի տնօրենների մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությունների առնչությամբ տեղեկացրեց, որ դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը գտնվում է պետական այլ իրավասու մարմինների լիազորությունների շրջանակում: Իրավասու մարմիններից մեկն էլ ԿԸՀ-ն է: Ի՞նչ քայլեր եք Դուք իրականացնում այդ առնչությամբ:
-Մենք ունենք համապատասխան դիմում այդ կապակցությամբ, որի մասին հրապարակվել է, եւ ըստ էության դրա շրջանակներում կանդրադառնանք:
-ԿԸՀ-ն պարտավոր էր անմիջապես արձագանքել այս խախտմանը եւ հարուցել վարույթ, բայց կարծես թե դա կատարեցիք այն բանից հետո, երբ այդ առնչությամբ դիմումներ ստացաք: Ինչո՞ւ հապաղեցիք:
-Ո՛չ, դեռեւս մենք դիմում չէինք ստացել, մենք արդեն պարոն Իոաննիսյանից ես անձամբ խնդրել էի, որպեսզի տրամադրեր մեզ այդ ձայնագրությունները, որովհետեւ կայքերից անհնար էր լինում դրանք նորմալ ներբեռնել, պարզապես դա զուգադիպեց եւ հետո ներկայացվեց այդ դիմումը: Եւ բնականաբար արդեն պետք է մեկտեղվի այդ երկու վարույթների իրականացումը, այնպես չէ, որ մենք սպասում էինք դիմումին:
-Գլխավոր դատախազության եւ իշխող կուսակցության հայտարարություններն այդ առնչությամբ շատ մեղմ էին: Նրանց այդ հայտարարություններից հետո ԿԸՀ-ն կկարողանա՞ անաչառ վարույթ իրականացնել:
-ԿԸՀ-ն իր վարույթն իրականացնելու է՝ հիմքում ունենալով այն ապացույցները, որոնք ձեռք են բերվել վարույթի շրջանակներում՝ ենթարկվելով բացառապես օրենքին:
-Պարո՛ն Մուկուչյան, համաձա՞յն չեք, որ տվյալ դեպքում տեղի է ունեցել միջամտություն քաղաքացիների ազատ կամքի ձեւավորմանը:
-Չեմ ցանկանում որեւէ մեկնաբանություն տալ, որովհետեւ մեր կարծիքը կարտահայտվի մեր որոշմամբ:

 

 

 

 
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՄՈՌԱՑԵ՞Լ Է ԻՐ ԽՈՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Նախորդ տարվա սեպտեմբերի 13-ին ՀՀ ազգային ժողովում այնժամ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը հայտարարեց, որ մարտի 1-ի գործը կլինի իր ծրագրային առաջնահերթություններից մեկը:

Այդ օրվանից անցել է գրեթե յոթ ամիս, «Ժողովուրդ»-ը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից փորձեց տեղեկանալ, թե ի՞նչ է արվել մինչ օրս մարտի 1-ի 10 զոհերի եւ, ընդհանրապես, օրվա արյունալի բախումների բացահայտման ուղղությամբ, հայտնի՞ է արդյոք՝ ովքե՞ր էին պատվիրատուներն ու իրականացնողները: Ի պատասխան գլխավոր դատախազին ուղղված մեր հարցմանը՝ դատախազությունից տեղեկացրին, որ այդ դեպքերի առիթով հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է. «Նախաքննության արդյունավետության նկատառումներից ելնելով՝ 10 անձի մահվան եւ 3 անձի մարմնական վնասվածքներ ստանալու փաստերով առանձին վարույթներ են առանձնացվել, որոնցով կատարվում է նախաքննություն: Մասնավորապես նշված քրեական գործերով հարցաքննվել են շուրջ 4000 անձինք, տուժող են ճանաչվել ոստիկանության 220 աշխատակից եւ զինծառայող, 58 քաղաքացիական անձ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական եւ դատահետքաբանական համալիր, դատակենսաբանական, համակարգչատեխնիկական եւ այլ 800-ից ավելի փորձաքննություններ, կատարվել են դեպքի վայրի զննություններ, մեղավոր անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու նպատակով տրվել են բազմաթիվ հանձնարարություններ ու ձեռնարկվել են մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»:
Տեղեկացված են արդյո՞ք այդ մասին դեպքերի արդյունքում զոհվածների ծնողները:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, տեղեկացրեց, որ այդ մասին առաջին անգամ մեզանից են լսում. «Նորություն չունենք, ոչնչից մենք տեղյակ չենք»,- ասաց Քլոյանը: Իսկ դատախազության տրամադրած այն տեղեկատվությունը, որ հարցաքննվել են 4000 անձինք, տուժող են ճանաչվել ոստիկանության 220 աշխատակից եւ զինծառայող, Քլոյանը որակեց անհեթեթություն. «Այդպիսի բան հնարավոր չէ: Չի կարող պատահել, որ այդքան տուժողներ լինեն, որովհետեւ ընդդիմության ձեռքը զենք չի եղել»,- մանրամասնեց Քլոյանը:
Ի դեպ, մեր հարցին ի պատասխան՝ ՀՀ դատախազությունից նաեւ հայտնել են. «Գործի համար նշանակություն ունեցող մի շարք հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով փորձաքննություններ են նշանակվել նաեւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության. հատուկ տեխնիկա եւ կապ» գիտաարտադրական միավորումում եւ «Փորձաքրեագիտական կենտրոնում»: Նկատենք, որ Քլոյանը տեղեկություն չունի այս մասին:
Նո՞ր փորձաքննությունների մասին է խոսքը, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել նաեւ Քլոյանների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանից: Վերջինս տեղեկացրեց. «Ես չեմ հիշում նման բան, որ արած լինեն, այդ հարցերը, որ պետք է տրվեն փորձագետների, մեզանից պետք է հարցնեն՝ հարցերը լավ են, լավ չեն, ինչ փորձաքննություն է: Մեր վստահորդների հետ կապված նման հարցադրումներ չենք ստացել»,-ասաց Զեյնալյանը:
Այս ամենից կարելի է ենթադրել, որ գլխավոր դատախազը, ըստ էության, որեւէ կոնկրետ քայլ չի իրականացրել՝ բոլորին հուզող հարցերի պատասխանը տալու համար. ովքե՞ր էին պատվիրատուներն ու իրականացնողները: Այդ քրեական գործի վրա պարզապես վաղուց փոշի է նստել, եւ այն խունանում է՝ մոռացության մատնվելով բարձրագոչ հայտարարությունների քողի ներքո:
Հավելենք, որ մարտի 1-ի արյունալի իրադարձությունների բացահայտումը խոստացել են մի քանի քաղաքական ուժեր՝ «Կոնգրես-ՀԺԿ», «Ելք» դաշինքները եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: «Ժողովուրդ»-ը Սարգիս Քլոյանից փորձեց պարզել նաեւ՝ հավատո՞ւմ է քաղաքական այս ուժերի խոստմանը. «Երեւակայի, հավատում եմ»,-եզրափակեց Քլոյանը:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ՀՀԿ-Ն ԱՆՑԵԼ Է ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ
ՀՀԿ-ական դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների մասնակցությամբ նախընտրական սկանդալը նոր ընթացք է ստանում: ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը երեկ հայտարարել է, թե այս սկանդալը բացահայտած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն թիրախավորել է ՀՀԿ-ին ու ակնհայտ հակաքարոզչություն իրականացրել իրենց դեմ: Ավելին՝ Աշոտյանը սպառնացել է պատժել այս կազմակերպությանը: «Եթե իրավական լուրջ գնահատականի արժանացնենք տեղի ունեցածը, ապա շատ ավելի լուրջ հիմքեր կան այդ ՀԿ-ին դիտորդական հավատարմագրից զրկելու, քան ՀՀԿ-ին՝ քարոզարշավից զրկելու… Եթե տնօրենները մեղավոր չեն, ապա ո՞վ է վերականգնելու այդ մարդկանց բարի համբավը, ո՞վ է այդ մարդկանց մաքրելու զրպարտությունից… Պետք է փոխհատուցվի բարոյական վնասը, պետք է վերականգնվի բարի համբավը»,- ասել է նա: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը երեկ դիմեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանին, որն ասաց, թե իրենց ՀԿ-ն որեւէ մեկը չի կարող փակել: «Եւ հետո, որեւէ մեկը չի կարող մեզ պատասխանատվության կանչել, քանի որ մենք բարեխիղճ ենք գործել: Մենք ոչ մի տնօրենի խոսք չենք աղավաղել: Անգամ Արմեն Աշոտյանը չի կարող կասկածի տակ դնել մեր աշխատանքը»,- ասաց նա:

 

 

ԿՓՈՐՁԵՆ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ
ՀՀ կառավարությունը երրորդ անգամ կփորձի մասնավորեցնել «Երվերելակ» ՓԲԸ-ն. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս հարցն արդեն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում: Առաջին անգամ ՀՀ կառավարությունը որոշել էր այս ընկերությունը վաճառել 2012թ-ին: «Երվերելակ»-ի բաժնետոմսերը ներկայացրել էին մասնավորեցման՝ աճուրդով, սակայն աճուրդը չէր կայացել: Երկրորդ անգամ այս ընկերության բաժնետոմսերն աճուրդի էին հանել 2013 թվականին, եւ կրկին այն չէր կայացել: Հիմա կրկին ընկերությունը հանել են վաճառքի, բայց մասնավորեցման մրցութային եղանակով: Ի դեպ, ընկերության բաժնետոմսերը դեռ 2016թ.-ին գնահատվել էին ավելի քան 94 մլն դրամ: Այս անգամ եւս ՀՀ կառավարությունը առաջարկում է ընկերության 100 տոկոս պետական բաժնեմասը ներկայացնել մասնավորեցման մրցութային եղանակով՝ բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը սահմանելով գնահատված արժեքի 100 տոկոսի չափ գումարով` 94 մլն դրամով: Նկատենք, որ այդ ընկերությունը ներկայումս գործունեություն չի ծավալում: Ինչ վերաբերում է վաճառքի արդյունքում ստացվելիք գումարին, ապա գնի 70 տոկոսը պետք է ուղղվի ՀՀ պետական բյուջե, իսկ 30 տոկոսն ուղղվի համապատասխան համայնքների բյուջեներ: Նշենք, որ «Երվերելակը» վերելակային տնտեսության բնագավառում միակ լիցենզավորված պետական կառույցն է ՀՀ տարածքում. այն իրավահաջորդն է Երեւանի քաղաքապետարանի վերելակների վարչության, որը ստեղծվել էր 1960-ական թվականներին:




Լրահոս