Սերբիայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

Ապրիլի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սերբիայի նորանշանակ դեսպան Դուշան Սպասոյևիչին (նստավայրը՝ Աթենք)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց Դուշան Սպասոյևիչին իր կարևոր առաքելության մեջ: Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ հայ ժողովուրդը ամենաջերմ զգացմունքներն է տածում սերբ ժողովրդի նկատմամբ, ինչը հիմնված Է միահյուսված պատմության, մշակութային ընդհանրությունների և փոխադարձ համակրանքի վրա: Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման առումով առկա է մեծ ներուժ, և հույս հայտնեց, որ համատեղ քայլեր կձեռնարկվեն այդ ներուժն օգտագործելու ուղղությամբ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Սպասոյևիչն ընդգծեց, որ Սերբիան ցանկանում է առավել ամրապնդել և ընդլայնել բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը, ու վստահեցրեց, որ առավելագույն ջանքեր կներդնի՝ հայ-սերբական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու ուղղությամբ:

Երկուստեք կարևորվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումը, տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման նպատակով գործնական քայլերի իրականացումը: Անդրադարձ արվեց միջազգային կառույցներում համագործակցությանը։




Լրահոս