ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ՝ ԱՄԵՆԱԱՆԿԵՂԾ ԺԱՆՐԻ ՄԻՋՈՑՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում ապրիլի 7-ից մեկնարկել է «Stand Up» հումորային նախագծի առաջին եթերաշրջանը, որը բաղկացած է 13 հաղորդումից։ «Ժողովուրդ»-ը հաղորդման պրոդյուսեր, մի շարք հեռուստատեսային, երաժշտական, գեղարվեստական նախագծերի, «Մեր բակը» ֆիլմի 3 մասերի սցենարների հեղինակ Սարգիս Մնոյանից հետաքրքրվել է նախագծի բնույթի մասին: Քանի որ վերջինս արդեն շուրջ 25 տարի է՝ աշխատում է հեռուստաոլորտում, մենք զրուցել ենք նաեւ շուկայում առկա դրական եւ բացասական միտումների մասին, անդրադարձել հեռուստատեսության հայելային էֆեկտին:

-Սարգիս, stand up ժանրը հեռուստատեսություն տեղափոխելն աշխարհում ընդունված միտում է, սակայն Հայաստանի դեպքում, կարծես, դա այնքան էլ տարածում չունի, այո՞:
-Բնականաբար, հայ հանրության առաջին արձագանքներից մեկը լինելու է այն, թե՝ տեսեք՝ ռուսներից թխած գաղափար է: Բայց պետք է հասկանալ, որ stand up-ն արդեն 60 տարի է՝ գոյություն ունի որպես ժանր: Աշխարհահռչակ կատակերգու դերասաններից գրեթե բոլորն իրենց ճանապարհը սկսել են հենց այդ ժանրում հանդես գալով: Վերադառնալով մեր հաղորդմանը՝ ասեմ, որ հեռուստադիտողները էկրաններին կտեսնեն 11 stand uper-ների, որոնցից հանրությանը ծանոթ դեմքերից են դերասաններ Հովհաննես Դավթյանն ու Հայկ Պետրոսյանը: Նրանց թիվը, բնականաբար, կարող է համալրվել: Stand uper-ները հանդես են գալու 5-10 րոպեանոց հումորային բնույթի մենախոսություններով, անդրադառնալու են ամենատարբեր արդիական թեմաների՝ դիտարկելով դրանք սեփական պրիզմայով: Ասեմ, որ ժանրի սիրահար դերասանները կարող են իրենց ուժերը փորձել նախագծում:
-Իսկ առաջիկայում հաղորդման շրջանակում անդրադառնալո՞ւ եք քաղաքական, սոցիալական թեմաների:
-Չի լինելու այնպիսի արդիական, քննարկվող թեմա, որը կշրջանցվի, պարզապես դրանք, ինչպես նշեցի, ներկայացվելու են stand uper-ի տեսանկյունից: Բնականաբար, խոսվելու է երեւույթների շուրջ, որոնք բոլորն են նկատում, բայց այս պարագայում անչափ կարեւոր է մեկնաբանությունը: Իսկ stand up-ն ամենաանկեղծ ժանրերից մեկն է եւ պահանջում է նոր շունչ, թարմ գաղափարներ:
-Որպես սցենարիստ, հաղորդման հեղինակ, պրոդյուսեր՝ շուրջ 25 տարի աշխատել եք հեռուստաոլորտում: Այս ժամանակահատվածում ի՞նչ մտահոգիչ եւ ի՞նչ հուսադրող փոփոխություններ են գրանցվել:
-Գաղտնիք չեմ ասի, եթե նշեմ, որ հեռուստատեսությունը հասարակության հայելին է: Եթե երկրում առկա են, օրինակ, տնտեսական խնդիրներ, դրանք մեծապես արտացոլվում են հեռուստատեսության գործունեության, մասնավորապես ժամանցային հաղորդումների վրա: Ամբողջ աշխարհում է այդպես. համաշխարհային ճգնաժամը կարող է զգալիորեն ազդել հեռուստաընկերությունների աշխատանքի վրա: Այն, ինչ կցանկանամ մեր հեռուստաոլորտում փոխված տեսնել, կախված է ֆինանսից եւ շուկայի ֆիզիկական չափերից: Հեռուստատեսային լավ արտադրանք ունենալու համար պահանջվում են մեծ գումարներ, սակայն քանի որ շուկան փոքր է, չի կարող ունենալ կոմերցիոն լայն դրսեւորումներ, թեեւ մենք ունենք լավ մասնագետներ եւ գաղափարներ:
-Դուք եղել եք Հայաստանի երգի պետական թատրոնի մեներգիչ, թողարկել եք տեսահոլովակներ, սակայն տեւական ժամանակ է՝ այդ գործով չեք զբաղվում: Հնարավո՞ր է՝ կրկին ակտիվացնեք այդ ուղղությամբ Ձեր գործունեությունը:
-Երգելը միշտ էլ եղել է ու կա իմ նախասիրությունը: Կար մի ժամանակահատված, երբ իմ հաճույքի համար տեսահոլովակ էի թողարկում, բայց այս պահին չեմ մտածում այդ մասին:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 
ԵՐԳՉՈՒՀԻՆ ՈՐՈՇԵԼ Է ՌԻՍԿԻ ԳՆԱԼ

Երգչուհի Նարե Գրիգորյանը ամիսներ առաջ «Ժողովուրդ»-ին հայտնել էր, որ բացի կատարելուց՝ նաեւ հեղինակում է երգեր, որոնք, սակայն, դեռ ռիսկ չի անում հանձնել հանրության դատին: Այժմ արդեն Նարեն տեղեկացրեց, որ որոշել է վճռական քայլի գնալ եւ հանդես գալ այդ գործերից մեկի հիման վրա նկարահանված տեսահոլովակով:

«Թեեւ շատ երգեր ունեմ գրած, բայց երբեք չեմ բարձրաձայնել այդ մասին, մտածել եմ, որ համապատասխան պահը դեռ չի հուսանացել: Բայց վերջին ստեղծագործությանս հետ կապված մտերիմներիս արձագանքը մեծ էր, ուստի որոշեցի այն հանրայնացնել: Երգը հայերեն է, այն մի քանի ժանրերի միքս է»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Մենք հարցրինք՝ արդյո՞ք Նարեն հայրիկի՝ երգիչ, հաղորդավար Սամվել Գրիգորյանի եւ հորաքրոջ՝ երգչուհի Արմինե Գրիգորյանի հետ դուետով հանդես գալու մտադրություն չունի, ընտանեկան համագործակցություն ակնկալե՞նք. «Բնականաբար, մտածել ենք այդ ուղղությամբ, երգահաններից ստացել ենք բազմաթիվ առաջարկներ, անգամ սկսել ենք իրականացնել որոշակի աշխատանքներ, որոնք, սակայն, ինչ-ինչ պատճառներով կիսատ են մնացել»,-տեղեկացրեց նա:
Նախորդ տարվա նոյեմբերին նշանադրված երգչուհուց հետաքրքրվեցինք՝ արդյոք առաջիկայում սպասվո՞ւմ է կարգավիճակի փոփոխություն՝ ամուսնություն. «Փոփոխություն, իհարկե, կլինի, որի մասին բոլորը կիմանան: Այս սպասողական ժամանակահատվածն ինձ համար բավական հետաքրքիր է, հույզերով լի եւ պատասխանատու»:
Իսկ հարցին, թե արդյո՞ք Նարեն այն երգչուհիներից է, որոնք չեն խուսափում կատարումներով հանդես գալ իրենց հարսանիքներին, վերջինս պատասխանեց. «Եթե հարմար լինի, կերգեմ: Դա կախված է իրավիճակից»:
«Մորսկոյ Ուզել» երգի միջազգային մրցույթ-փառատոնին «Գրան Պրի» մրցանակի արժանացած երգչուհին (2014թ.), վերադառնալով գործնական ծրագրերին, հավելեց, որ պատրաստվում է մասնակցել միջազգային մրցույթի, որի վերաբերյալ մանրամասներ, սակայն, դեռեւս չհայտնեց: Նա նաեւ նշեց, որ ունի հրավերներ արտերկրից: Նարեի երկրպագուներին առաջիկայում սպասվում է նաեւ համերգային ծրագիր:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ»
Հայ դասական երաժշտության «Վերածնունդ» IX միջազգային մրցույթ¬փառատոնն այս տարի մեկնարկում է ապրիլի 12¬ին: Մասնակցելու են ավելի քան 3000 անհատ կատարողներ եւ համույթներ՝ շուրջ 35 երկրից, ՀՀ բոլոր մարզերից, ԼՂՀ¬ից: «Արմենպրես»¬ի հաղորդմամբ` ժյուրիի կազմում ընդգրկված են 72 նշանավոր արվեստագետներ 14 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ¬ից, ՌԴ¬ից, Ավստրիայից, ՉԺՀ¬ից, Իտալիայից, Արաբական Էմիրություններից: Փառատոնը նպաստում է արվեստի գործիչների միջոցով երկրների միջեւ միջազգային մշակութային երկխոսության եւ ընդհանուր մշակութային տարածքի զարգացմանը, բարեկամական եւ ստեղծագործական կապերի ամրապնդմանը, հայ դասական երաժշտության քարոզչությանը: «Վերածնունդ» փառատոնը նաեւ կոչ է ուղղում աշխարհին՝ ոչ ասելու ահաբեկչություններին ու պատերազմներին: Ավանդական դարձած այս փառատոնի կազմակերպումը հատուկ արժեւորում է ստանում այս տարի, երբ նշվում է ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ճապոնիայի, Իտալիայի եւ մի շարք այլ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25¬ամյակը:

 

 

 

ՍՔԱՐԼԵԹ VS ԻՎԱՆԿԱ
Հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը վախկոտ է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփին, իսկ նրա արարքները` հնաոճ: Իր կարծիքը Յոհանսոնը հայտնել է Huffington Post-ին տված հարցազրույցում: Յոհանսոնը հայտնել է, որ իրեն ցնցել է Իվանկայի` վերջերս տված հարցազրույցը, որում նա խոստովանել է իր հորը քննադատելու մասին, սակայն «ոչ հրապարակայնորեն»։ «Այն գաղափարը, որ յուրաքանչյուր հզոր մարդու հետեւում կանգնած է հզոր կին, հնաոճ է: Եվ ընդհանրապես, ես կարծում եմ, որ դա իրոք վախկոտ քայլ էր (հորը հրապարակայնորեն չքննադատելը)», – ասել է Յոհանսոնը:

 

 

 

ԱՆԿԵՂԾԱՑԵԼ Է
Ամերիկացի դերասանուհի Պամելա Անդերսոնը պատմել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ իր հարաբերությունների մասին: Նրա խոսքով՝ իրենց հարաբերությունները մեծ զարգացում են ունեցել այն բանից հետո, երբ վերջինս Ասանժի համար բուսակերի սնունդ էր տարել Լոնդոնում Էլվադորի դեսպանություն, որտեղ նա թաքնվում է Շվեդիայի իշխանություններից: «Ջուլիանը փորձում է ազատագրել աշխարհը` ուսուցանելով այն: Դա ռոմանտիկ պայքար է: Ես սիրում եմ նրան դրա համար», – The Telegraph-ի փոխանցմամբ` ասել է դերասանուհին:




Լրահոս