Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները կդիմեն ՄԻԵԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Վալերի Պերմյակովի գործով տուժողների իրավահաջորդների բողոքները, ինչից հետո կողմերը պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Ի սկզբանե մենք եղել ենք այն համոզման, որ Ռուսաստանի Դաշնությունը, որպես պետություն պետք է պատասխանատու լինի իր զինվորի կողմից կատարված հանցագործության համար: Քննության ընթացքում, երբ պարզ դարձավ, որ նա ունի և ունեցել է հոգեկան հավասարակշռության հետ կապված լուրջ խնդիրներ, և Ռուսաստանի զինված ուժերի համապատասխան պաշտոնյաները նրան Հայաստան գործուղղելուց առաջ էլ են  դա իմացել, ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանը , որպես  պետություն չպետք է խուսափի պատասխանատվությունից»,-նշեց նա:

Մեր զրուցակցի խոսքով՝ հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները նրանք քաղաքացիական հայց են ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ քրեական գործի շրջանակներում՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, որտեղ և առաջին ատյանի դատարանը, և՛  վճռաբեկ դատարանը հրաժարվել են ընդունել վարույթ:

Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման: Պատժի կրման վայրը դեռևս որոշված չէ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս