Այո, ՀՀԿ-ում իրարից ձայներ են խլել. Սամվել Նիկոյան. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ հնաբնակներից Սամվել Նիկոյանը, ով այս անգամ ևս պատգամավոր ընտրվեց ՀՀԿ համամասնական ցուցակով, «Փաստի» հետ զրույցում բացահայտում է, որ ՀՀԿ–ում ևս թեկնածուներն իրարից ձայներ են խլել: Անդրադառնալով ընտրություններում բաժանված ընտրակաշառքին, ՀՀԿ ներկայացուցիչն ասում է, թե «ընտրակաշառքը լրագրողների շրջանառության մեջ դրած գաղափարն է», և որ իրեն որևէ մեկը երբևէ ընտրակաշառք չի առաջարկել:

Պարոն Նիկոյան, դաշնակցության հետ կոալիցիան ի՞նչ խնդիր է լուծելու երկրի համար, եթե ոչ միայն ՀՀԿ–ի միակուսակցական նկրտումների ֆոնը ծածկելու հնարավորություն է:

– ՀՀԿ–ն միշտ էլ փորձել է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք պատրաստ են, ցանկություն ունեն համագործակցելու մեզ հետ տարբեր ձևաչափերով: Մեր գործընկերները եղել են ԲՀԿ–ն, ՕԵԿ–ը, ՀՅԴ–ն, տարբեր ժամանակ համագործակցության տարբեր ֆորմատ եղել է: Եթե դեռևս Սահմանադրական հանրաքվեից առաջ ՀՅԴ–ի մոտեցումները համահունչ էին այն քաղաքական կուրսին, որը մենք իրականացնում էինք, մասնավորապես պառլամենտական հանրապետությունը, համամասնական ընտրական համակարգը, և նրանց մոտ կար ցանկություն դա միասին անելու և մենք միասին իրականացնում ենք, մենք միայն դա ողջունում ենք: Մենք ձեր ասած խնդիրը չունենք:

Միահեծան իշխանության ֆոնը ծածկելու համար չէ՞ այդ կոալիցիան:

– Մենք ընդամենը տարել ենք մոտ 50 տոկոսը, այսինքն ընտրողների ուղիղ կեսն է մեզ ձայն տվել, և ընտրական օրենքի համաձայն մենք ունենում ենք այդ մեծամասնությունը: Բայց եթե որևէ քաղաքական ուժի հետ մենք խնդիր ունենք համատեղ լուծելու մեր պետության առջև ծառացած խնդիրները, կարծում ենք, դա ավելի արդյունավետ կլինի, մենք միշտ էլ գնում ենք այդ ճանապարհով: Չենք կարծում, որ ՀՀ–ում ճիշտ կլինի, որ մի քաղաքական ուժը միանձնյա ողջ կառավարումն իրականացնի:

Պարոն Նիկոյան, բազմաթիվ արձանագրություններ կան, որ այս ընտրությունները ևս անցկացվեցին ընտրակաշառքի, ուղղորդումների միջոցով: Սա նշանակո՞ւմ է, որ իշխանությունը վերընտրվելու այլ տարբերակ չունի և անգամ խորհրդարանական կառավարմանն անցումը չփոխեց իրավիճակը:

– Եթե Դուք համեմատեք նախորդ ընտրությունների հետ և’ հանրության, և’ ժողովրդի գնահատականը, կտեսնեք, որ էական տարբերություններ կան: Ամենակարևորը, որ ընտրողը ունեցել է հնարավորություն գաղտնի քվեարկել և նրա ձայնը հաշվվել է արդարացիորեն: Դա մեծ ձեռքբերում է, որ ընտրողը կարող է գաղտնի քվեարկել և իր ձայնը արդարացիորեն հաշվել: Մնացածը գնահատականներ են, այո կա քաղաքական դաշտի և քաղաքացիական դաշտի մի մաս, որը պետք է ի պաշտոնե այդպես էլ բնութագրի կամ գնահատի: Իսկ հիմնական քաղաքական ուժերը, որոնք եթե նույնիսկ պառլամենտ չեն անցել, ընդունեցին քվեարկության արդյունքները և այն, ինչ արձանագրվել է քվեարկության արդյունքում:

Քաղաքական ուժերը վիճարկեցին ընտրությունների արդյունքները, պարոն Նիկոյան:

– Ի տարբերություն մնացած բոլոր դեպքերի, երբ հասարակությունը փողոցում իր դժգոհությունն էր արտահայտում, այս անգամ հասարակության մոտ չկար որևիցե կասկածանք քվեարկության արդյունքների վերաբերյալ: Իսկ բոլորս էլ գիտեինք, որ ՀԱԿ–ը անպայման դիմելու էր Սահմանադրական դատարան, որովհետև նա, ըստ էության, չէր պատրաստվում քվեարկության օրվան, այլ պատրաստվում էր դրանից հետո գործողությունների: Քանի որ փողոցային որևէ գործողություն ինքը չէր կարող իրականացնել, մնում էր ՍԴ–ում փորձեր սև բիծ թողնել ընտրությունների վրա, որը բնական է` չէր ստացվի, որովհետև դատարկ թղթապանակով էին գնացել ՍԴ:

Ասել է թե՝ իշխող կուսակցության շնորհակալությունն ուղղվում է ընդդիմությա՞նը, որը մարդ չտարավ Ազատության հրապարակ և հետընտրական զարգացումներ չեղան:

– Որևիցե մեկին մենք շնորհակալություն հայտնելու ցանկություն չունենք: Որևիցե մեկը չէր կարող նրանց հանել փողոց, դրա համար որևէ մեկից շնորհակալություն հայտնելու ցանկություն կամ մտայնություն որևէ մեկը չուներ:

Պարոն Նիկոյան, ասում եք՝ հասարակությունն ընտրել է այնպես, ինչպես ուզել է, այսինքն իշխանությունը համարում է, որ կարելի է պահել աղքատ հասարակություն, որի մի մասին կարելի է 10 հազար դրամով ժամանակ առ ժամանակ գնել և ասել , որ դա կամարտահայտության ձև՞ է, իրենց կամքո՞վ են գնացել ընտրության:

– Ոչ ընտրակաշառքը, ոչ վարչական լծակները ու ճնշումները որևիցե մեկի քվեարկության վրա չեն կարող ազդել կամ գրեթե ազդեցություն չեն կարող ունենալ:

Ասվում է, որ այս անգամ ընտրակաշառքի վերահսկողության հստակ մեխանիզմներ են եղել:

– Թե ընդդիմությունը, թե փորձագետները և մենք բացատրել ենք, որ անհնար է վերահսկողությունը: Այդ իսկ պատճառով նրանք քվեարկել են այնպես, ինչպես ուզում էին: – Կարծում եք, ընտրակաշառք վերցնելով քվեարկությունն է՞լ է «իրենց ուզելով», «նորմալ» քվեարկություն: – Ընտրակաշառքը լրագրողների շրջանառության մեջ դրած գաղափարն է, և ես միշտ բոլոր լրագրողներին ասում եմ՝ ես ընտրող եմ, ինձ երբևէ որևե մեկը չի առաջարկել ընտրակաշառք, ոչ էլ որևե մեկին ես եմ առաջարկել, իսկ եթե ունեք փաստեր, դիմեք համապատասխան մարմիններին:

Պարոն Նիկոյան, տեղեկություն կա, որ անգամ ընտրակաշառքի սահմանված չափը ՀՀԿ–ականները չեն պահել ու իրարից ձայներ են խլել:

– Ձայներ խլելու մասին, այդ առումով Դուք լրիվ ճիշտ եք, որովհետև այս ընտրությունները տարբերվում էին մնացած բոլոր ընտրություններից, որովհետև բոլորը բոլորին մրցակիցներ էին: Կոնկրետ Շիրակի մարզում մենք ունեինք 13 թեկնածու: Բնական է, որ մեկը մյուսից ձայներ էր խլում:




Լրահոս