ԶՈՐԱՄԱՍԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՈՒ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՂՈՊՈՒՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախարարությունից հափշտակությունների գործով աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: Պարզվում է, որ ՀՀ ՊԲ-ին ապրանք մատակարարող ընկերությունների մասնագետները գաղտնի գործարքի մեջ են մտել զորամասի պաշտոնատար անձանց հետ:

Մինչ պաշտպանության նախարարությունը իրեն ապրանք մատակարարած ընկերություններին դատի է տալիս՝ պահանջելով հետ վերադարձնել իրենից հափշտակած գումարները, իրավապահները բանակի պաշտոնատար անձանց եւ զորամասեր ապրանքեր մատակարարող ընկերությունների աշխատակիցների գործողությունների մասով աղմկահարույց բացահայտումներ են իրականացրել:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վիգեն Պետրոսյանը, ՊԲ N զորամասի պարենային ծառայության պետ էդուարդ Ալեքսանյանը, ինչպես նաեւ «Ավանգարդ» ՍՊԸ գլխավոր մասնագետ Կարեն Գրիգորյանը:
Ինչպես պարզեցինք՝ «Ավանգարդ» ՍՊԸ-ն ՊԲ վերոնշյալ զորամասին ապրանք է մատակարարել։ ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վիգեն Պետրոսյանը, ՊԲ N զորամասի պարենային ծառայության պետ էդուարդ Ալեքսանյանը, ինչպես նաեւ «Ավանգարդ» ՍՊԸ գլխավոր մասնագետ Կարեն Գրիգորյանը համաձայնության են եկել զորամաս մատակարարված ապրանքները «մեջ-մեջ անել»։ Ասել է, թե վերջիններս ՀՀ ՊԲ N զորամասի պարենային ծառայության պետ էդուարդ Ալեքսանյանին ասել են, որ կեղծի պաշտոնական փաստաթղթերը, կեղծ ստորագրություններ դնի մատակարարված ապրանքի դիմաց՝ այսպիսով պետությանը պատճառելով շուրջ 3 միլիոն դրամի վնաս:
Այս արարքի համար ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վիգեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին եւ երկրորդ կետերով (կողոպուտ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով):
ՀՀ ՊՆ N զորամասի պարենային ծառայության պետ էդուարդ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել կողոպուտի, ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով), 376-րդ հոդվածի առաջին մասով (ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով):
Իսկ ահա «Ավանգարդ» ՍՊԸ-ի գլխավոր մասնագետ Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել 178-րդ հոդվածի երկրորդ մասի 1, 2 կետերի հատկանիշներով (կողոպուտ):
Սակայն նկատենք, որ ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վիգեն Պետրոսյանը նախկինում ինչ-որ արարքի համար ազատազրկման է դատապարտված եղել:
Նկատենք, որ «Ավանգարդ» ՍՊԸ-ի անունը առաջին անգամ չէ, որ հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում:
Դեռեւս 2016 թվականին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն ուսումնասիրություն էր իրականացրել պաշտպանության նախարարության կողմից պետական գնումների գործընթացում եւ կասկածելի գործարքներ էր նկատել, մասնավորապես հակակոռուպցիոն կենտրոնի պետական գնումների քաղաքականության գծով փորձագետ Արտակ Մանուկյանը նշել էր, որ «Ավանգարդ» ՍՊԸ-ն փակ շրջանակային համաձայնագրով 11 տեսակի ծառայություն է մատուցել ՊՆ-ին՝ է՛լ լվացքն է արել, է՛լ հացաթխում, է՛լ սննդամթերքի ու շինանյութերի մատակարարում, տնտեսական, սանհիգիենիկ եւ լվացքի միջոցների մատակարարում եւ այսպես շարունակ: Փորձագետի կարծիքով՝ եթե հացամթերքի մատակարարումն ու լվացքի ծառայությունը միեւնույն ընկերությունն է կատարում, ապա անհասականալի է, թե ավտոմեքենաների, ռադիոսարքավորումների մատակարարումը ինչո՞ւ է կրկին այս ընկերությունն անում. «Նշված ընկերությունը, հաստատ, ավտոմեքենաներ արտադրող կամ ներմուծող չէ: Եվ եթե պետությունը կարեւորում է փողը, պետական բյուջեն, ապա ինչո՞ւ են միջնորդավորված ընկերությունից գնում»:
Ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, որ զորամասի պաշտոնատար անձինք իրենք են ընկերությունների մասնագետների հետ մտել կեղծ գործարքների մեջ եւ դեռ նախկինում ազատազրկման դատապարտված լինելով՝ դասեր չեն քաղում: Հետո էլ ասում ենք, թե որտեղ են կորչում մեր բանակի փողերը։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԱՆԻՄԱՍՏ ԶԲԱՂՄՈՒՆՔ
Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններում խախատումների դեպքերով հարուցված քրեական գործերը շարունակում են հետաքրքիր ընթացք ստանալ: Տեղեկացնենք, որ մայիսի 3-ի դրությամբ հարուցվել է 19 քրեական գործ:
Ըստ այդմ, կրկնակի քվեարկություն կատարելու համար 8 անձի մեղադրանք է առաջադրվել, եւ հարուցված քրեական գործերը ուղարկվել են դատարան: Այս գործերից շատերով արդեն սկսել են դատական նիստերը, իսկ թե ինչ ճակատագրի կարժանանան ընտրակեղծարարաները, դատավճիռը ցույց կտա:Նկատենք, որ ըստ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության՝ խորհրդարանական ընտրությունների օրը քվեարկության գաղտնիությունը խախտելու մասով հարուցվել է 3 քրեական գործ, սակայն դեռ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել քվեարկության գաղտնիությունը խախտելու համար:
Թե ով է նա, որ տեղամասում է քվեարկել, ում օգտին է քվեարկել, Հայաստանի Հանրապետության դատախազությունը գաղտնի է պահում։
Մինչ օրս միայն հայտնի է՝ նոր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով (քվեարկության գաղտնիությունը խախտել) քրեական գործ է հարուցվել Արագածոտնի մարզի Փարպի համայնքում տեղակայված 17/21 ընտրատեղամասում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի քննչական բաժնում 17/21 ընտրատեղամասում արձանագրված ընտրախախտման արդյունքում 30 մարդ է հարցաքննվել, սակայն դեռեւս որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քվեարկության գաղտնիությունը խախտելու մասով քրեական գործ է հարուցվել նաեւ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքում գտնվող 21/28 ընտրատեղամասի մասով:
Իսկ ինչ էր տեղի ունեցել այնտեղ: Ապրիլի 2-ին «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչն հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի թիվ 21/28 տեղամասում Զոլաքարի գյուղապետ Արման Ղազարյանը ուղղորդել է ընտրողներին, իսկ ոստիկանները գյուղապետի ցուցումով դրսեւորել են անգործություն: Դիտորդի փոխանցմամբ՝ տեղամասում տեղի է ունեցել բաց քվեարկություն, ծեծել եւ դուրս են հանել ընտրատեղամասում գտնվող անձանցից մեկին, վստահված անձին սպառնացել են: Նկարագրված բոլոր խախտումները տեսագրվել են դիտորդի կողմից: Եվ ահա դիտորդի տեսաձայնագրությունն էլ հիմք է եղել, որ իրավապահները այնտեղ գտնվող անձանցից մեկին մեղադրանք առաջադրեն, իսկ թե կոնկրետ ով է նա, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:
«Ժողովուրդ»-ը փորձեց ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանի հետ, սակայն նա, լսելով ընտրությունների մասին է հարցը, հրաժարվեց որեւէ բան ասել՝ նշելով, թե ինքը ո՛չ հանձնաժողովի անդամ է եղել, ո՛չ քարտուղար:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
Մայիսի 3-ին` ժամը 18:40-ի սահմաններում, Վ. Արտաշատ-Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում անհայտ անձինք «Լադա Պրիորա» մակնիշի 777/93 ՌԴ հաշվառման համարանիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով հետապնդել են Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին պատկանող «Վազ 2107» մակնիշի 44VV443 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ղեկին այդ պահին գտնվել է վարորդ Կարեն Ղազարյանը։ Հրազենից կրակոցներ են արձակվել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդի եւ նրա ուղեւորի՝ Ն. Գրիգորյանի ուղղությամբ, ապա հեռացել դեպքի վայրից։ Արձակված կրակոցների հետեւանքով Կ. Ղազարյանը ստացել է ձախ ազդրի վերին երրորդականի, ձախ սրունքի եւ աջ վերանրակային շրջանի հրազենային վնասվածքներ եւ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակվել երկու անձի կողմից՝ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի աջ կողային հատվածի առջեւի ու հետեւի դռների բաց պատուհաններից։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

 

 

ՑԻԱՆԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հանքարդյունաբերության ոլորտում հայտնի «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությանը «Սպեցնազ» պահնորդական ընկերությունն ուշագրավ ծառայություններ է մատուցել: Մասնավորապես հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունը Չինաստանից ինչ-որ ապրանք ներմուծելու համար դիմել է վերը նշված պահնորդական ընկերությանը եւ խնդրել ապահովել դրա անխափան ներմուծումը: «Ժողովուրդ»-ը «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունից տեղեկացավ, որ իրենք Չինաստանից ներմուծել են ցիան տեսակի նյութ, որի տեղափոխումը ապահովել է «Սպեցնազ» ընկերությոնը: Տեղեկացնենք, որ «Սպեցնազ» ՍՊԸ-ն պատկանում է պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանին:

 

 

«ԳԱԼԱՆ» ՀԱՂԹԵԼ Է
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ հրապարակել է «ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Հայաստանի Հանրապետության դեմ բողոքը ներկայացրել է «ՉԱՊ» ՍՊԸ-ն՝ «Գալա» հեռուստաընկերության հիմնադիրը, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա: Դատական գործը վերաբերել է ՊԵԿ կողմից հեռուստաընկերության նկատմամբ իրականացված ստուգումներին եւ նրա նկատմամբ սահմանված 25.665.100 դրամի հարկային պարտավորությանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է վճարել ընդհանուր առմամբ 3.900 եվրո փոխհատուցում. 2400 եվրո՝ պատճառած ոչ նյութական վնասի եւ 1500 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում:

 

 

ՆՈՐ ՎԻՐԱՎՈՐ
Տավուշի մարզում ականի պայթյունի հետեւանքով զինվորական է վիրավորվել: Նա տեղափոխվել է հիվանդանոց:




Լրահոս