ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդը պետք է հասկանա՝ կատարեց, պետք է պատասխանատվության ենթարկվի. Գևորգ Կոստանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը անդրադարձել էր 2017 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերին: Գրել էինք, որ տարեսկզբից մայիսի 17-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդի կրակոցից զոհվել էր 10 զինվոր, իսկ ահա 17 զինվոր մահացել ինքնասպանության հասցնելու, ավտովթարի, սպանության, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով: Զինված ուժերում առկա իրավիճակի շուրջ զրուցեցինք ՀՀ նախկին զինվորական դատախազ, ԱԺ պատգամավոր Գեւորգ Կոստանյանի հետ:

-Պարո՛ն Կոստանյան, բանակում արձանագրված մահվան դեպքերի թիվը ոչ միայն չի նվազում, այլեւ մտահոգիչ աճի միտումներ է արձանագրում: Ինչի՞ հետեւանք է այս ամենը:

-Երբ 2011 թվականին նշանակվեցի զինվորական դատախազ, ես ամփոփեցի 2010 թվականի մահացության դեպքերը, եւ դրանք, միգուցե, հիմա հստակ չհիշեմ, ներողություն եմ խնդրում, 79-ն էին կամ 76-ը: 2012 թվականին, երբ ես ամփոփում էի մեկ տարվա գործունեությունը, այդ թիվը հասել էր 36-ի: Այսինքն՝ նվազել էր առնվազը կրկնակի: Արդյունքում դա բերեց ինձ այն եզրահանգման, որ ամենալավ եղանակը դա նպաստելն է, այսինքն՝ կոնկրետ միջոցներ ձեռնարկելը զինված ուժերում կարգապահական մակարդակի բարձրացման ուղղությամբ, եւ որը որ շատ ավելի կարեւոր է՝ այդ միջանձնային հարաբերությունները ծնող պատճառների վերացման նպատակով:

Ի՞նչ է դա նշանակում: Նշանակում է, որ յուրաքանչյուր պաշտոնատար անձ եւ սուբյեկտ, որը ներգրավված է զինված ուժերում, պետք է ինքը պատշաճ ուշադրություն դարձնի կանոնադրային հարաբերություններին, որովհետեւ զինված ուժերը այն տեղն է, որտեղ բազմաթիվ բնավորություններ, բազաթիվ սոցիալական եւ այլ արժեքներ կրող անձինք միավորված են, եւ այնտեղ պետք է այդ համակեցության կանոնները հստակ պահպանվեն: Երկրորդ ամենակարեւոր պատճառը, որը իմ խորին համոզմամբ պետք է նպաստեր դեպքերի նվազմանը, դա պատասխանատվության անխուսափելիությունն է:

Եթե իրավախախատում իրականացրած անձը հատկապես զինված ուժերում պատասխանատվության անխուսափելիության է հանդիպում, նա միանշանակ կարգապահության կողմնակից է: Ինչո՞ւ, քանի որ, պատկերացրեք, 18 տարեկան տղաներ բոլորով ծառայում են մի զորամասում եւ տեսնում են՝ ինչ-որ մեկը կատարեց ինչ-որ հանցանք կամ զանցանք եւ չպատժվեց, հետեւաբար դա մեխանիկորեն իրենց մոտ առաջացնում է համապատասխան վարքագծի դրսեւորում: Եւ հակառակը, եթե տեսնեն, որ կատարվեց հանցանք, եւ պատասխանատվությունը չուշացավ, հետեւաբար իրենց վարքագիծը կազմակերպվում է համապատասխանաբար: Այսինքն՝ առաջինը՝ կանխարգելիչ միջոցառումներ, երկրորդը՝ պատասխանատվության ենթարկելու գործընթաց:

-ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը եւս նախատել էր դատախազներին, խոսել էր կանոնադրային հարաբերությունների խախատման դեպքերում պատժի անխուսափելիությունից: Սակայն այսօր բանակում տեղի ունեցած դեպքերի արդյունքում կա՛մ հրամանատարն է աշխատանքից ազատվում, կա՛մ մի քանի զինծառայող ազատազրկման են դատապարտվում, բայց իրավիճակը չի փոխվում:

-Դա պետք է շարունակական լինի, դու կարող ես 10 հանցագործություն կատարած անձանցից մեկի նկատմամբ պատիժ սահմանել կամ պատասխանատվության ենթարկել, եւ դա ընդհանուր չբարձրացնի կարգապահության մակարդակը: Պատասխանատվության անխուսափելիությունը պետք է լինի համընդհանուր նորմ, որը կիրառելի է բոլորի նկատմամբ: Եթե դու ընտրանքային մոտեցում ցուցաբերես, իհարկե, չի լինի:

-Մայիսի 7-ին երեք զինվոր զորամասին պատկանող «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով առանց թույլտվության լքել էին N զորամասը, ավտովթարի արդյունքում ընկել էին գետը եւ ջրահեղձ եղել: Մեզ հայտնի է դարձել, որ զինվորների մահվան դեպքից հետո զորամասի հրամանատարին հեռացնելու են, արդյո՞ք այս կերպ իրավիճակ կարող ենք փոխել:

-Գիտեք ինչ, պաշտոնից հեռացում, թե այլ կերպ պատասխանատվության ենթարկել, ես խոսում եմ պատասխանատվության անխուսափելիության մասին: Մեկին կարող են պաշտոնից հեռացնել, մյուսին կարող են խիստ նկատողություն տալ, կոչումից զրկել կամ քրեական պատասխանատվության ենթարկել:

Դրա համար մենք խոսում ենք պատասխանատվության անխուսափելիության մասին, չափը պատասխանատվության կամ բնույթը պատասխանատվության, դա կլինի քրեական թե կարգապահական, հարցի 8-րդ կողմն է: Մարդը պետք է հասկանա՝ կատարեց, պետք է պատասխանատվության ենթարկվի:

-Բայց, ըստ էության, դասեր չեն քաղում, հրամանատարը, որը նախկինում բանակից հափշտակություն էր արել, սիմվոլիկ պատիժ կրալուց հետո կրկին վերադառնում է զինված ուժեր եւ էլի շարունակում նույն գործելաոճը:

-Հասկանում եմ, բայց դա երկարատեւ աշխատանք է, այնպես չի, որ մի զորամասում 5 հոգու դատի տվեցիր կամ 10 հոգու պաշտոնից զրկեցիր, վերջ, այնտեղ հանցագործությունը կնվազի, կամ կարգապահությունը բարձր մակարդակի կհայտնվի: Դա տեւական պրոցես է: Համենայնդեպս, իմ գործունեությամբ պայմանավորված՝ 2011 թվականից 2013 թվականը, մահացության դեպքերը 3-4 անգամ նվազել էին, ինչպես նաեւ նվազել էին առանձնապես ծանր հանցագործությունները: Մենք չենք խոսում հանցագործության ընդհանրապես վերացման մասին, բայց հանցավորության նվազման մասին մենք կարող ենք խոսել եւ խոսեցինք:

Քնար Մանուկյան




Լրահոս