ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան հետախուզության կանխատեսումներով՝ Լեռնային Ղարաբաղում հնարավոր է՝ վերսկսվեն ռազմական գործողությունները: Նման հայտարարություն երեկ արել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսը Սենատի՝ հետախուզության հարցերով հանձնաժողովին ներկայացնելով հատուկ զեկույցը: «Լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ, նորից ի հայտ է եկել 2016 թվականի ապրիլին: Ավելին՝ կողմերի՝ փոխզիջումների չգնալը եւ ներքին ճնշման ուժեղացումը ենթադրում են, որ 2017 թվականին կարող են կրկնվել լայնամասշտաբ ռազմական գործողությունները»,- ասված է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարի զեկույցում: Միաժամանակ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնի Atlantic Council վերլուծական կենտրոնում, խոսելով արցախյան հիմնախնդրի մասին, շեշտել է խաղաղության գնալու անհրաժեշտությունը. «Կրկին եկել է ժամանակը, որ կողմերը քաղաքական անկեղծ հանձնառություն ստանձնեն եւ պատրաստեն իրենց ժողովուրդներին խաղաղության՝ հիմնվելով մինչ օրս կատարված աշխատանքի վրա: Իրատեսական չէ եզրակացնել, թե հազվադեպ հանդիպումները բավարար են տեւական խաղաղության հասնելու համար: Երբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպում են, բովանդակային երկխոսություն են ունենում՝ անդրադառնալով լուծման կարիք ունեցող առանցքային հարցերին: Մենք կուզենայինք, որ նախագահները կրկին դեմ առ դեմ հանդիպեին, եւ որքան շուտ, այնքան լավ»,- ասել է նա:
Նկատենք, որ քանի դեռ լուծված չէ Արցախյան հիմնախնդիրը, միշտ կա պատերազմի վերսկսման վտանգ: Սակայն միշտ չէ, որ այդ մասին խոսվում է նման բարձր մակարդակով, եւ այս առումով ամերիկյան կողմի՝ իրար հաջորդած հայտարարությունները պատահական չեն, ու դրանց պետք է լրջորեն վերաբերել: Հետաքրքիր է՝ ի՞նչ դասեր են քաղել իշխանությունները նախորդ տարվա ապրիլյան պատերազմից, ի՞նչ են արել՝ բացի համահայկական միջոցներով ԼՂՀ-ում առաջնագծի ուժեղացումից ու տեխնիկական հագեցվածություն ապահովելուց:

 

 
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը համոզված է, որ Հայաստանում կուսակցական կառավարում գոյություն չունի: «Ինչքան էլ Սերժ Սարգսյանը փորձի ցույց տալ, թե՝ տեսեք, գործադիր մարմին է հավաքվում, ինչ-որ որոշումներ են կայացվում, խորհրդին են ներկայացնում, այդպիսի դեպք չեք հիշի, որ որեւէ մեկը Սերժ Սարգսյանի կարծիքին դեմ է եղել, կամ ինչ-որ դեպք չեք հիշի, որ որոշումները նախօրոք հայտարարվեն,- ասել է նա՝ հավելելով,- տոտալիտար կառավարման համակարգ է, հիմա ո՞ւմ աչքին են թոզ փչում»: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային, Կարապետյանի կարծիքով՝ ավելի շատ արվել է քարոզչական նպատակներով, քան կառավարման համակարգի մեջ ինչ-որ բան փոխելու համար: «Իմ կարծիքով այն մարդիկ, ովքեր հասկանում են այս իշխանության, այսպես կոչված, հոգին եւ թալանի մոլուցքը, չեն գնում համագործակցության»,- ասել է նա:

 

 
Գյումրիի նախկին քաղաքապետ, նոր խորհրդարանի պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի մասնակցությամբ հերթական միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել: Պատճառը, սակայն, ոչ թե Սպարտակի կողմից հերթական մարդուն ծեծի ենթարկելն է (սա վաղուց ի վեր դարձել է սովորական երեւույթ), այլ որ կատարվածի մասին իրավապահները ղեկավար կազմին չեն զեկուցել եւ պատշաճ ընթացք չեն տվել: Դեռ ավելին՝ մոտ 10 օր առաջ կատարված դեպքով ոստիկանությունը միայն երեկ է սկսել հետաքրքրվել՝ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո: Այսինքն՝ եթե մենք չգրեինք, տեղի իրավապահները պարզապես կկոծկեին կատարվածը, առավել եւս, երբ տուժածներից մեկին էլ իրավապահներն այս օրերին չեն կարող գտնել. հավանաբար, վնասվածքները այն աստիճան ծանր են, որ թաքցրել են՝ հնարավոր բարդություններից խուսափելու համար: Փոխարենը երեկ ոստիկանություն է տարվել Սպարտակ Ղուկասյանը, չնայած հայրը՝ Վարդան Ղուկասյանը, ողջ օրը տարբեր լրատվամիջոցներով հերքում էր միջադեպի մասին լուրերը՝ վիրավորելով դեպքը բացահայտած լրատվամիջոցին:

 

 
Հայաստանի պետական պարտքը գերազանցել է 6 մլրդ դոլարի սահմանագիծը: Ըստ պաշտոնական տվյալների՝ մայիսի 1-ի դրությամբ այն կազմել է 6 մլրդ 37.4 մլն դոլար: Տարեսկզբի համեմատ՝ այս թիվն ավելացել է 95.3 մլն դոլարով, իսկ ահա միայն Կարեն Կարապետյանի վարչապետության այս կես տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը փաստացի ավելացել է 552.5 մլն դոլարով: Նկատենք, որ այդ գումարի առյուծի բաժինը կառավարության պարտքն է՝ 5 մլրդ 514,3 մլն դոլար, մինչդեռ ըստ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի՝ կառավարության պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ 60 տոկոսը: 2016թ. Հայաստանի՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 10.5 մլրդ դոլար, իսկ միայն կառավարության պարտքը մայիսի 1-ի դրությամբ կազմում է ՀՆԱ 52,8 տոկոսը:

 

 

 
ՎԻԵՆՆԱՅԻՑ ՀԵՏՈ
Մինսկի խումբը չի հանձնվում եւ կայուն խաղաղության ուղիներ է փնտրում։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում կազմակերպված «Հայ-ադրբեջանական հակամարտության միջազգային քաղաքականությունը» խորագրով համաժողովին։
Հոգլանդը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսին կամ հուլիսի սկզբին կայցելեն տարածաշրջան: Նա նաեւ նշել է, որ Մինսկի խումբը կցանկանար՝ որքան հնարավոր է շուտ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վկան: «Անհրաժեշտ է հակված մնալ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել 2016թ. Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում երկու երկրների առաջնորդների հանդիպմանը»,- ասել է համանախագահը: Հատկապես այս վերջին հիշատակումը՝ վերստին անհասցե եւ ընդհանրական, արձանագրում է Մինսկի խմբի անկարողությունը:
Ընդամենը երեք օրից կլրանա մեկ տարին, երբ ձեռք բերվեցին այդքան տարփողված Վիեննայի համաձայնությունները: Երբ անցած տարի մայիսի 16-ին՝ ապրիլյան արյունալի գործողություններից ավելի քան մեկ ամիս հետո, գերտերություններին, ի վերջո, հաջողվեց կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, դա դիտվեց որպես խաղաղության հաստատմանն ուղղված կարեւորագույն եւ հաջողված ջանք՝ ի դեմս Վիեննայի համաձայնություն անունը ստացած փաստաթղթի, որով կողմերը համաձայնում էին սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, մշտադիտարկող տեխնիկական սարքավորումների տեղադրման եւ ԵԱՀԿ մշտական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցում: Վիեննայից Երեւան վերադարձող Սերժ Սարգսյանն էլ օդանավում տրված իր հայտնի հարցազրույցում նշեց, որ հայկական կողմը առաջարկել է, որ մինչեւ հաջոդ հանդիպումը տեղադրվեն տեխնիկական սարքավորումները: Նախապայմանի փոխարեն «առաջարկ» դիվանագիտական փափկասացությունը, սակայն, չօգնեց հայկական կողմին, որի առաջարկը չիրագործվեց մինչեւ հունիսի 20-ին կայանալիք Սանկտ Պետերբուրգի հանդիպումը: Ու թեեւ Պուտինի նախագահությամբ եւ ԵԱՀԿ միջնորդների ընդամենը դիտորդությամբ, այլ ոչ թե մասնակցությամբ անցկացված այդ հանդիպմանը Վիեննայի համաձայնությունները վերահաստատվեցին եւ այդուհետ ստացան Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնություններ անունը, դրանից ոչինչ չփոխվեց:
Եվ այսօր՝ մեկ տարի անց, կարող ենք արձանագրել, որ եթե անգամ այդ համաձայնությունները կոչվեն ոչ թե երկու քաղաքների, այլ աշխարհի բոլոր գերտերությունների մայրաքաղաքների անուններով՝ դրանից որեւէ բան չի փոխվի: Այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն վստահ է իր նավթառեսուրսների եւ մեծ եղբոր աջակցության վրա, իսկ Հայաստանն էլ կախյալ է եւ տնտեսապես քայքայված, նմանատիպ բոլոր համաձայնությունները մնալու են թղթի վրա, իսկ պատերազմի վտանգն էլ՝ օդում կախված:




Լրահոս