ԿՈԱԼԻՑԻԱ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐ ԵՐԿՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ տարի տեւած երկկողմ համագործակցությունից հետո նախօրեին ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն նախագահական նստավայրում ստրոգրեցին նոր կոալիցիոն հուշագիրը: Ինչո՞ւ ՀՀԿ-ն գնաց այդ քայլին այն դեպքում, երբ միանձնյա կարող էր որոշումներ ընդունել, ի՞նչ կտա հասարակությանը քաղաքական ուժերի այս համագործակցությունը. այս եւ այլ հացերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ:

-Պարո՛ն Կարապետյան, նախօրեին ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ստորագրեցին կոալիցիոն գործընկերության քաղաքական նոր համաձայնագիրը: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն որոշեց ՀՅԴ-ի հետ նորից կոալիցիա կազմել, չէ՞ որ կարող էր միանձնյա կառավարել երկիրը:
-Այստեղ երկու կարեւոր հանգամանք կա. ամեն ինչ մակերեսի վրա է, ամեն ինչ երեւացող է, այդտեղ անալիզի խորություն չկա: Առաջինը՝ սփյուռքում որոշակի դերակատարություն ունի Դաշնակցությունը, հետեւաբար սփյուռքում դրական իմիջ թողնելու համար նաեւ, որովհետեւ յուրաքանչյուր սփյուռքյան կուսակցություն իր տրամաբանության մեջ շատ կարեւորում է, որ Հայաստանում իրենց կուսակցությունն իշխանության հետ լավ հարաբերություններ ունի, վերջ ի վերջո, դա դեր խաղում է: Երկրորդ՝ Սերժ Սարգսյանը, գիտեք, էֆֆեկտների կողմնակից մարդ է, Դուք ճիշտ ասացիք՝ որեւէ պրագմատիկ քաղաքական լուծում չունի այդ ամենը, բայց էֆֆեկտիվ է, չէ՞, իրենք մենակ չեն, իշխանությունը կիսում են ինչ-որ մեկի հետ, տեսեք՝ ամենավերջին ուժը, որ քիչ ձայն է հավաքել եւ անցել է խորհրդարան, նրանց հետ գնում են կոալիցիայի, միայնակ չեն ուզում կառավարել երկիրը: Վերջում, ցավոք սրտի, այդ ամենի հանրագումարը բերում է նրան, որ թալանը շարունակվում է:
-Իսկ ՀՅԴ-ն ինչո՞ւ գնաց այդ քայլին, ընդամենը երեք պորտֆելի՞ համար:
-Չեմ կարծում, այստեղ էլ ամեն ինչ հասկանալի է: Ինչպես տեսնում եք, շատ հետաքրքիր բան կա, ո՛չ ես, ո՛չ Դուք եք ասում, դա գործընթացն է ցույց տալիս. Դաշնակցությունը, ինչքանով ես հիշում եմ, գնալով քիչ ձայներ է հավաքում ընտրությունից ընտրություն, այսինքն՝ իրենց մոտ ինչ-որ առումով ընկալման ճգնաժամ է սկսվել, դե որ հիմա վերջին ուժը դարձավ, նույնիսկ «Ելք»-ից քիչ հավաքեց, պատկերացրեք՝ սրան չգումարվի պետական նաեւ ինչ-որ ռեսուրս: Այսինքն՝ հնարավորությունը ո՞րն է լինելու, գաղափարախոսական պայքար տանելու համար: Բայց արդեն մի քիչ ուշ է, որովհետեւ արդեն կոալիցիայի կազմում են, ինչ-որ առումով ընդդիմություն էին, հիմա ընդդիմություն չեն: Դաշնակցությունը հողի, կռվի, արյան գնի հարցերի պահերին իսկապես Դաշնակցություն է, եկեք՝ դա էլ չուրանանք, շատ մեծ ընկալում է ունենում, հետո, բայց երբ վիճակը գալիս է նրան, որ տնտեսությունը պետք է զարգացնեն, պայքար տանեն, այսինքն՝ ոչ հեղափոխական գործընթացներում, այդ պարագայում ընկալումն ընկնում է: Եվ հիմա Դուք ինձնից լավ եք հասկանում, որ եթե չունի այդ ռեսուրսը, բա ինչի՞ հիման վրա կուսակցության ներսում իրավիճակը պետք է պահվի, սփյուռքին բացատրվի, չէ՞ որ թե՛ ֆինանսավորման խնդիր կա, թե՛ սփյուռքի կառույցների հետ փոխհարաբերության հարց կա:
-Ի՞նչ կտա հասարակությանը քաղաքական ուժերի այս համագործակցությունը:
-Շատ կուզենայինք, որ ինչ-որ բան տար, բայց փորձը ցույց է տվել, որ ՀՀԿ-ն շատ յուրահատուկ իրավիճակ է ստեղծում մեր երկրում, շատ կարճ ասեմ՝ կոալիցիայի մեջ է եղել չորս ուժերով, կոալիցիա է եղել մեկի հետ, հիմա էլ կոալիցիա է մեկի հետ, շատ ժամանակ եղել է, որ կոալիցիա չի եղել, մենակ է կառավարել, այսինքն՝ ինչ-որ հնարավոր բան կա, փորձել են, բայց փորձը ցույց է տվել, որ ինչ-որ մինչ օրս արել են երկրում, ընկալելի առումով հասարակության կողմից բարելավում չի ունեցել:
-18-ից 3 պորտֆել վերցնելն ինչքանո՞վ է հավասար գործընկերություն:
-Իմ տեսակետից, իհարկե, հավասար գործընկերության խնդիր չկա, այդպես կարելի է ներկայացնել, բայց փաստը մնում է փաստ: Նույնիսկ ՀՀԿ-ի պարագայում այդպիսի բան չկա, մեզ մոտ կուսակցական կառավարում գոյություն չունի, ինչքան էլ Սերժ Սարգսյանը փորձի էֆֆեկտ ցույց տա, որ տեսեք՝ գործադիր մարմին է հավաքվում, ինչ-որ որոշումներ են կայացվում, խորհրդին են ներկայացնում, այդպիսի դեպք չեք հիշի, որ որեւէ մեկը Սերժ Սարգսյանի կարծիքին դեմ է եղել, կամ ինչ-որ դեպք չեք հիշի, որ որոշումները նախօրոք հայտարարվեն: Դուք ավելի շուտ եք տպել, քան իրենք: Այսինքն՝ միանշանակ հասկանալի է, որ տոտալիտար կառավարման համակարգ է, հիմա ում աչքին են թոզ փչում: Եւ այս պարագայում միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ ճիշտ են ասել՝ փոքր գործընկերն է, որովհետեւ կոալիցիաները կազմելու համապատասխան սկզբունքները, կոնկրետ քաղաքագիտական, կատարվում են պառլամենտ անցած պատգամավորների քանակին համապատասխան: Երեք պորտֆելներ տվել են, դա ավելի շատ էֆֆեկտ է, պիառ, քան կառավարման համակարգի մեջ ինչ-որ բան փոխելը կամ ինչ-որ հարցերի քննարկումը: Իմ կարծիքով՝ այն մարդիկ, ովքեր հասկանում են այս իշխանության, այսպես կոչված, հոգին եւ թալանի մոլուցքը, չեն գնում համագործակցության:
-Նախկին բոլոր կոալիցիաների անդամները, այդ թվում՝ ՀՅԴ-ն, իշխանությունից դուրս գալուց հետո, երբ ընդդիմադիր էին դառնում, բացասականը վերագրում էին ՀՀԿ-ին ու արդարանում, թե իրենք պատասխանատու են եղել միայն իրենց վերապահված ոլորտների համար: Մի՞թե գործընկերության դեպքում նման հայտարարություններն ընդունելի են:
-Այդպիսի բան չկա կոալիցիոն կառավարումների ժամանակ: Դա երեւի հայկական նոհաուներ են, համաշխարհային քաղաքագիտության սկզբունքներին դեմ են, եւ այն մարդիկ, ովքեր կլասիկ քաղաքականությամբ են զբաղվում եւ հայկական քաղաքականությամբ մենակ չեն զբաղվում, այդպիսի բան չգիտեն: Որովհետեւ կոալիցիոն կառվարման հիմքը, իմաստն այն է, որ այն կուսակցությունները, որոնք հավաքվում են եւ կազմում են կոալիցիա, մշակում են ընդհանուր ծրագիր, ընդհանուր գաղափարախոսության հարցերի մոտեցում, ներկայացնում են պառլամենտին, ստանում են պառլամենտի դրական գնահատականը, եւ կառավարությունը սկսում է ըստ այդ ծրագրի, եւ դրա իմաստն այն է, որ բոլորն իրար հետ կրում են այդ պատասխանատվությունը: Չի կարելի ամուսնանալ եւ ասել՝ ես հարեմում միայն մի կնոջ մարդն եմ, այդպիսի բան չի կարող լինել, այսինքն՝ եթե հարեմ է, բոլորն են, չէ՞, իրենց կանայք, այսինքն՝ պատասխանատվությունը կիսվում է ամբողջ հարեմի նկատմամբ:

 

 
Ե՞ՐԲ ԿՎԵՐՍԿՍԻ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԸ «ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ»-Ն

Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը մերժեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը, դաշինքի ներկայացուցիչները նախ հայտարարեցին, որ պատրաստվում են դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան, ապա եւ` չբացառեցին փողոցային պայքար մղելու տարբերակը:

Նկատենք, որ դաշինքի անդամներից Վարդան Մալխասյանը դեռեւս երկու շաբաթ առաջ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է փողոցային պայքարը վերսկսեն, պատասխանել էր. «Անպայման, մենք կանցնենք նաեւ փողոցային պայքարի։ Դա պարտադիր է։ Եթե չկա ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀԱԿ վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանից փորձեց պարզել, թե ի՞նչ փուլում են գտնվում եւ ե՞րբ են պատրաստվում վերսկսել փողոցային պայքարը. «Դա կոնկրետ իրավիճակների հետ է կապված, կոնկրետ խնդրի հետ է կապված, որ պետք է ձեւակերպվի, մենք այդ քննարկումները կանենք, որոշումները կկայացնենք եւ մեր գործողությունները կանենք»,- ասաց Աբրահամյանը:
Դաշինքի ներկայացուցչի խոսքով՝ դա կոնկրետ քաղաքական օրակարգ է, որը պետք է մշակել.«Ռազմավարական առումով մեզ համար ամեն ինչ պարզ է, բայց գործողությունները տակտիկական քայլեր են նաեւ, չէ՞, կոնկրետ օրակարգ է պետք, օրակարգը պետք է ձեւակերպենք, որի շուրջ գործողությունները կազմակերպենք: Հո ինքնանպատակ չէ, պետք է հստակ լինի, թե մենք ինչ խնդիր ենք հիմա ուզում լուծել, եւ դրանից կախված կլինի ամեն ինչ»,- ասաց Աբրահամյանը:
Ճշտող հարցին` այսինքն՝ դեռեւս հստակեցված չէ՝ կլինի՞ փողոցային պայքար, թե՞ ոչ, Աբրահամյանը արձագանքեց. «Մենք դեռ այդ քննարկումները չենք ավարտել»:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՎ
«Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատեց, որ ՀՀ ոստիկանության գլխավոր մասնաշենքի եւ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության դարպասների մոտ անվտանգության ժամանակակից նոր համակարգեր են տեղադրվել՝ մետաղյա հաստ սյուներ, որոնց նպատակը մեքենայով ներխուժելու փորձերը կասեցնելն է: Հատկանշական է այն փաստը, որ այս համակարգերը տեղադրվեցին նախորդ տարվա հուլիսին՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո, ոստիկանությունը հավանաբար որոշել է կատարվածից հետո ուժեղացնել իր անվտանգությունը: Նկատենք, որ նման համակարգ տեղադրված է նաեւ նախագահական նստավայրի եւ կառավարական ամառանոցի դարպասների մոտ: Իսկ ահա պետական մյուս մարմինների, այդ թվում՝ ուժային մյուս կառույցների մոտ անվտանգության նման համակարգեր չկան:

 

 

ԳԱՂՏՆԻ Է ՊԱՀՎՈՒՄ
ԿԸՀ տարված մանդատից հրաժարվելու դիմումները հետ վերցրած «Ծառուկյան» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածուներ առաջադրվածների ճակատագիրը դեռեւս անհայտ է: Իհարկե, այդ ութնյակից գրեթե բոլորը հայտարարեցին, որ պատրաստ են իրենց մանդատը վայր դնել այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանը կասի այդ մասին, բայց դաշինքի առաջնորդի որոշումը դեռեւս հայտնի չէ անգամ իր կուսակիցներին: Քանի որ ինքնաբացարկների դիմումները հետ վերցնելուց եւ մանդատներ ստանալուց հետո ութնյակից թերեւս հենց յոթը (բացի Խաչիկ Մանուկյանից) հայտարարեցին, որ պատրաստ են գնալ նման քայլի, հետեւաբար «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց դաշինքից պարզել, թե ի՞նչ է որոշվել, կներե՞ն ըմբոստներին եւ կթույլատրե՞ն լինել 6-րդ գումարման Ազգային ժողովում, թե, այնուամենայնիվ, ճանապարհ կդնեն. «Ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ չգիտեմ, թե ինչ զարգացումներ են հաջորդել այդ ամբողջ պրոցեսին»,- ասաց դաշինքի նախընտրական ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Բոստանջյանը: Ինչպես տեւական ժամանակ գաղտնի էր պահվում պատգամավորի մանդատ ստանալու համար թույլտվություն ունեցողների ցանկը, այնպես էլ հիմա այս ութնյակի խորհրդարանական ճակատագիրն է անհայտ, ասել է, թե ինտրիգը կպահպանվի մինչեւ մայիսի 18-ը՝ ԱԺ առաջին նիստի օրը:

 

 

ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանը նկատողություն է ստացել մարզպետ Գաբրիել Գյոզալյանի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքաշինության վարչության պետը իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար է նկատողություն ստացել: Իսկ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ Դավայանը աշխատանքային ծրագրերում քաղաքաշինական ժամկետներն է սխալ ներկայացրել, ինչի արդյունքում «արժանացել է» մարզպետի նկատողությանը:




Լրահոս