Ճամբարակ. վթարը «գաղտնի» չմնաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոքր-մոքր, աչքի չընկնող աշխատանքները զգալի տեղ են գրավում Վեոլիա Ջրի գործերում: Դրանք հաճախ ծրագիր անվանել էլ չես կարող: Պարզապես լինում է բնակիչների բողոք, որի արձագանքը վերածվում է տեղային բնույթի գործի:

Վերջիններս շատ են հատկապես գյուղերում ու փոքր քաղաքներում, անհատական տնատիրություններով կառուցապատված թաղամասերում: Ու զբաղվում է դրանցով ոչ թե կապալառուն՝ մասնագիտացված շինարարական կազմակերպությունը, այլ ընկերության տվյալ շահագործման տեղամասը:

Առաջինը՝ օպերատիվության համար: Որովհետեւ խոսքը կենսական կարեւորություն ունեցող ջրի մասին է, խոսքը սպառողի մասին, որը չի կարող սպասել եւ հավատում է Վեոլիա Ջրի արագ արձագանքին: Երկրորդը՝ որովհետեւ այստեղ մասնագիտական կարողություններ են պետք: Հարկ է նախ զննել տարածքը, փնտրել-գտնել վթարի վայրը, հասկանալ գործի բնույթն ու նոր միայն ձեռնամուխ լինել շինարարությանը:

Օրերս Ճամբարակ քաղաքի, Գարեգին Նժդեհի թիվ 150 տան դիմաց իրականացրած աշխատանքը՝ դրա ցայտուն օրինակն է: Այստեղ առկա էր, մասնագիտական լեզվով ասած, «գաղտնի վթար»: Ջուրը գետնի երես դուրս չէր գալիս, աչքի համար անտեսանելի, այն ստորգետնյա հոսքով լցվում էր հարեւան թվով 5 տնատիրությունների տարածքները՝ տներ, նկուղներ, բակեր` հարուցելով բնակիչների դժգոհությունը:

Ինչպես հայտնի է, Ճամբարակում բավականին խստաշունչ է ձմեռը, իսկ գարունը՝ ցուրտ ու անձրեւային: Վթարային աշխատանքներն այդ ժամանակ տեխնիկապես անհնար էր իրականացնել: Բայց ահա եղանակը բարեհաճ գտնվեց, և ընկերության «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Ճամբարակ» տեղամասի մասնագետները, Ճամբարակի համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցների հետ համատեղ, ձեռնամուխ եղան խնդրի լուծմանը:

Պարզվեց, որ վթարվել էր ընկերությանը պատկանող 160մմ տրամագծով ջրատարի՝ անհատական տնատիրություններով անցնող հատվածը, որի պատճառով առաջացել էր վայրկյանում 2-3 լիտր քանակությամբ ջրակորուստ: Մարդիկ ու տեխնիկան գործի անցան: Ի վերջո, խողովակն էլ նորոգվեց, բնակիչներն էլ գոհացան:

Վեոլիա Ջուր ՓԲԸ,

Հանրային կապերի ծառայություն




Լրահոս