Դիպլոմներ վաճառելու աղմկահարույց բացահայտումները շարունակվում են. զինվորական կոչումներ` կեղծ դիպլոմներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կրթական դիպլոմներ վաճառելու աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: Այս անգամ իրավապահները բացահայտել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիպլոմի վաճառքի նոր դեպք: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դիպլոմները վաճառվել են ՀՀ ՊՆ զինվորականներին, որպեսզի դրանք ՊՆ-ին ներկայացնելով՝ կարողանան զինվորական բարձր կոչումներ ստանալ:
Տեղեկացնենք, որ դեռեւս այս տարվա սկզբին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր կեղծ դիպլոմներ վաճառելու աղմկահարույց մի քանի դեպքեր: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող ոչ պետական բուհերի ռեկտորները կեղծ դիմպոլմներ էին վաճառել ուսանողներին: Նրանց մեջ էին եղել նաեւ օտարազգի մի շարք ուսանողներ, որոնք իբրեւ թե եկել են Հայաստան եւ իրավաբանի, բժշկի կրթություն ստացել: Բայց իրավապահները բացահայտել էին, որ քաղաքացիներին տրամադրված դիպլոմները կեղծ էին եղել եւ ռեկտորներն էլ հայտնվել են ամբաստանյալի աթոռին:
Բայց պարզվում է՝ Հայաստանի պետական բուհերի պաշտոնատար անձինք եւս դիպլոմներ են վաճառում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գեղամ Բադալյանը, ով եղել է ՀՀ ՊՆ զորամասի պարետային դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդ-էլէկտրիկ, իսկ կոչումով` եֆրեյտոր, կեղծ դիպլոմ է գնել։
Ըստ էության նրա առաջ խնդիր են դրել` եթե ցանկանում ես զինվորական կոչումդ բարձրացնել, ապա պետք է պետական բուհի դիպլոմ ներկայացնես ՀՀ ՊՆ: Եվ ահա եֆրեյտոր Բադալյանը իր նպատակը իրականացնելու համար ոմն Արամից ութ հարյուր դոլար գումարի դիմաց ձեռք է բերել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիպլոմ: Ըստ այդ դիպլոմի` Գեղամ Բադալյանը ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը եւ ստացել է արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարության մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրի աստիճան։ Այնուհետեւ նշված դիպլոմի վավերացված պատճենը ներկայացրել է ՊՆ զորամասի համալրման բաժանմունքի պետ մայոր Արման Գեւորգյանին:

Ահա թե ինչ ուժ է ունեցել 800 դոլարով ձեռք բերված դիպլոմը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ եֆրեյտոր Գեղամ Բադալյանը, ներկայացնելով դիպլոմը, անցել է որակավորում, հանձնել քննությունները եւ ստացել զինվորականի լեյտենանտ կոչում, ապա աշխատանքի անցել ՀՀ ՊՆ զորամասերից մեկում որպես ինժեներասակրավորային վաշտի ինժեներատեխնիկական դասակի հրամանատար:
Բայց կարճ չանցած բացահայտվել է իրողությունը: Իրավապահները դիպլոմի օրինական լինելը պարզելու համար վերցրել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական հիմնադրամի կնիքի դրոշմի նմուշները, որոնք ճանաչվում են որպես ապացույց, որ դիպլոմը օրինական տրամադրված դիպլոմ է եղել:
Այս պատմության մեջ առեղծված է մնում, թե, ի վերջո, ով է այն անձը, որը համալսարանի դիպլոմներ է շռայլում զինվորականներին՝ նրանց համար ապահովելով բարձր կոչումներ:

Տեղեկացնենք, որ այս պատմության համար Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ հոդված 325. փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը 1. Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը, կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս