ԿԱՅՈՒՆ ԵՏԸՆԹԱՑԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նախկին վարչապետ, իսկ այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը երեկ անդրադարձել է ԵՏՄ անդամ երկրների տնտեսական վիճակին՝ հայտարարելով, թե այս տարվա առաջին եռամսյակում բոլոր հինգ պետություններում զգալի աճ է գրանցվել:

«2017 թվականին ԵԱՏՄ բոլոր հինգ պետությունում 2014 թվականից ի վեր առաջին անգամ արձանագրվել է զգալի տնտեսական աճ»,- հայտարարել է Տիգրան Սարգսյանը եւ հավելել, որ 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին ԵՏՄ արտաքին առեւտրի ծավալը, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ավելացել է 29,6%ով, իսկ փոխադարձ առեւտրի աճը կազմել է 31,1%: «Ավելանում է ընկերությունների թիվը, որոնք ներդրումներ ունեն ԵԱՏՄ պետություն-գործընկերներից: Աճում է տնտեսության իրական սեկտորը, բեռնա եւ ուղեւորափոխադրումների ծավալը: Հանձնաժողովի կանխատեսումը մինչեւ 2019 թվական՝ կայուն-բարենպաստ»,- ընդգծել է նա:
Տիգրան Սարգսյանի այս ելույթը հիշեցրեց «Ոսկե հորթը» ֆիլմի հայտնի դրվագը. «Գնացե՛ք Կիեւ եւ այնտեղ հարցրեք, թե ի՞նչ էր անում Պանիկովսկին մինչեւ հեղափոխությունը։ Անպայման հարցրեք…»։ Հիմա նույն կերպ կարելի է հորդորել այս ելույթի ունկնդիրներին. «Գնացե՛ք Հայաստան ու հարցրե՛ք՝ ո՞վ էր Տիգրան Սարգսյանը մինչեւ ԵՏՄ կոլեգիայի նախագահ դառնալը: Անպայման հարցրեք, եւ կասենք՝ Տ. Սարգսյանը Հայաստանի վարչապետն էր, որն ուղղակի ավիրեց երկրի տնտեսությունը…»:
Հիմա առանց սարկազմի: Տիգրան Սարգսյանը ԵՏՄ անդամ երկրների այս տարվա եռամսյակային ցուցանիշները համեմատել է 2014թ. նույն ժամանակահատվածի տվյալների հետ ու ասել, թե ԵՏՄ բոլոր երկրներում զգալի աճ է արձանագրվել: Բայց հիշեցնենք՝ 2014թ. առաջին եռամսյակում Հայաստանի վարչապետը նույն Տիգրան Սարգսյանն էր: Ու քանի որ նրա պաշտոնավարման 6 տարիների ընթացքում երկրի տնտեսությունը պարզապես քայքայվեց, դրանից հետո ցանկացած տեղաշարժ բնականաբար մեծ առաջընթաց կարելի է համարել (չնայած, նկատենք, որ հրաժարականից երեք տարի անց տնտեսությունն այդպես էլ չի վերականգնվել): Ուստի զարմանալի չէ, որ տնտեսական ակտիվության ցուցանիշով Հայաստանում 2014թ. համեմատ այս տարի, իրոք, մեծ առաջընթաց է արձանագրվել. ըստ ԱՎԾ-ի՝ եթե 2014թ. առաջին եռամսյակում ՏԱՑ-ն 3,3 տոկոս էր, ապա 2017թ. դարձել է 6,6 տոկոս (իսկ 2016-ին՝ 5,6 տոկոս):
Բայց մյուս կողմից նաեւ արձանագրենք՝ առաջին եռամսյակից հետո տնտեսական ակտիվության ցուցանիշների տեմպերը սկսել են նվազել. արդեն ապրիլին, մարտի համեմատ, ՏԱՑ-ն 0,3 տոկոսով է ավելացել, եւ մասնագետների պնդմամբ՝ նման ցածր տեմպերը դեռ երկար են պահպանվելու: Այնպես որ, դեռ վաղ է հիացական գնահատականներ տալը, գոնե Հայաստանի տնտեսության մասով: Առավել եւս, երբ նախորդ տարվա առաջին կիսամյակում էլ Հայաստանում շարունակական աճ գրանցվեց, եւ բանը հասավ նրան, որ ՏԱՑ-ն դարձել էր 5.7 տոկոս, բայց հունիսից սկսվեց գահավիժումը, եւ արդեն տարին ամփոփեցինք կես տոկոս աճով: Չի բացառվում՝ նույնը կրկնվի նաեւ այս տարի: Հավելումն նշենք, որ ՀՀ ԿԲ-ն օրերս հրապարակել էր ֆինանսական կայունության հաշվետվությունը, որտեղ հետաքրքիր կանխատեսումներ կան համաշխարհային տնտեսության վերաբերյալ. «2017թ. համաշխարհային տնտեսությունում կշարունակվի դանդաղ աճի միտումը, թեեւ ե՛ւ զարգացած, ե՛ւ զարգացող երկրներում նախորդ տարվա համեմատ տնտեսական աճի տեմպերի էական փոփոխություն չի արձանագրվի: Ըստ ԱՄՀ գնահատումների՝ համաշխարհային տնտեսական աճը 2016թ. կազմել է 3.1% (2015 թ.` 3.2%): Զարգացող եւ անցումային տնտեսությամբ երկրներում տարվա ընթացքում տնտեսական աճի տեմպի էական արագացում չի նկատվել, մինչդեռ զարգացած երկրներում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է տնտեսական աճի նվազում»,- ասված է այդ փաստաթղթում:
Իսկ այս իրավիճակում գործող վարչապետ Կարեն Կարապետյանը զբաղված է երկրի աղբահանության, մայրաքաղաքի շենքերի տանիքները նույն գույնով ներկելու եւ նման այլ ոչ էական գործերով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 
ԱՆՀԱՄԱՐԺԵՔ
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներն արդեն ձեւավորվել են: Բայց «Ժողովուրդ»-ը նկատեց, որ հանձնաժողովներում ընդգրկվել են նաեւ այնպիսի պատգամավորներ, որոնք հեռու են տվյալ ոլորտից: Օրինակ՝ Գալուստ Սահակյանն ընդգրկվել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, չնայած մյուս կողմից եթե հիշենք նրա շուլուխները, ապա միգուցե դրանց շնորհիվ հնարավոր լինի դիվանագիտական ասպարեզում լուրջ ճեղքում գրանցել: «Ավշար» գործարանի սեփականատեր ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանն ընդգրկվել է Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովում, այստեղ է նաեւ «ՍԱՍ գրուպ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանը՝ պատգամավորներ, որոնք կիլոմետրերով հեռու են եվրաինտեգրումից եւ հազիվ թե կարողանան մեկ-երկու նախադասությամբ բացատրել եվրաինտեգրման եւ ԵՏՄ-ին անդամակցելու տարբերությունները:

 

 

ՀԵՐԹՈՎ ԼՈՒԾԱՐՈՒՄ ԵՆ
«ՀՀ գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընկերության հետ լուծարման գործընթացում են նաեւ գյուղատնտեսական աջակցության մարզային բոլոր 10 կենտրոնները՝ ԳՄԱԿ-ները։ Այդ կառույցների գործառույթներից է մարզերում խորհրդատվական ծառայություններ մատուցելը, ֆերմերների համար ուսուցողական դասընթացներ անցկացնելը եւ այլն։ Բայց ԳՄԱԿ-ների կազմակերպած խորհրդատվական ծառայությունների վերաբերյալ ժամանակին սկանդալային բացահայտումներ արեց Վերահսկիչ պալատը: Պարզվել էր՝ այդ կազմակերպության կազմակերպած խորհրդատվություններին «մասնակցել են» նաեւ մահացած մարդիկ, եւ նրանց անվան դիմաց որոշակի գումարներ էին դուրս գրել: Նշենք, որ պետական բյուջեից տարեկան այս կառույցին հատկացվում է ավելի քան 500 մլն դրամ, բայց դժվար չէ ենթադրել, որ իրականում այս կառույցներին տրված գումարները պարզապես վատնվում են:

 

 

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ «ԳԱԶ 31»-Ը
ՀՀ նախագահի աշխատակազմը խորհրդային տարիների արտադրության ավտոմեքենա է վաճառում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պետական գույքի կառավարման վարչությունը վաճառքի է հանել նախագահի աշխատակազմի ավտոմեքենան: Այսպես՝ աճուրդի հանված ավտոմեքենան «ԳԱզ 31105-120» մակնիշի է, որի գնահատված արժեքը կազմում է 300 հազար դրամ: Նշենք, որ մինչ այս ավտոմեքենան վաճառքի է հանվել մայիսի 18-ին, սակայն այդպես էլ գնորդ չի գտնվել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս ավտոմեքենայի հաջորդ աճուրդը կկայանա հունիսի 2-ին: Հուսանք՝ ի վերջո կգտնվի մեկը, ով կգնի նախագահականի «Գազ 31»-ը:

 

 
ԽՈՐՀՈՒՐԴԸ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է
ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի խորհրդում ընդգրկված են ԱԺ նախագահի տեղակալներ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը եւ Միքայել Մելքումյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Խորհրդի կազմում են նաեւ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ազգային ժողովի խորհուրդը հաստատում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանների եւ նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանում է Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը, սահմանում է մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկը, կարող է ընդունել Ազգային ժողովի հերթական նիստում հարցի քննարկման տեւողությունը մեկից մինչեւ վեց ժամ սահմանելու մասին որոշում, կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել հերթական նիստերի ընթացքում լրացուցիչ նիստ անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ:

 

 

ՄԱՍՆԱԿՑԵԼ Է
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեկ Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի ձեւավորման 25-ամյակին նվիրված նիստին: Նիստի արդյունքներով՝ որոշումներ են ընդունվել ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի, կապի համակարգերի զարգացման, հումանիտար ականազերծման, զինվորական կադրերի պատրաստման, մարտական պատրաստության եւ դաշտային համատեղ վարժանքների իրականացման վերաբերյալ, ինչպես նաեւ «նախանշվել են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի 2017թ. համատեղ միջոցառումների իրականացման ընթացակարգերը»:

 

 

ԱՊՀ ԿԱԶՄՈՎ
Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում երեկ տեղի են ունեցել անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են կառույցի շրջանակում տնտեսական փոխգործակցության հետագա զարգացմանը եւ խորացմանը վերաբերող հարցեր: Նիստերին մասնակցել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը:

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գնդապետ Արմեն Հարությունյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու պետ-վարչության պետ նշանակելու մասին:




Լրահոս