Պուտինի եւ Թրամփի հանդիպումը թաղված է անորոշության ծիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս.թ. հուլիսի 7-8-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում կկայանա աշխարհի 20 առաջատար պետությունների առաջնորդների գագաթնաժողովը: Դրա շրջանակներում նախատեսվում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, որը կայանում է երկու երկրների միջեւ հարաբերությունների բարդ պայմաններում: Հարաբերությունների խճճվածությունը թերեւս պայմանավորված է տիրապետող անորոշությամբ, երբ կառավարող շրջանակները ձգտում են գործակցության, մինչդեռ մեծ աշխարհաքաղաքական շահերը հակասության մեջ են միմյանց հետ:

Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը երբեք միմյանց չեն հանդիպել, համենայն դեպս այդպես են պնդում երկուսն էլ: Դա, սակայն, չի խանգարել նախագահներին միմյանց հանդեպ դրական վերաբերմունք ունենալուն: Դեռ նախընտրական շրջանում Թրամփը բազմիցս քննադատում էր Օբամային ու Քլինթոնին՝ Պուտինին ներկայացնելով ավելի խելացի ու միջազգային հարաբերությունների վարպետ: Թեպետ Թրամփի այդօրինակ վարքագիծը բխում էր նախընտրական արշավի տրամաբանությունից եւ մրցակիցներին բացասական լույսի ներքո քննադատելու հաշվարկից, սակայն դա չխանգարեց Թրամփին նախագահական լիազորությունները ստանձնելուց հետո էլ ակնածանք տածել Պուտինի հանդեպ:

Ամերիկյան լրատվամիջոցները մինչ օրս հիշատակում են Թրամփի եւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի անչափ ջերմ հանդիպումը՝ որպես փաստ ներկայացնելով ՌԴ նկատմամբ Թրամփի դրական տրամադրվածության հարցում:

Պուտինի մասին Թրամփը կարծես երբեք բացասաբար չի արտահայտվել՝ մշտապես շեշտելով, որ ՌԴ նախագահը առաջ է տարել ռուսական շահերը: Դրան հակառակ՝ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը բազմիցս հայտարարել է, որ Պուտինը բռնապետ է ու ժողովրդավարության թշնամի:

ԱՄՆ փոխնախագահի նման կոշտ գնահատականները Թրամփի մեղմության ֆոնին, սակայն, բնավ պատահականություն չեն: Ամերիկյան էլիտան փորձում է խաղարկել «մտրակի ու բլիթի» իր բազմամյա քաղաքականությունը: Առայժմ, տպավորություն է, որ Թրամփը հաջողում է Պուտինի հետ հարաբերությունների կառուցման հարցում՝ միաժամանակ նրա համար բարդ խնդիրներ առաջադրելով Սիրիայում, Ուկրաինայում եւ այլուր: Ստացվում է, որ Թրամփը, Պուտինին գովաբանելով հանդերձ, գիտակցում է ամերիկյան աշխարհաքաղաքական շահերի խորությունը:

Հակառակ կարծիքն էլ գոյություն ունի, ըստ որի՝ Թրամփը ՌԴ-ի հետ հարաբերությունների հստակ տեսլական, որպես այդպիսին, չունի եւ հարկադրված է հընթացս որոշումներ կայացնել ու գործողություններ իրականացնել: Այս մոտեցումը էլ ավելի է արժեւորվում, երբ Թրամփը հստակ հակադրության մեջ է մտնում ամերիկյան շահերին գրեթե միշտ սատարող եվրոպական դաշնակիցների հետ:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՆԱՏՕ-ի ապագայի շուրջ բանավեճերին, որոնց ընթացքում Թրամփը բազմիցս քննադատել է իր դաշնակիցներին կառույցի առաջ ֆինանսական պարտավորությունները չկատարելու համար: Դա էլ շղթայաբար բերել է հակադրությունների այլ բնագավառներում՝ տնտեսության, առեւտրի եւ այլն: Բնական է, որ եթե ԱՄՆ-ի հարաբերությունները լարվում են եվրոպական տերությունների հետ, դրանից պետք է շահած դուրս գան Ռուսաստանն ու անձամբ Պուտինը:

Պատահական չէ, որ այսօր եվրոպական տերությունները քննարկում են միասնական զինված ուժեր ստեղծելու հարցը: Դրան վերջին օրերին գումարվեց նաեւ նոր միջուկայի տեխնոլոգիաների զարգացման ու զենքի այդ տեսակով պաշտպանության կազմակերպմա հարցերի օրակարգ թափանցումը: Եվրոպացիները հասկանում են, որ եթե Թրամփը առանց իրենցից որեւէ մեկի կարծիքը հաշվի առնելու ԱՄՆ-ն դուրս է բերում Փարիզի՝ Գլոբալ տաքացման դեմ պայքարի համաձայնագրից, ապա նույն կերպ անկանխատեսելի նա կարող է լինել նաեւ ՆԱՏՕ-ի հետ հարցերում:

Միաժամանակ՝ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարեց ԱՄՆ նվիրվածությունը կազմակերպության 5-րդ հոդվածի նկատմամբ, ըստ որի՝ անդամ պետություններից որեւէ մեկի նկատմամբ ռազմական ագրեսիան վերաբերում է բոլորին՝ հավասարապես: Այսինքն՝ սա մեսիջ էր Պուտինին, որ չփորձի սպառնալ ՆԱՏՕ-ի անդամ ցանկացած պետության, քանզի այդ դեպքում հարկադրված կլինի բախվել բոլորի համատեղ դիմադրությանը: Եվ ահա ամերիկյան վերլուծաբանները Պուտին-Թրամփ հանդիպումից առաջ մեծապես կարեւորում են, որ Պուտինը գիտակցի ՆԱՏՕ-ի նեսրում միասնականության առկայության հանգամանքը:

Առայժմ, սակայն, այդպես էլ հստակ չէ, թե կոնկրետ ինչի շուրջ են խոսելու նախագահները: Եվ այն հանգամանքը, որ Սպիտակ տունը համառորեն հրաժարվում է հրապարակել նախագահների հանդիպման օրակարգն ու դրանում ներառված հարցերի ցանկը, պարզապես նոր անորոշություն է ստեղծում: Հատկանշական է, որ անգամ հստակ չէ, թե արդյոք նախագահները մամուլի ասուլիս կունան կամ առնվազն ձեռքսեղմումը կիրականացնեն տեսախցիկների առաջ:

Վերլուծաբանները կարծում են, որ Թրամփը հանդիպման ժամանակ խոսելու է ինչ-որ պահի ազդեցությամբ կցանկանա, ինչը դժվարին կացություն կարող է ստեղծել ամերիկյան դիվանագետների համար: Իրավիճակը ամերիկյան կողմի համար անորոշությունից զատ, բարդացել է ստարտային պայմանների պատճառով: Թրամփը Պուտինին հանդիպում է՝ երկրի ներսում թույլ դիրքեր ունենալով:

ԱՄՆ Սենատը այսօր քննարկում է նրա ու ռուսական շրջանակների հետ կապերի հարցը եւ եթե նման կապեր կան, Թրամփը դժվարությամբ է կարողանալու այս զրույցից հետո առաջ տանել Պուտինի հետ միասնական քաղաքականությունը: Իսկ եթե գաղտնի կապերի մասին տեղեկությունները կեղծ են, ապա Թրամփը, պետության ներսում ուժեղ դիրքեր չունենալով, կաշկանդվելու է Պուտինի առաջ լուրջ պահանջներ դնելիս:

ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնին Մոսկվա ուղարկելիս Թրամփը մինչ այդ հասցրեց Պուտինի համար նոր գլխացավանք ստեղծել Սիրիայում՝ շեշտակիորեն ուժեղացնելով ու կարծրացնելով ամերիկյան դիրքերը: Իսկ այսժամ, թվում է, Պուտինն ավելի շահեկան վիճակում է բարդ բանակցություններից առաջ, եթե, իհարկե, պատահաբար մի նոր ճգնաժամ չբախի Կրեմլի դռները:

Ն. Հովսեփյան




Լրահոս