Արդարադատության նախարարությունը կառավարությունից մոտ 21 մլն. գումար է պահանջում. ինչի վրա են ծախսելու

Արդարադատության նախարարությունը կառավարությունից մոտ 21 մլն. գումար է պահանջում. ինչի վրա են ծախսելու

Հայաստանի արդարադատության նախարարությունը կառավարությունից պահանջում է 20 մլն 997 հազար դրամ տրամադրել` թվային հեռախոսակապ ներդնելու համար: Թվային հեռախոսակապի ներդրման նպատակով անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար պահանջվում է 20 մլն 997 հազար դրամ: Նշված գումարից 13 մլն 499 հազար դրամով կգնվի 186 հատ թվային հեռախոսային սարքեր, իսկ 7 մլն 498 հազար դրամով համակարգի ներդրման համար անհրաժեշտ այլ սարքեր:
Ըստ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` գործող հեռախոսակապը անալոգային է, որը համարվում է ավելի ցածր դասի կապի տեսակ: Եւ այն որակապես ու ֆունկցիոնալ հնարավորություններով զիջում է թվային հեռախոսակապին:

Ի դեպ, արդարադատության նախարարությունը պնդում է, որ թվային հեռախոսակապի ներդնումը կհանգեցնի ամսական հեռախոսավճարի 25-30 տոկոս նվազեցման: ԱՆ-ն նաեւ հաշվարկել է, որ թվային հեռախոսակապի ներդրման համար պահանջվող 20 մլն 997 հազար դրամ գումարը 4 տարվա ընթացքում կվերադարձվի պետական բյուջե` հեռախոսավճարի սպասվելիք տնտեսումների հաշվին: Իսկ նախարարության հեռախոսակապի միջին տարեկան ծախսը կազմում է 17 մլն դրամ: