150 ԳՐԱՄԻ ԲԱՐԵԽՂՃՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ-ում նշվեց դատախազության աշխատողի օրը: Սերժ Սարգսյանը այդ առիթով հատուկ ելույթ ունեցավ եւ ասաց, որ դատախազությունը իրավապահ ոլորտում լրջագույն դերակատարություն ունեցող օղակներից մեկն է: Նա ասաց, որ կոռումպացվածներին պետք է վանել համակարգից, քանի որ պրոֆեսիոնալ բարեխիղճ տեսակը թանկ է մեզ համար: Թե որն է այդ տեսակը, մեզ այդպես էլ պարզել չհաջողվեց: Հիշեցնենք՝ հունիսի 23-ին կայացած նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը ՀՀ գլխավոր դատախազությանը հատկացրեց 150 միլիոն դրամ՝ դատախազներին խրախուսելու համար: Ըստ դատախազության հիմնավորման` դատախազներին խրախուսում են ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, աշխատանքային հաջողությունների եւ այլ վաստակի համար: Սակայն նախագծի մեջ չէր գաղտնազերծվել, թե կոնկրետ որ դատախազներն են պարգեւատրման արժանի եւ կոնկրետ ինչ հաջողություններ են արձանագրել, որ որոշվել է նրանց պարգեւի արժանացնել: «Ժողովուրդ»-ը դեռեւս հունիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությանը գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու. «…թե քանի դատախազ ինչքան դրամ պարգեւատրում է ստանալու, հայտնել այն դատախազների ցանկը, որոնք պարգեւատրվել են, …ինչ ծառայողական պարտականություններ են պատշաճ կատարել դատախազները կամ ինչ աշխատանքային հաջողություններ են ունեցել, որ պարգեւատրվել են»: Եւ ահա 3 օր անց «Ժողովուրդ»-ի գրավոր հարցմանը դատախազությունից պատասխանել են. «… Հատկացված գումարից աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար եւ դատախազության օրվա կապակցությամբ դրամական պարգեւով խրախուսվել են թվով 311 դատախազները»: Այսպիսով՝ 600 աշխատակից ունեցող ՀՀ դատախազությունում բոլոր 311 դատախազները բարեխղճորեն կատարել են իրենց աշխատանքը եւ մեր հաշվարկներով կստանան մոտ 482 հազար դրամ խրախուսանք: Իսկ թե հատկապես ինչ բարեխղճության համար, դատախազությունը գաղտնի է պահում այնպես, ինչպես նախաքննության ընթացքը: Հուսանք՝ գոնե կազմվելիք մեղադրական եզրակացություններում կարտացոլվի իրականությունը, եւ կիմանանք, թե հատկապես որ բարեխղճության համար են պարգեւատրվել: Նկատենք, որ ուշագրավ զուգադիպությամբ, 2017թ. մայիսի 18-ին կառավարության որոշմամբ 150 գրամով պակասեցվեց ՀՀ-ում 1 կալանավորին տրամադրվող հացի չափաբաժինը:

 

 
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը 1000 դրամների նախագիծը կյանքի կոչելուց հետո անցել է բանակին գումար նվիրաբերելու պարտադրանքի «կամավոր շարունակության» մյուս փուլերին: Քանի որ մենք՝ հայերս, սրտից թույլ մարդիկ ենք եւ հատկապես գինովցած ժամանակ սիրում ենք բանակի ու զինվորի կենացը հոտնկայս խմել, ուստի երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած զինծառայողների ապահովագրության խորհրդի նիստի ժամանակ Վիգեն Սարգսյանը բառացիորեն հայտարարել է. «Պետք է երեւի մի քիչ ոչ ֆորմալ աշխատանք տանել էդ միջոցառումների կազմակերպիչների հետ՝ հարսանիքներ, կնունքներ եւ այլն: Գաղափարն այն էր, որ ամեն անգամ բանակի համար բաժակ բարձրացնելիս մարդկանց հուշվի, որ հնարավոր է հենց այս պահին 1000 դրամ նվիրաբերել բանակին՝ այսինքն 10-28 համարով կարճ հաղորդագրություն ուղարկելով»: Հուսանք՝ գինովցած մարդկանց առատաձեռնությունը էական ազդեցություն կունենա 1000 դրամների ֆոնդի վրա: Հավելենք, որ մինչ օրս 1000 plus.am կայքի միջոցով հավաքվել է 8 մլն 544 հազար 787 դրամ, 36 մլն 189 հազար դրամ էլ՝ բանկային հաշվի միջոցով:

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ծանուցագիր է ուղարկել Հրազդանի քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Վահան Մարգարյանին: Ու եթե նա չներկայանա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ապա նրան բերման ենթարկելու որոշում կկայացվի: Մեզ հասած տեղեկություններով՝ բանտապետը որպես վկա է հրավիրվում դատարան, ՔԿՀ-ում կատարված աղմակահարույց մի քրեական գործով հարցաքննության մասնակցելու նպատակով: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Կոտայքի մարզի դատարանը ՔԿՀ պետին մի անգամ էլ է ծանուցագիր ուղարկել՝ որպես վկա դատարան ներկայանալու համար, սակայն Մարգարյանը չի ներկայացել: Հիմա անհրաժեշտություն է առաջացել երկրորդ անգամ ծանուցագիր ուղարկելու: Եւ եթե նա հուլիսի 6-ին էլ դատարան չներկայանա, ապա բանտապետին բերման ենթարկելու որոշում կկայացվի:

 

 

 
Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարի կտրուկ ավելացել է Հայաստանից կապիտալի արտահոսքը: 2017-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանից 356 մլն 683 հազար դոլարի կապիտալի արտահոսք է եղել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 42,6 մլն դոլարով: Գումարի ահռելի մասը՝ մոտ 144 մլն դոլարը, գնացել է ՌԴ, իսկ 64,4 մլն դոլարը՝ ԱՄՆ: Պատկերն ամբողջական դարձնելու համար նշենք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ինը տարիների ընթացքում Հայաստանից կապիտալի արտահոսքը 7,9 մլրդ դոլար է եղել: Ընդ որում, սա օրինական ճանապարհով երկրից դուրս բերված գումարի վիճակագրությունն է, մինչդեռ քիչ չեն նաեւ ապօրինի եղանակով Հայաստանից դուրս բերված գումարները, որոնք շրջանառվում են օֆշորային գոտիներում: Ու այս ընթացքում ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն մեկնաբանել կապիտալի թեկուզ եւ օրինական արտահոսքն ինչ է լինում: Մինչդեռ կատարվածը լուրջ եզրահանգումների տեղիք է տալիս առ այն, որ սա եւս մեկ վկայություն է Հայաստանի՝ ոչ գրավիչ երկիր լինելու մասին: Եւ անգամ կառավարության փոփոխությունից հետո մարդիկ գերադասում են իրենց գումարները չպահել Հայաստանում:

 

 

 
ԱՂՔԱՏ ԵՐԿՐԻ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Գաղտնիք չէ, որ Հայաստանում աշխատանք գտնելը լուրջ խնդիր է, իսկ աշխատելու դեպքում դեռ երաշխավորված չէ բարձր եկամուտը: Այդ փաստը լավագույնս արտացոլված է Հայաստանում աշխատավարձի կառուցվածքի վերաբերյալ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած հետազոտության մեջ, համաձայն որի՝ Հայաստանում միջին ժամային աշխատավարձն առանց հարկերի կազմում է 1190 դրամ, այսինքն՝ ամսական մոտ 200 հազար դրամ: Ընդ որում, ներկայացված թիվը միջինացված ցուցանիշն է: Ասել է, թե իրականում շատ են ավելի ցածր աշխատավարձ ստացողները: ԱՎԾ զեկույցում էլ նշված է, որ հետազոտվածների 23.9 տոկոսը ստանում է ավելի ցածր աշխատավարձ: Հետազոտությունների համաձայն՝ ամենաշատ գումարը վաստակում են ծրագրավորողները, որոնց միջին ժամային վաստակը 5371 դրամ է, իսկ ահա բժիշկը, ճարտարագետը, ուսուցիչը կամ տնտեսագետը մոտ երեք անգամ ավելի քիչ՝ 1900-1400 դրամի սահմաններում: «Եթե վարձատրության սեռային ճեղքվածքը ծրագրավորողի մասնագիտության դեպքում ընդամենը 3% է, ապա կին ճարտարագետի վաստակը 33%-ով ցածր է նույն մասնագիտություն ունեցող տղամարդու վաստակից»,-նշված է հետազոտության մեջ:
Պատկերը, համաձայնեք, առավել քան տխուր է: Շատ ընտանիքներում աշխատում է ընդամենը մեկ հոգի: Ու այս օրվա շուկայական գների պարագայում դժվար է պատկերացնել, թե ամսական մոտ 200 հազար դրամ եկամուտով ինչպե՞ս կարող է ապրել երեք հոգուց բաղկացած ընտանիքը, երբ միայն ձմռան ամիսներին գազի եւ էլեկտրաէներգիայի վարձավճարներն աշխատավարձի ավելի քան 25-30 տոկոսն են կազմում, չհաշված մնացած ծախսերը: Այնպես որ, բնական է, երբ նման իրավիճակում մարդիկ որպես իրավիճակից դուրս գալու ելք գերադասում են արտագաղթելը, լավագույն դեպքում արտագնա աշխատանքի մեկնելը:
Ճիշտ է՝ կառավարությունն իր ծրագրում խոստացել է առաջիկա հինգ տարիներին հասնել անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոսի աճի, նաեւ աղքատության կրճատման՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով: Բայց չկա որեւէ երաշխիք, որ այս ամենն իրականություն կդառնա: Ընդհակառակը, նախորդ կառավարությունների փորձը ցույց է տվել, որ ծրագրերը մնում են թղթի վրա, եւ հավանաբար, նույն ճակատագիրն է սպասվում նաեւ այս ծրագրին (դե, որպես արդարացում կարելի է տասնյակ պատճառներ բերել, օրինակ՝ համաշխարհային տնտեսության կամ Ռուսաստանի տնտեսության վայրիվերումները):
Իսկ մինչ այդ մեկ ուշագրավ փաստ. մինչ իշխանությունները խոստանում են տարեկան 5 տոկոս տնտեսական աճ, աղքատության նվազեցում եւ այլն, եւ այլն, այս տարի ավելացել է գործազրկության մակարդակը: ԱՎԾ տվյալներով՝ այս տարի գործազրկությունը կազմել է 19 տոկոս՝ նախորդ տարվա 18,3 տոկոսի համեմատ: Ընդ որում, այս թիվը դեռ աճելու է պետական համակարգում նախատեսվող օպտիմալացման հետեւանքով:




Լրահոս