ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարության ուրախությունը կարճ տեւեց: Հայաստանն էլի շրջանցվեց հարեւան-բարեկամների կողմից:

Ռուսական «Կոմերսանտ» թերթն օրերս գրել էր, թե Մոսկվան եւ Թբիլիսին պայմանավորվածություն են ձեռք բերել Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքով ապրանքների տեղափոխում իրականացնելու վերաբերյալ` կյանքի կոչելով երկու երկրների միջեւ դեռ 2011թ ստորագրված «Առեւտրային միջանցքների» մասին պայմանագիրը: Այս հրապարակումը մեծ ոգեւորություն էր առաջացրել հայ պաշտոնյաների մոտ, քանի որ ենթադրվում է` Վերին Լարսի անցակետից բացի՝ ՀՀ-ն ՌԴ-ի հետ կապող եւս մեկ ճանապարհ կունենա: Մի բան, որ այսօր օդ ու ջրի նման անհրաժեշտ է Հայաստանին. Լարսը տարվա զգալի մասը եղանակային պայմանների կամ բնական աղետների պատճառով փակվում է՝ լրացուցիչ անհարմարություններ ստեղծելով գործարարների համար: Այլընտրանքային ճանապարհը լուրջ աջակցություն կլինի այս առումով:
Ռուսական լրատվամիջոցի հրապարակմանը հետեւեցին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հրճվալից մեկնաբանությունները. «Հայաստանը հուսով է, որ Ռուսաստանն ու Վրաստանը հնարավորինս շուտ փոխհամաձայնության կգան ճանապարհային հաղորդակցությանն առնչվող հարցերում, եւ այդ երկու երկրները կապող «առեւտրային միջանցքներն» ի վերջո կսկսեն գործել: Պետք է հավատանք, որ առաջ տանենք, եւ ես հավատում եմ, որ մի օր կլինի: Աշխատում ենք բոլորս՝ ե՛ւ վրացական կողմը, ե՛ւ ռուսական կողմը, որ դա արագ լինի»: Չնայած, մյուս կողմից՝ նախարարը նաեւ հայտարարել էր, թե հայկական կողմը չի կարող ներգրավված լինել, քանի որ դա ռուս-վրացական հարաբերությունների եւ քննարկումների խնդիր է, որին մասնակցում է շվեյցարական ընկերությունը, նաեւ ավելացրել, որ որեւէ մեկը դեռ պատկերացում չունի ո՛չ պայմանավորվածությունների իրականացման մեխանիզմների, ո՛չ էլ ժամկետների մասին:
Բայց մինչ Վահան Մարտիրոսյանը խոսում էր ռուս-վրացական առեւտրային հարաբերությունների կարգավորման մասին, Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, մեկնաբանելով նրա հայտարարությունները, ասել է. «Վրաստանը չի դիտարկում տարանցիկ ճանապարհների բացման թեման»: Ավելին՝ ըստ Աբաշիձեի՝ ՌԴ-ի հետ բանակցությունները վերաբերում են միայն 2011թ ստորագրված «Առեւտրային միջանցքների» մասին պայմանագրին, ըստ այդմ, ՌԴ-ի ու Վրաստանի միջեւ հարաբերություններին եւ որեւէ խոսք չկա լրացուցիչ պայմանների մասին, որոնք թույլ կտային Հայաստանին հուսալ Աբխազիայի տարածքով առեւտուր իրականացնելու մասին:
Տեղի ունեցածն ուշագրավ է մեկ այլ իրողության համատեքստում: Այս տարվա հունվարի վերջին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի ժամանակ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել էր վրացական եւ ռուսական կողմերի հետ քննարկել եւ ներկայացնել առաջարկություններ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ: Իսկ արդեն փետրվարին Կ. Կարապետյանը Թբիլիսի այցի ժամանակ հայտարարել էր, թե Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Վերին Լարսի ճանապարհին այլընտրանք գտնելու հարցում։ «Եթե ձեզ հետաքրքրում է՝ արդյո՞ք լինելու է Լարսի ճանապարհի այլընտրանք, ապա վստահեցնում եմ ձեզ, որ այո, լինելու է։ Մնացածի մասին կխոսենք հետագայում, փակագծերը դեռ չեմ բացում։ Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք ինչպես Լարսի հարցի վերաբերյալ, այնպես էլ էներգետիկ միջանցքի»,- այն ժամանակ ասել էր Կարապետյանը։
Բայց Աբաշիձեի երեկվա հայտարարությունը վկայում է, որ դեռ վաղ է որեւէ պայմանավորվածությունների մասին խոսելը, ավելին` ռուս-վրացական առեւտրային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց Հայաստանի համար մեծ հեռանկարներ սպասելը: Ի վերջո, այս խնդիրը ռուս-վրացական քաղաքական հարաբերությունների դաշտից է, եւ կայացվելիք որոշումներն էլ կախված են լինելու նրանց քաղաքական հարաբերությունների մակարդակից: Իսկ երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունները դեռեւս շատ հեռու են այնքան բարիդրացիական համարվելուց, որ դրանից շահի նաեւ Հայաստանը: Այնպես որ, Հայաստանը դեռ երկար է սպասելու դեպի ՌԴ այլընտրանքային ճանապարհներին: Իսկ մինչ այդ իշխանությունների ոգեւորությանը հիասթափություն է սպասվում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԹԱԼԱՆՈՒՄ Է ՈՉՆՉԻ ԴԻՄԱՑ
Թվում էր, թե մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպմամբ զբաղվող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը մեծ շուքով պետականացվելուց եւ Երեւանի քաղաքապետարանին հանձնելուց հետո վարորդների բեռը վերջնականապես կթեթեւանա, ու մարդկանց համար պայմանները կբարելավվեն: Բայց արի ու տես, որ հակառակն է եղել. ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի ղեկավարած քաղաքապետարանը պարզապես փորձում է մտնել վարորդների գրպանը՝ դե ֆակտո թանկացնելով ավտոկայանատեղիների վարձավճարները: Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 1-ից սկսած 5045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիի վճար կատարելիս քաղաքացու հեռախոսահամարի հաշվից կգանձվի 748 դրամ գումար, որից 500 դրամը որպես ավտոկայանատեղիի վճար, 124.6 դրամը` միջնորդավճար, 123.4 դրամը` ԱԱՀ: Իսկ եթե վարորդները չեն ցանկանում միջնորդավճարը մուծել, պետք է վճարումն իրականացնեն ոչ թե բջջային հեռախոսների միջոցով, այլ տերմինալներով, որոնք չեն գանձում գումարը: Բայց տերմինալները տեղադրված են Երեւանի բանուկ հատվածներում՝ քաղաքի կենտրոնում, իսկ շատ վայրերում դրանք չկան, արդյունքում վարորդները հայտնվում են անհարմար դրության մեջ: Իսկ հիշո՞ւմ եք՝ նախընտրական շրջանում ինչ խոստումներ էր տալիս Տարոն Մարգարյանը, բայց պարզվում է՝ այս ամենը ընդամենը գովազդ էր, այն էլ՝ անբարեխիղճ գովազդ, քանի որ ընտրություններից շատ չանցած՝ մտել են վարորդների գրպանը՝ փորձելով ետ բերել ընտրակաշառքի ու նախընտրական այլ նպատակներով ծախսած գումարները, մյուս կողմից մի կերպ լցնելով համայնքային բյուջեն: Մինչդեռ հիշեցնենք, որ քանի դեռ «Փարկինգ սիթի սերվիս»-ը մասնավոր էր, ինքն էր վճարում այդ միջնորդավճարներն ու ԱԱՀ-ն:

 

 

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԱՌՆԵՏՆԵՐԸ
Մինչ ընտրությունների ժամանակ թաղային լածիրակները իշխանությունների օգտին անարգել ընտրակաշառք են բաժանում, մինչ հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում անխոչընդոտ իրար վրա են կրակում քրեական տարրերը, դանակահարում կամ պարզապես ծեծկռտուք սարքում, մինչ օրենքով գողերը Հայաստանի տարածքում «սխոդկաներ» են կազմակերպում, ՀՀ ոստիկանությունը զբաղված է իշխանությունների քաղաքական պատվերը կատարելով, օրինակ՝ դատարանում «Սասնա ծռեր» խմբավորման ամբաստանյալներին խոշտանգելով, «աղիքները թափել» սպառնալով: Միաժամանակ այս կառույցը շարունակում է լուրջ բեռ հանդիսանալ ՀՀ պետական բյուջեի վրա, ընդ որում, տարեցտարի ավելացվում են ոստիկանությանը հատկացվող գումարների չափերը: Հասկանալի է՝ «հաշվետու տարվա» ընթացքում իշխանություններին մատուցած ծառայությունների չափով: Դրա համար էլ այս կառույցն անխնա ծախսեր է անում, օրինակ՝ ախտահանման ու մակաբույծների ոչնչացման անվան տակ այս տարվա ընթացքում ծախսվել է 8.1 մլն դրամ կամ մոտ 17 հազար դոլար:
Հետաքրքիր է՝ ի՞նչ մակաբույծներ են, որոնց ոչնչացումն այդքան թանկ արժի. երեւի հույժ վտանգավոր:

 

 
ԿՆՇԱՆԱԿՎԻ
Վրացական աղբյուրներից ArmLur.am հայտնի է դարձել, որ Վրաստանում ՀՀ դեսպան է նշանակվելու «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Ենթադրվում է, որ Սերգեյ Մինասյանի՝ Վրաստանում ՀՀ դեսպան նշանակելու մասին հրամանագիրը կստորագրվի մոտ օրերս: Մինասյանին դեսպան նշանակելու գործընթացն ընթացքի մեջ է: Վրաստանում հայկական համայնքի ներկայացուցիչների մեծ մասը ոգեւորված է այս լուրով, քանի որ լավ ճանաչում են Մինասյանին եւ նրան համարում զարգացած ու կիրթ անձնավորություն:

 

 

ՈՉԻՆՉ ՉԻ ՏԱ
Ըստ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի՝ դիվանագիտական աշխատանք կատարելու համար պետությունն առաջին հերթին պետք է ունենա հստակ քաղաքականություն, արտաքին քաղաքական օրակարգ: Նրա փոխանցմամբ՝ դեսպանների նշանակումը ուղղակի նշանակում է, որը պետությանը խոշոր հաշվով ոչինչ չի տա: Հիշեցնենք, որ նախօրեին Սերժ Սարգսյանի հրամանագրերով Լեւոն Մարտիրոսյանը նշանակվել է Կանադայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, իսկ Ալեքսանդր Արզումանյանը՝ Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

 

 

ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆՎԱԶԵՑՆԵԼ
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կառավարության հերթական նիստին ներկայացրեց ՀՀ պետական եւ տարածքային կառավարման մամինների ենթակայությամբ գործող թատերահամերգային, թանգարանային, սպորտային կազմակերպությունների եւ ժամանցային կենտրոնների էլեկտրոնային տոմսերի տեղեկատվական-հաշվարկային միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման, ներդրման եւ սպասարկման ծառայությունների գնման մրցույթի անցկացման կարգը եւ նշված համակարգի ստեղծման եւ ներդրման ժամանակացույցը:
Այսպիսով՝ նախագծով էլեկտրոնային տոմսերի վաճառքի միասնական ավտոմատացման միջոցով նախատեսվում է նվազեցնել տոմսային տնտեսության վարման հետ կապված հարկային դաշտում առաջացած ռիսկերը: Նախարարն ասաց, որ նման կերպ հնարավոր կլինի կարգավորել ու վերահսկել տոմսերի գնման գործընթացը, ցանկացած տեղեկատվություն ստանալ, մանրամասն վիճակագրություն իրականացված տոմսերի ծավալների, նշված համակարգին միացած յուրաքանչյուր տնտեսվարողի գործունեության մասին:




Լրահոս