ՀԷՑ-ը գրավադրում է բաժնետոմսերի 70 տոկոսը. ի՞նչ է սպասվում սպառողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն գրությամբ դիմել է ՀՀ կառավարություն եւ խնդրել է համաձայնություն տալ գրավադրել ընկերության կանոնադրական կապիտալի մոտ 70 տոկոսը կազմող բաժնետոմսերը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ գրավադրման նպատակը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) եւ Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) վարկային միջոցներ ներգրավելն է:

Այսինքն` որպես ապահովման միջոց` կգրավադրվի սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող ՀԷՑ-ի կանոնադրական կապիտալի 69,9999594 տոկոսը կազմող` 172 հազար 496 հատ սովորական բաժնետոմսերը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունն առաջիկայում կհաստատի ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավադրման պայմանների համաձայնությունը: Իսկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կստորագրի այս համաձայնությունը:

Տեղեկացնենք, որ ՀԷՑ-ը նախատեսում է 80 մլն դոլարի չափով վարկ վերցնել «Ասիական զարգացման բանկից»: Նշված գումարով ՀԷՑ-ը մտադիր է բարելավել Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխումը եւ նպաստել էներգետիկ անկախության եւ արդյունավետության բարձրացմանը: Սակայն ընկերության կողմից վարկ վերցնելը լուրջ մտահոգությունների առիթ է դարձել ոչ միայն մասնագետների, այլեւ ՀՀ քաղաքացիների մոտ: Մարդիկ համոզված են, որ ՀԷՑ-ն այս վարկը մարելու է մեր` սպառողներիս հաշվին:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս